ԱԴՐԲԵՋԱՆԸ ԾԱՆՐԱՑՆՈՒՄ Է ՃՆՇՈՒՄԸ ՄԵԶ ՎՐԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ` պարզելու համար, թե ինչ ակնկալիք ունեին Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցից: Ըստ Սամսոնյանի` գլխավոր հարցը գերեվարված անձանց վերադարձի հարցն էր, որն այդպես էլ Փաշինյանին չհաջողվեց լուծել: Ըստ մեր զրուցակցի՝ իշխանությունները սպառել են իրենց ու պետք է հեռանան:

 

-Մոսկվայում կայացավ Ալիեւ-Փաշինյան-Պուտին հանդիպումը, որի գլխավոր հարցը՝ գերիների մասին, լուծում չստացավ: Ձեր դիրքորոշումը ո՞րն է հանդիպման հետ կապված: Ի՞նչ էիք ակնկալում, որն այդպես էլ տեղի չունեցավ:

-Մեր ակնկալիքը հենց ռազմագերիների հարցի լուծումն էր, որովհետեւ, եթե դիտարկենք հայտարարության տեսանկյունից, ռազմագերիների հայրենադարձման հարցը 8-րդ կետն է, ճանապարհների կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը 9-րդ կետն է: Մինչեւ այսօր նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը եւ դրա իրագործումը տեղի է ունեցել կետ առ կետ, այսինքն՝ հերթով, ժամանակացույցով: Բոլոր կետերը եղել են ի օգուտ Ադրբեջանի, մենք հանձնել ենք բոլոր այն շրջանները, որոնք նշված են եղել հայտարարության մեջ: Մենք բազմիցս ասում էինք, որ քանի որ Ադրբեջանը շարունակ շահարկում է ռազմագերիների հարցը եւ օգտագործում է որպես ճնշման գործիք Հայաստանի վրա, ողջամիտ կլիներ, որպեսզի տարածքների մեկ կամ երկու շրջանը հանձնելուց առաջ ռազմագերիների վերադարձման պարտավորությունը Ադրբեջանը իրագործեր: Դա տեղի չի ունեցել: Մենք այսօր ականատես ենք լինում, որ Ադրբեջանը մեր 62 ռազամագերիներին միջազգային կառույցներում ներկայացնում է որպես դիվերսանտներ, որպես ահաբեկիչներ: Այսինքն՝ այս հարցը ավելի է ծանրացնում ճնշումը մեզ վրա ուժեղացնելու համար: Մոսկովյան այցից գլխավորապես սպասելիքը դա էր, որ 8-րդ  կետը կիրագործվի, նոր կողմերի միջեւ կլինեն այլ պայմանավորվածություններ: Բայց, փաստորեն, հերթական անգամ մենք ականատես եղանք, որ Ադրբեջանը օրակարգը առաջ քաշեց եւ հաջողեց, այսինքն 9-րդ կետի շուրջ տեղի ունեցան քննարկումներ, եւ ստորագրվեց հայտարարություն, սակայն ռազմագերիների հարցը մնաց չլուծված: Մենք կարող ենք հասկանալ, որ 62 ռազմագերիներին, որոնց հայտարարել են դիվերսանտներ, նրանց կալանավորել են, նրանց նկատմամբ տեղի կունենան քննչական գործողություններ: Բայց մենք ունենք նաեւ այլ ռազմագերիներ, որոնց հարցը պետք է լուծում ստանար:

Ի վերջո, սա մարդասիրական հարց է, եւ, մյուս կողմից, անհասկանալի է, թե ինչպես կարող են երկու պետություններ խոսել ճանապարհների շրջափակումից, որովհետեւ, ըստ երեւույթին, դա նշանակում է փոխհամագործակցություն, նաեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում: Բայց դա ինչպե՞ս կարող է տեղի ունենալ, երբ Ադրբեջանը չի կատարում իր պարտականությունը մեր ռազմագերիներին հայրենադարձնելու:

-Տիկի՛ն Սամսոնյան, եթե Ալիեւն իր հայտարարության  մեջ նշում է, որ այսուհետ պետք է ապրել որպես հարեւաններ, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ մեր գերիներին վերադարձնելու հարցը  չի իրականացնում, ինչո՞ւ է շարունակում այսպես լարված պահել իրավիճակը: Գուցե ինչ-որ այլ նպատակ կա հարեւան երկրի օրակարգում:  Հնարավո՞ր է՝ առաջիկայում նոր պատերազմի են նախապատրաստվում, կամ այլ օրակարգ ունի Ադրբեջանը: Ի՞նչ հասկացաք Ալիեւի հայտարարությունից:

-Մի կողմից՝ Ադրբեջանը՝ ի դեմս նախագահ Ալիեւի, անում է հայտարարություններ, որոնք պարունակում են ագրեսիա եւ սադրանք Հայաստանի Հանրապետության նկատմամբ, բայց, մյուս կողմից, երբ անհրաժեշտ է իր օրակարգը առաջ քաշելու, իսկ իր օրակարգն է հայտարարության 9-րդ կետը՝ ապահովել Ադրբեջանի Հանրապետության եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ կապը, ստեղծել կոմունիկացիներ, այս դեպքում արդեն Ալիեւը խոսում է հանրեւանության մասին: Անհասկանալի է՝ ինչպես կարող է երկու երկրների միջեւ լինել հարեւանություն, երբ մյուս երկիրը, որը պարտավոր է պատերազմից հետո վերադարձնել ռազմագերիներին, շարունակում է  ճնշել այդ հարցով:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԱՊԱԼՎԱԾ Է

Հայկական օրակարգը Մոսկվայում տապալվել է. այսպես է արձագանքում խորհրդարանական ընդդիմությունը երեկ Մոսկվայում ընդունված հայտարարությանը, որը ստորագրել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ հայկական կողմը այդ հանդիպումից ընդամենը մեկ առաջնային ակնկալիք ուներ՝ ռազմագերիների վերադարձի պայմանավորվածությունը սեղմ ժամկետներում, ինչը, սակայն, տեղի չունեցավ. «Թշնամու օրակարգը ճշգրտորեն իրականացվում է այսօր։ Հայկական օրակարգը չի իրականացվում։ Ինչո՞ւ։ Որովհետեւ պարտության սիմվոլը շարունակում է գնալ խոսալ։ Նոյեմբերի 10-ին եւ նոյեմբերի 14-ին, երբ որ «Լուսավոր Հայաստանը» իր ճանապարհային քարտեզը հրապարակեց, մեր ամբողջ արգումենտացիան դրա վրա էր կառուցված։ Ո՛չ հայհոյանք կար, ո՛չ դավաճան, ո՛չ էս, ո՛չ էն, ամբողջ արգումենտացիան մեր կառուցված էր այ էս փաստի վրա, որ դուք չեք կարողանալու գնալ եւ բանակցել եւ ստանալ պրոհայկական լուծումներ անորոշ հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ որոշակի հարցերի վերաբերյալ։ Անորոշ հարցերը սահմանային դեմարկացիան էր, որ ասում էին դեմարկացիա չի, Վլադիմիր Պուտինի խոսքում շեշտվեց, որ դա դեմարկացիա է, եւ որոշակի հարցերն էլ ռազմագերիների հարցերն են»։

«Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ այս փաստաթուղթը եւս վկայում է, որ Փաշինյանը չի կարող բանակցություններում ներկայացնել հայկական կողմի շահերը։ Զոհրաբյանը հիշեցրել է, որ մինչեւ հանդիպումը Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ ընդգծել էր, որ հայկական կողմի առաջնահերթությունն է նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործումը, այն է՝ գերիների, պատանդների եւ զոհվածների մարմինների փոխանակում։ Սակայն այս մասին, ընդգծում է ընդդիմադիր պատգամավորը, համատեղ հայտարարության մեջ ոչինչ չի ասվում. «Անգամ վստահ եմ, որ ինքը անգամ էդ չորսժամյա փակ քննարկումներում Ալիեւի հետ չի էլ բարձրացրել, կամ Ալիեւը միանգամից փակել է ռազմագերիների թեման։ Ինչո՞ւ եմ վստահ։ Որովհետեւ Ալիեւը եւ այնուհետեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարը, այնուհետեւ Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցիչը արդեն հաստատել են՝ վերջին գերեվերված 62 գյումրեցիներին համարելով դիվերսանտներ։ Նիկոլ Փաշինյանը տարվեց Մոսկվա ընդամենը մեկ բանի համար, որպեսզի ինքը ստորագրի Ադրբեջանի համար կենսական կոմունիկացիաների ապաշրջափակման եւ տրանսպորտային արտերիաների ապաշրջափակման հարցը»:

 

 

ԳՆԱՃ ԵՎ ԳՆԱՆԿՈՒՄ

Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առեւտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (04.01.2021թ.) համեմատ, արձանագրվել է 17 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 12 գնաճ եւ 5 գնանկում:  Արցախի հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի մասնագետների կողմից այս տարվա  հունվարի 11-ին իրականացրած դիտանցման արդյունքում արձանագրվել է, որ մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է. սոխ՝ 1 կիլոգրամը՝ 50 դրամով, կաթնաշոռ՝  100գրամը՝ 11 դրամով, կաթ՝ 1լիտրը՝ 19 դրամով, բժշկական ձեռնոց՝ զույգը՝ 3 դրամով, վարունգ՝ 1կգ՝ 50 դրամով, թթվասեր՝ 200 գր՝ 11 դրամով, մածուն՝ 500գր՝ 10 դրամով, ոսպ՝ 1կգ` 26 դրամով, շաքարավազ՝ 1կգ` 4դրամով, պանիր «Չանախ»՝ 1կգ` 21 դրամով, թեյ՝ 100 գր` 4 դրամով, ալյուր՝ 1կգ` 1 դրամով: Միջին գնանկում արձանագրվել է. ադամաթուզ՝ 1կգ` 100 դրամով, մակարոն՝ 400 գր` 5 դրամով, բրինձ՝ սպիտակ երկարահատիկ՝ 1 կգ` 6 դրամով, ձու՝ 1 հատ` 1 դրամով, կարագ՝ 200 գրամ` 9: Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ առկա են գնաճի դեպքում` կաթնամթերքի շրջանառության ոլորտում («Կաթ», «Թթվասեր», «Կաթնաշոռ», «Մածուն»), իսկ գնանկման դեպքում` «Ադամաթուզ» եւ «Հավի ձու» ապրանքային շուկաներում:

 

 

ԿՐԵՄԼԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է

Մինչ Մոսկվա մեկնելն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւն ընդունել են ռուսաստանցի բժիշկներին: Այս մասին «ԽՏՎՎպՐրՈվՑՖ»-ին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Միեւնույն ժամանակ Պեսկովը չի հայտնել բժիշկների այցի նպատակը՝ հղում անելով նրան, որ վերջիններս մինչեւ հունվարի 16-ը արձակուրդի մեջ են:

 

 

ՔՐԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԱՑՈՒՄ

Գյումրիում վեց տարի սպանված Ավետիսյանների ժառանգները պահանջում են քրեական գործի վերաբացում, խնդրում ֆինանսական աջակցություն՝ բնակարանի վերանորոգման եւ քննությունը ՄԻԵԴ տեղափոխելու համար։  Ավետիսյանների դուստրերը կայացված դատավճիռը համարում են ոչ հավաստի: Նրանք բարերարներից էլ խնդրում են վերանորոգել հայրական տունը:

 




Լրահոս