Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է ԻՍԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի հայտարարություններին: «Հունվարի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները ԻՍԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Սալիմ բին Մուհամմեդ ալ-Մալիքի հետ հանդիպմանը գալիս են եւս մեկ անգամ ապացուցելու, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը լուրջ սպառնալիքի տակ է, եւ այդ պետությունը չի կարող լինել մշակութային ու կրոնական հուշարձանների պատշաճ պահպանության երաշխավորը:
Հայկական ժառանգության ինքնության խեղաթյուրումը «մշակութային թալանի» փորձ է, ինչը նաեւ համապատասխան միջազգային իրավական գործիքների կոպիտ ոտնահարում է:
Հայկական հազարավոր կրոնական եւ աշխարհիկ հուշարձանները արարվել են Ադրբեջանի ստեղծումից դարեր առաջ եւ որեւէ առնչություն չունեն ադրբեջանական ինքնության հետ: Այդ հուշարձանները հայ ժողովրդից օտարելու փորձերը չունեն ոչ մի պատմական, դավանաբանական եւ բարոյական հիմնավորում: Հատկանշական է, որ «աղվանացման թեզը» Ադրբեջանն առաջ է քաշել նաեւ Նախիջեւանի հայկական խաչքարների ոչնչացումն արդարացնելու նպատակով, ինչը ցույց է տալիս հայկական հուշարձանների ինքնության ոչնչացման եւ խեղաթյուրման գործելակերպի վտանգավորությունը:
Հայկական կամ տարածաշրջանի այլ ժողովուրդների քրիստոնեական ժառանգությունն աղվանական ներկայացնելու կեղծ գիտական թեզը Ադրբեջանից դուրս որեւէ լուրջ շրջանառում չունի եւ ընկալելի չէ միջազգային ակադեմիական հանրության համար:
Հատկանշական է նաեւ, որ նախագահ Ալիեւը հայտարարությունն արել է կրթության, գիտության եւ մշակույթի հարցերում իսլամական կազմակերպության գլխավոր տնօրենի ներկայությամբ եւ փորձել է կրոնական երանգ տալ մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին: Խաթարելով միջազգային հանրության ջանքերը` ուղղված Արցախի մշակութային ժառանգության պահպանմանը՝ Ադրբեջանը շարունակական խնդիրներ է ստեղծում միջազգային մասնագիտական կառույցների, նախեւառաջ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար՝ մուտք գործելու տարածաշրջան՝ վերջինիս մեղադրելով կողմնապահության մեջ: Այնինչ իրականում Ադրբեջանն է անպատասխանատու կերպով շահարկում կրոնական գործոնն այն պարագայում, երբ Հայաստանը մշտապես հանդես է եկել միջկրոնական երկխոսության եւ քաղաքակրթական համագործակցության դիրքերից՝ մշակութային ժառանգությունը համարելով համամարդկային եւ համընդհանուր արժեք:
Ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված բազմաթիվ հայկական պատմամշակութային եւ կրոնական կոթողների պահպանությունը պետք է լինի խաղաղ գործընթացի կարեւոր մաս՝ հաշվի առնելով հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման անցյալի բազմաթիվ փաստերը։ Այս համատեքստում Ադրբեջանի ղեկավարությունը եւ պետական քարոզչամեքենան պետք է անհապաղ վերջ դնեն հայկական եկեղեցիների ինքնության յուրացման եւ խեղաթյուրման դատապարտելի մոտեցմանը եւ առնվազն ցուցաբերեն պատշաճ հարգանք մշակութային եւ կրոնական կոթողների նկատմամբ:
Հայ ժողովրդի մշակութային արժեքների յուրացումը կամ խեղաթյուրումը, հայ ժողովրդի իրավունքների ոտնահարումը չեն նպաստում տարածաշրջանային խաղաղությանը։ Այս առումով կրոնական սրբավայրերի պատշաճ պահպանությունը թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեւոր տեսակետից կարող է ստեղծել նախադրյալներ տարածաշրջանում խաղաղության համար»։
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ
Արցախի պաշտպանության բանակը ներկայացնում է պատերազմի հերոսական դրվագները: Փոխգնդապետ Մասիս Արթուրի Ավանեսյան. աչքի է ընկել գումարտակի ղեկավարման գրագետ գործողություններով, անձամբ խոցել է 1 տանկ եւ հակառակորդին պատճառել մարդկային զգալի կորուստներ:
Մայորներ Խաչիկ Կարապետի Մինասյանն ու Խաչիկ Արարատի Աղաբեկյանը, հմտորեն ղեկավարելով իրենց ստորաբաժանումները, հրետանու ճշգրիտ կրակով ոչնչացրել են հակառակորդի մեծաքանակ զրահապատ տեխնիկա եւ ավելի քան 50 հետեւակային:
Բուժծառայության կապիտաններ Նարեկ Սեդրակի Դալիբալտյանը, Ալեքսանդր Արկադիի Ղազարյանը, պահեստազորի սերժանտ Զորայր Արտուրիկի Ասրյանը, ծառայող Հռիփսիմե Ապրեսի Մարտիրոսյանը, պահեստազորի շարքայիններ Մարտիկ Լյովայի Ավագյանը, Մարտիկ Բորիկի Գրիգորյանն ու Արայիկ Շահենի Ավագյանը հակառակորդի կրակի տակ առաջին բուժօգնություն են ցուցաբերել եւ տարհանել բազմաթիվ վիրավորների:
Մայոր Էդգար Արտակի Կարապետյանը հակառակորդի կրակի տակ տարհանել է բազմաթիվ ռազմական տեխնիկա: Անձամբ ղեկավարելով տանկային վաշտերից մեկը հյուսիսային սահմանագոտում՝ վաշտի կազմով խոցել են հակառակորդի մեկ դիտակետ եւ հինգ տանկ:
Ավագ լեյտենանտ Տարոն Ազատի Արշակյանը իր մարտկոցով հյուսիսային ուղղությամբ կասեցրել է հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով կենդանի ուժի մեծ կորուստներ: Անձամբ ականանետով շարքից հանել է հակառակորդի մեկ տանկ՝ վնասելով եւս մեկը:
Լեյտենանտ Գայանե Գրիգորիի Գրիգորյանը, ենթասպա Եվգինե Ներսեսի Մարտիրոսյանը եւ կրտսեր սերժանտ-պայմանագրային Անահիտ Կամոյի Աբրահամյանը, դրսեւորելով խիզախություն, հաջողությամբ կատարել են իրենց առջեւ դրված մարտական խնդիրները:
Փոխգնդապետ Արթուր Վյաչեսլավի Սարգսյանը հակառակորդի հրետակոծության ժամանակ իրականացրել է սպառազինության եւ ռազմական տեխնիկայի մարտակարգերից տարհանումը, ինչպես նաեւ կազմակերպել զինամթերքի մատակարարման աշխատանքները:
396 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում հունվարի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 396 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 163972 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 619066, վերջին մեկ օրում` 2546 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 7952 պացիենտ. մեկ օրում նվազել է 91-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 152320 անձ, վերջին մեկ օրում՝ 471 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 2974 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 726 է: