Երեկ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը՝ 84 «կողմ», 7 «դեմ» ձայների համամասնությամբ։
Armlur.am-ը տեղեկացավ, որ չնայած այն բանին, որ խորհրդարանն այն ընդունել է, օրենքը պետք է հաստատի Երեւանի ավագանին: Իսկ ավագանին դեռեւս նիստ չունի, նախատեսված է առաջին նիստն իրականացնել փետրվարի 9-ին: Իսկ խորհրդարանում ընդունված օրենքի համաձայն՝ ավտոկայանատեղիի վճարների դրույքաչափերը սահմանում են ըստ կայանատեղի, Երեւան քաղաքում` ըստ վարչական շրջանների, այդ թվում` վարչական շրջաններում նաեւ գոտիավորման սկզբունքով, ըստ տրանսպորտային միջոցի տեսակի, ըստ վերջինով իրականացվող գործունեության բնույթի, ըստ օրերի եւ օրվա ժամերի, ըստ շաբաթների, ամիսների եւ տարվա:
Ընդ որում, համայնքի ավագանին կարող է սահմանել կանխավճարային կտրոնային համակարգ։ Այսինքն՝ Երեւանի 10 վարչական շրջաններում կվերանան «կարմիր գծերը», դրանք կլինեն միայն Կենտրոն վարչական շրջանում եւ Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում, ինչպես նաեւ քաղաքացիները կտուգանվեն միայն այն դեպքերում, երբ կլինի խախտումը հավաստող 15 րոպե տեւողությամբ տեսանյութ։
Օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ սահմանվում են ավտոկայանատեղի վճարի դրույքաչափերը, նշվում է, որ ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղիում կայանելու համար գանձվում է վճար հետեւյալ դրույքաչափերով`
- l յուրաքանչյուր մեկ ժամվա համար` մինչեւ 300 դրամ ներառյալ,
- l ուրաքանչյուր մեկ օրվա համար` մինչեւ 2 500 դրամ ներառյալ,
- l մեկ շաբաթվա համար` մինչեւ 5 000 դրամ ներառյալ,
- l մեկ ամսվա համար` մինչեւ 25 000 դրամ ներառյալ,
- l մեկ տարվա համար` մինչեւ 300 000 (100 000 դրամի փոխարեն) դրամ ներառյալ:
Իսկ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղիում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելը կամ առանց հաշվառման համարանիշի կամ հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակված վիճակում կայանելը առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով։
Նշենք նաեւ, որ այս ամենը դեռեւս այնքան ժամանակ չի կիրառվելու, մինչեւ Երեւանի ավագանին այն չհաստատի: Բայց խնդիրը նաեւ այն է, որ ներկայիս իշխանությունները խոստացել էին վերացնել «կարմիր գծերը» ամբողջ Երեւանում, սակայն ստացվում է, որ Երեւանի կենտրոնը, որն ամենածանրաբեռնված է, շարունակելու է նույն գործելաոճը, ինչը լուրջ դժգոհություններ է առաջացրել:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր երդմնակալության արարողության օրը՝ 2018 թ. հոկտեմբերի 13-ին, հայտարարել էր, թե վճարովի կայանատեղիները չեն վերանա, քանի որ այդ գումարները գնում են քաղաքային բյուջե, եւ խնդիրներ են լուծվում դրանով։ Ու ստացվում է, որ քաղաքի գերծանրաբեռնված հատվածը կրկին այդ գումարները վճարելու է, քանի որ այլ վարչական շրջաններում քաղաքացիները միշտ էլ շատ քիչ են օգտվել «կարմիր գծերի» ծառայությունից:
Oրենքը լրացվել է նոր` 16.1. հոդվածով.
«Հոդված 16.1. Էլեկտրոնային համակարգերով եւ տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները։
- Էլեկտրոնային համակարգերով եւ տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 16.2.-16.4.-րդ հոդվածներով:
- Անմիջականորեն իրականացվող հսկողության միջոցով հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթն իրականացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:
- Սույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղիի վճարը չվճարելու համար վարչական պատասխանատվության միջոցի կիրառում նախատեսող վարչական ակտի հասցեատեր են համարվում ավտոտրասպորտային միջոցի ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսանալու դեպքում տվյալ ֆիզիկական անձը, իսկ եթե ավտոտրասպորտային միջոցը իրավաբանական անձի, պետական (պետական մարմին, պետական հիմնարկ կամ որեւէ այլ կարգավիճակ ունեցող պետական կազմակերպություն) կամ համայնքային (համայնքային հիմնարկ, համայնքային կառավարչական հիմնարկ կամ որեւէ այլ կարգավիճակ ունեցող համայնքային կազմակերպություն) կազմակերպության սեփականություն է (պետական, համայնքային կազմակերպությունների մասով ամրակցված է), ապա այն անձը, որը իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի հաշվառում իրականացնող մարմնում խախտման կատարման պահին գրանցված է համապատասխանաբար տվյալ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար, պետական կամ համայնքային կազմակերպության ղեկավար կամ աշխատակազմի ղեկավար (քարտուղար)»:
Ս. Գ.
ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Հունվարի 25-ին տեղի կունենա Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը: Նման հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը ընդդիմադիր խմբակցություններինն է, սակայն նախորդ տարի նրանք չէին հասցրել իրականացնել այն, քանի որ սեպտեմբերի 27-ից Արցախում պատերազմ սկսվեց:
Եվ, ահա, արդեն այս նստաշրջանում ընդդիմադիր խմբակցություններն, ամեն դեպքում, որոշեցին նման նախաձեռնությամբ հանդես գալ: Հանձնաժողովի նախագահը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն է, փոխնախագահն էլ՝ «Իմ քայլը» խմբակցությունից Հերիքնազ Տիգրանյանը: Այն կունենա հետեւյալ կազմը՝ Արկադի Խաչատրյան (նախագահ), Հերիքնազ Տիգրանյան, Ալեն Սիմոնյան, Սուրեն Գրիգորյան, Ծովինար Վարդանյան, Հայկ Կոնջորյան, Հրաչյա Հակոբյան, Արտակ Մանուկյան, Արուսյակ Ջուլհակյան, Անի Սամսոնյան, Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան (անդամներ):
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 307-ով՝ հասնելով 165 հազար 528-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 5 դեպք: Այս ընթացքում, պաշտոնական տվյալներով, կորոնավիրուսի դեմ պայքարի համար իշխանությունները ծախսել են մոտ 50 միլիոն դոլար կամ 26 միլիարդ 491 միլիոն դրամ, որից շուրջ 25 միլիարդը պետբյուջեից է հատկացվել, մնացածը հանգանակության գումարներն են, որոնք փոխանցվել են Ֆինանսների նախարարության՝ Covid-ի դեմ պայքարի համար բացված հաշվեհամարին։
Covid 19-ի հետեւանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում քննարկվելու են, թե ինչպես է կառավարությունը կանխել համավարակի տարածումը, որքանով է արդյունավետ եղել բուժումը, արդյոք ձեռնարկվել են բավարար միջոցներ համավարակի հետեւանքները մեղմելու համար։ Քննարկվելու է նաեւ արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների սահմանափակման իրավաչափության հարցը։ Ընդդիմադիրների որակմամբ՝ իշխանությունը տապալել է այս գործընթացը, սակայն իշխանությունն այլ տեսակետ ունի:
ՎԵՐԱՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ ԵՆ
Արցախում երկարաձգվել են որոշակի ժամկետով հաշմանդամ ճանաչված անձանց՝ հաշմանդամության վերափորձաքննության ժամկետները։ Ըստ Արցախի աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարարության՝ եթե անձի հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը սահմանված էր 2020 թվականի ապրիլի 15-ից մինչեւ 2021 թվականի մարտի 1-ը, ապա նրա հաշմանդամության վերափորձաքննության ժամկետ է համարվում 2021 թվականի ապրիլի 15-ը։ Նշված անձանց կենսաթոշակները եւ դրամական այլ հատուցումները կշարունակվեն վճարվել՝ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի՝ մինչեւ 2020 թվականի ապրիլի 15-ը տված վարչական ակտի համաձայն: Ըստ այդմ, վճարումները կիրականացվեն նշված հաշմանդամության խմբի («հաշմանդամ երեխա» կարգավիճակի) համար հաշվարկված չափերով: Վերափորձաքննության ժամկետները երկարաձգելը պայմանավորված է 2020թ.-ի պատերազմական գործողություններով եւ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի գործունեության կասեցմամբ:
7,4 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
Կառավարությունը հավանություն է տվել «Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի նախագծին: Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ այս համաձայնագրով նախատեսվում է 7,4 մլն դոլարի տրամադրում: «Դեռեւս 2013թ. Հայաստանի եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրվել է 35 մլն դոլարին համարժեք ֆինանսավորման պայմանագիր, որով նախատեսված էին Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ եւ Վայոց ձորի մարզային հիվանդանոցի արդիականացման աշխատանքները, մասնավորապես՝ կառուցման շինարարական աշխատանքներ, բժշկական սարքավորումների եւ կահույքի ձեռքբերում։ 2020թ. մարտի 6-ին կատարված փոփոխություններով նախատեսվել էր Վայոց ձորի մարզի նոր մարզային հիվանդանոցի կառուցման եւ հագեցման աշխատանքները հանել Վարկային ծրագրից՝ հաշվի առնելով նախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքների բարձր արժեքը, ինչպես նաեւ փոխարժեքային տարբերության հետեւանքով առաջացած ֆինանսական կորուստները: Ըստ նախարարի՝ Մարտունու ԲԿ-ն ինտենսիվ կառուցման փուլում է, իսկ Վայոց ձորի ԲԿ-ի կառուցումը կսկսվի շուտով: «Երկու տեղում էլ նախկին ԲԿ-ները գտնվում են ոչ բարվոք վիճակում, եւ նոր ԲԿ-ների կառուցումը կնպաստի որակյալ ծառայություններ մատուցելուն»,- ասել է նախարարը՝ ավելացնելով, որ Մարտունու ԲԿ-ի կառուցումը կավարտվի 2022 թվականի սկզբին: