ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԱՂԲՅՈ՞ՒՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կարանտինը 6 ամսով երկարաձգվել է, այն կգործի մինչեւ այս տարվա հուլիսի 11-ը։ Հիշեցնենք` նախորդ տարվա մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն էր, որը մի քանի անգամ երկարաձգվելուց հետո վերածվեց կարանտինային ռեժիմի։ Իսկ ի՞նչ է ենթադրում կարանտինային ռեժիմը. կան սահմանված պարտադիր պահանջներ, որոնցից են դիմակի կրումը, սոցիալական հեռավորություն պահպանումը՝ նվազագույնը 1.5 մետր, եւ այլն:

 

Բայց այս կանոնները հիմնականում թղթի վրա են մնացել եւ շատ դեպքերում չեն կատարվում անգամ բուժհաստատություններից շատերում: Մասնավորապես, որոշ լաբորատորիաներ, որտեղ մարդիկ կորոնավիրուսի թեստ են հանձնում, դարձել են վարակի տարածման աղբյուրներ: ArmLur.am-ը այս խնդրի շուրջ չի դադարում դժգոհություններ ստանալ քաղաքացիներից։ Այս անգամ քաղաքացիներին զայրացրել է «ԷկոՍենս» լաբորատորիան։

Մեր նկարահանող խումբը եղավ լաբորատորիայում եւ պարզեց, որ լաբորատորիայում կորոնավիրուսի թեստ են հանձնում ինչպես հիվանդները, այնպես էլ միանգամայն առողջ մարդիկ, որոնք պատրաստվում են մեկնել երկրից, եւ անհրաժեշտ է, որ ունենան վարակի բացասական թեստի պատասխան: Տեղում նկատեցինք, որ որեւէ տարանջատում չի արվում փաստաթուղթ ունենալու համար թեստ հանձնողների եւ իրական վարակակիրների միջեւ: Բոլոր մարդիկ իրար սերտ մոտիկ հերթ են կանգնած, եւ ռեալ վտանգ է առաջանում, որ հենց լաբորատորիան կարող է դառնալ վարակի տարածման աղբյուր:

ArmLur.am-ը եղավ «ԷկոՍենս»-ի Արաբկիր վարչական շրջանում գտնվող մասնաճյուղում, եւ պետք է նկատենք, որ մեր այցելության պահին պացիենտների մեծ մասը դրսում էին կանգնած՝ ցրտին, ձյան տակ՝ հաճախ բարձր ջերմություն ունենալով։ Մեզ հաջողվեց նաեւ ներս մտնել, ներսում եւս բավականին խիտ էին կանգնած մարդիկ, առանց սոցիալական հեռավորություն պահպանելու: Բայց սա միակ խնդիրը չէ, որ արձանագրեցինք: Նկատեցինք նաեւ, որ շատ քաղաքացիներին զայրացրել էր այն հանգամանքը, որ ժամերով հերթ կարող են կանգնել, իսկ երբ մոտենան բուժքրոջը՝ նմուշառում հանձնելու, պարզվի, որ չեն կարող թեստ հանձնել, քանի որ մի քանի կում ջուր են խմել կամ ծխախոտ են ծխել, եւ պետք է եւս 2-3 ժամ սպասեն, նորից վերադառնան թեստ հանձնելու: Չկա որեւէ ցուցանակ, որտեղ հստակ գրված լինի, թե ինչ է անհրաժեշտ մարդուն կորոնավարակի թեստ հանձնելու համար:

«Էկո Սենս» ախտորոշման կենտրոնի Նարեկ ներկայացած աշխատակիցը, անդրադառնալով քաղաքացիների կողմից բարձրաձայնած դժգոհություններին, ասաց՝ քաղաքացիները դրսում են սպասում, քանի որ, ըստ պարետի որոշման, պետք է սոցիալական հեռավորություն պահեն, փակ շենքում չեն կարող սպասել մարդիկ։ Իսկ թռիչքների հետ կապված հարցին ի պատասխան՝ կենտրոնի աշխատակիցն ասաց, որ իրենց մոտ չի տարանջատվում՝ մարդը թռնելու համար է հանձնում, թե եկել է հանձնի այլ պրոֆիլի կամ Covid-19-ի անալիզ։ Աշխատակցի խոսքերով՝ «ԷկոՍենս»-ը բժշկական ախտորոշիչ կենտրոն է, որտեղ մարդիկ գալիս, իրենց հերթի կտրոնը վերցնում են եւ սպասում։ Թե ինչ պայմաններում են սպասում, կարծես թե չի մտահոգում լաբորատորիայի տնօրինությանը։

Ի դեպ, տեղեկացնենք, որ պարետատունը, որպես այդպիսին, չի գործում, լիազոր մարմինը Առողջապահության նախարարությունն է։ Այս նախարարության աշխատակազմը ոչ մի վերահսկողություն չի իրականացնում ոլորտում։ Լուռ են նաեւ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնում, եւ մարդիկ կորոնավարակի հետ պայքարում մնացել են միայնակ: Ու հարց է առաջանում, թե ինչ իմաստ ունի կարանտինային ռեժիմի գոյությունը, եթե այն ձեւական է եւ, ըստ էության, չի պահպանվում: Այնուամենայնիվ, ArmLur.am-ը Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանից հետաքրքրվեց՝ ստուգայցեր իրականացնում են բուժհաստատություններում, թե ոչ։ Մեր հարցին ի պատասխան՝ Ավագյանն ասաց, որ օրական մոտավորապես 200 ստուգայց է լինում ամբողջ Հայաստանի տարածքով։ Պարզվում է՝ բուժհաստատությունները վարչական պատասխանատվության են ենթարկվում, անգամ արձանագրվել են դեպքեր, երբ տեսուչները երկրորդ անգամ են մտել տվյալ բուժհաստատություններ։

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ԿՍՏԵՂԾՎԻ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը Եւ աշխատակարգը հաստատելու մասին որոշում է ստորագրել:

«Քրեական գործերով պետությանը կամ համայնքին պատճառված վնասների վերականգնումը համապատասխան բյուջեներ արդյունավետ հաշվառելու, ինչպես նաեւ նշված ոլորտում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ պատշաճ հսկողական կամ վերահսկողական գործառույթներ իրականացնելու ընթացքում ծագած խնդիրների լուծման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ եւ հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

Հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

Աշխատանքային խմբի ղեկավարին. մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 1-ը քրեական գործերով պետությանը կամ համայնքին պատճառված վնասի վերականգնված գումարի հաշվառման, դրա տնօրինման ոլորտում ծագած խնդիրների կանոնակարգման նպատակով իրավական կարգավորումների վերանայման եւ դրանց գործնական կիրառման լուծումներով համակարգի վերաբերյալ եզրակացություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ»։

 

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՑՆՈՂՆԵՐ ՉՈՒՆԵՆՔ

«Մենք չենք պնդել, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին հասցրել են ինքնասպանության, պնդել ենք, որ քրգործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու առերեւույթ դեպքի առթիվ, որովհետեւ այդ պահին այլ հոդվածով  չէինք կարող գործ հարուցել»,- ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը: «Նախաքննությունը շարունակվում է, այս պահին ինքնասպանության հասցնողներ չունենք, իսկ գործի հետ կապված, եթե հարազատները կդիմեն, որ տվյալներ հրապարակենք, մեծ սիրով կհրապարակենք»,- ասել է նա: Այն հարցին, թե նոր հանգամանքներ այդ գործով ի հայտ եկել են, Մելիքյանը պատասխանել է. «Հաստատապես հիմնավորվել է, որ ինքնասպանության դեպք է տեղի ունեցել՝ ոչ միայն քննչական գործողությունների արդյունքներով, այլ նաեւ փորձաքննության արդյունքներով»: Նա գործի վերաբերյալ տվյալներ չհրապարակելը  պայմանավորեց հարազատների դիմելու փաստով. «Իսկ տեւողությունը պայմանավորված է քննչական գործողությունների ծավալով եւ փորձաքննությունների կատարման ժամկետներով»:

 

 

 

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ ԿՀԵՇՏԱՆԱ

Կառավարությունը փոփոխություն է կատարել «Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» որոշման մեջ: Ըստ այդմ, կառավարութունը հաստատեց ֆիզիկական անձի ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու նպատակով ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները:

Հարցը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը. «Այս փոփոխությամբ վերանայել ենք ֆիզիկական անձի կողմից առանց օրինական տիրապետողի թույլտվության անշարժ գույքի տարածք ներխուժելու դեպքում սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները: Մասնավորապես, խնդիր էր  առաջանում ներկայումս ոստիկանության կողմից այդ ներխուժումը վերացնելու լիազորության հետ կապված, որովհետեւ առաջանում էին փոխկապակցված այլ հարցեր: Հաճախ ներխուժումն ուղեկցվում էր նաեւ շարժական գույքի տեղադրմամբ, եւ խնդիր էր առաջանում, թե ինչպես պետք է այդ հարցերը կարգավորվեն: Այս նախագծով մանրամասն կարգավորել ենք թե՛ ոստիկանությանը դիմելու, թե՛ լիազորելու կարգն ու պայմանները, թե՛ մանրամասնել ենք իրավունքներն ու պարտականությունները ներխուժումը վերացնելիս: Ի թիվս դրա՝ կարգավորվել է նաեւ պետությանը եւ համայնքին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի տարածքում շարժական գույք տեղադրելու դեպքում  կրկին նման նեփականության իրավունքի խախտման վերացման մեխանիզմները կրկին ոստիկանության միջոցով»,- նշել է նա:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է այս որոշումը՝ ընդգծելով, որ այս ընթացքում բախվել են դեպքերի, երբ ուրիշին պատկանող սեփականության նկատմամբ կատարվել է ոտնձգություն. «Բոլորը սա ընդունում են, այսինքն՝ չկա բանավեճ, որ այդ սեփականությունը պատկանում է X մարդուն, բայց Y մարդը որոշակի ոտնձգություն է կատարել նրա նկատմամբ, բայց սեփականությունը վերադարձնելու հետ կապված առաջանում են բազմաթիվ ընթացակարգային խնդիրներ: Փաստացի ստացվում է, որ լուռ  համաձայնություն կա, որ ապօրինություն է տեղի ունեցել, բայց այդ ապօրինությունը վերացնելու համար կարող են երբեմն տարիներ պահանջվել՝ դատական ընթացակարգերով եւ այլն: Հիմա փորձում ենք հնարավորինս հեշտացնել հարցը, որ նման բարդություններ չծագեն»,- ասել է վարչապետը:

 

 

 




Լրահոս