101-ԱՄՅԱ ՏԱՏԻԿԸ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կյանքի մայրամուտում գտնվող 101-ամյա Ելենա Նազարյանն ահազանգում է, որ իրեն արհամարված եւ անտարբերության մատնված է զգում իր իսկ հարազատ հողում: 101-ամյա տատիկը անցել է դաժան եւ վաստակաշատ ուղի, մասնակցել է Առաջին  համաշխարհային պատերազմին, արժանացել է աշխատանքի հերոս կոչման, որպես բուժքույր՝ մեծ ավանդ է ունեցել պատերազմի ընթացքում: Եվ ինչպես ինքն է նշում, ամեն զինվորի հետ լաց է եղել, ամեն զինվորի հետ ցավ է ապրել, եւ հիմա, երբ արդեն պետք է վայելեր իր աշխատանքի արգասինքները, արժանացել է անտարբերության պետության կողմից:

 

Մայր եւ որդի ապրում են վարձով անմխիթար պայմաններում: Ստացած թոշակն էլ վճարում են տան վարձավճար, իսկ գոյության պահպանման այլ միջոցների մասին պարզապես անիմաստ է խոսելը:

«Ծնվել եմ 1919 թվականին, շուտով կլինեմ 102 տարեկան: Շատ դժգոհ եմ մեր պետությունից, քանի որ այսքան տարիների ընթացքում ոչ մի օգնություն ինձ չեն ցուցաբերել: Պուտինն ինձ գտել է եւ որպես աշխատանքի հերոսի պարգեւատրում է ուղարկել, իսկ մեր պետության կողմից միայն արհամարհանք եմ տեսել: Եղել եմ բուժքույր, գիշեր-ցերեկ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ աշխատել եմ  զինվորների համար, իրենց ցավով ապրել եմ, լաց եմ եղել: Այսքան տարի աշխատելուց հետո, այսքան տանջանքների միջով անցնելուց հետո պետությունը ինձ ոչ մի բանով չի աջակցել, թողել է միայնակ: 30 տարի դիմում եմ տարբեր կառույցների, որպեսզի օգնեն բնակարան ձեռք բերել, արդյունքում միայն ստացել եմ  սուտ պատասխաններ: Թոշակս ստանում եւ հազիվ կարողանում  եմ  տան վարձավճարը վճարել, հետո էլի սոված-ծարավ նստում ենք, ցամաք հաց լինում է, ուտում ենք»,- այս մասին 101-ամյա տատիկը պատմում է ArmLur.am-ի հետ զրույցում:

Ցավալի նույն իրավիճակում է գտնվում  նաեւ վերջինիս որդին՝ Կարեն Մաթեւոսյանը, ով երկրորդ կարգի հաշմանդամ է, գրեթե անկողնային վիճակում:

«Պատերազմի մասնակից, աշխատանքի վետերան մորս ոչ մեկը հաշվի չառան: Մորս 100-ամյակը լրացավ, կրկին դիմեցինք, բայց էլի ուշադրություն չդարձրեցին, փոխանցեցին, որ միջոցներ չունեն: Հարց եմ տալիս՝ պարգեւավճարներ տալու միջոցներ ունեն, մորս 100-ամյակի համար միջոցներ չունե՞ն, մի սենյակ չե՞ն կարողանում տրամադրել, որպեսզի ապրենք»,- հավելում է մեր զրուցակիցը:

Այսպիսով, նկատենք, որ թեեւ 101-ամյա տատիկն ու որդին երկար տարիներ է՝ դիմել են տարբեր կառույցներին իրենց ուշադրություն դարձնելու եւ բնակարանով ապահովելու համար, սակայն ապարդյուն: Եվ մինչ մեր կառավարությունն անտեսում է իր քաղաքացիներին եւ նպատակահարմար չի գտնում մինիմալ կեցության պայմաներով ապահովելու, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեռեւս նախորդ տարի 101-ամյա տատիկին պարգեւատրել է անձնվեր աշխատանքի համար:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԿԱԶԵՄԻՐՈՆ՝ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ

KPMG հոլանդական աուդիտական ընկերությունը ներկայացրել է Եվրոպայի թոփ-5 առաջնությունների (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) ակումբների ֆինանսական գնահատականները: Մադրիդի «Ռեալի» կազմը գնահատվում է 874,2 միլիոն եվրո: Արքայական ակումբի ամենաթանկ ֆուտբոլիստն է բրազիլացի կիսապաշտպան Կարլոս Կազեմիրոն, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 72,6 միլիոն եվրո: Բրազիլացուն հաջորդում են ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանն (70,2) ու բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան (67,9): Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» կազմը գնահատվում է 1,094 միլիարդ եվրո: Ամենաթանկ ֆուտբոլիստը Մոհամեդ Սալահն է (122,2), որին հաջորդում են Սադիո Մանեն (120) ու Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը (107,1): Մյունխենի «Բավարիայի» ամենաթանկ խաղացողն է գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին (99,8), Յոզուա Կիմիխը (98,3) երկրորդն է, եռյակը եզրափակում է Լերոյ Սանեն  (85,8). Գերմանիայի չեմպիոնի կազմը գնահատվում է 943,4 միլիոն եվրո: 734,8 միլիոն եվրո արժողությամբ կազմ ունեցող Թուրինի «Յուվենտուսի» ամենաթանկ խաղացողներն են Մատեյս դե Լիգտը (90), Պաուլո Դիբալան (65,2) ու Կրիշտիանու Ռոնալդուն (63,2):

Ֆրանսիական ՊՍԺ-ի կազմը գնահատվում է 806,6 միլիոն եվրո: Ամենաթանկ խաղացողներն են Կիլիան Մբապեն (200), Նեյմարը (125) եւ Մարկինյոսը (59,9): KPMG-ն ֆուտբոլիստների տրանսֆերային գները գնահատել է սեփական մեթոդաբանությամբ:

 

 

 

ՄԱՐԶԻՉԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Անգլիայի առաջնության 18-րդ տուրի խաղում «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ արտագնա հաղթանակը 2։1 հաշվով։ «Գիտեինք, որ բարդ հանդիպում է ստացվելու այստեղ: Ցուցադրեցինք այն խաղը, որը ծրագրում էինք: Առանց Ռիշարլիսոնի ու Կալվերտ-Լյուինի մեր տակտիկան փոխվել էր: Փորձում էինք ավելի շատ գրոհել եզրերով, եւ դա աշխատեց: Մենք ավելի լավ ենք խաղում արտագնա խաղերում, քանի որ հիմա տանը չունենք երկրպագուների աջակցությունը, ինչը շատ կարեւոր է: Երբ մենք 2000 երկրպագուների աջակցության ներքո խաղացինք «Չելսիի» հետ, հասանք հաղթանակի»,-ասել է իտալացի մասնագետը: Հիշեցնենք, որ այդ հաղթանակից հետո «Էվերտոնը» 32 միավորով հավասարվել էր երրորդ տեղում ընթացող «Լեսթերին»։ Պրեմիեր լիգայի խաղերն առանց հանդիսականների են անցկացվում կորոնավիրուսի համավարակի պատճառով:

 

 

 




Լրահոս