ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ՝ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱՐՑԻՆ Ի ՊԱՏԱՍԽԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դուք աշխատել եք «Բաց հասարակության հիմնադրամներ»-ում: Քանիցս հնչել են որակումներ, որ Սորոսի հիմնադրամը գործել է ՀՀ-ի դեմ։ Կուզենայի՝ հստակ ասեիք՝ գործելու եք հանուն ՀՀ-ի, թե ընդդեմ»: ԱԺ արտահերթ նիստում ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին հարց ուղղեց  ԱԺ անկախ   պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Իհարկե, ես գործելու եմ բացառապես հանուն Հայաստանի։ Բայց ասածս չի նշանակում, թե ես որպես իրողություն եմ ընդունում այն, որ հիմնադրամն այլ գործունեություն է իրականացրել։ Դուք էլ ասացիք, որ խոսակցություններ են դրանք։ Բնականաբար, դրանց ուժգնությունն ինձ չի կաշկանդում, խոսակցությունները չեն ազդում իմ նվիրվածության վրա։ Քանի դեռ խոսակցությունները փաստեր չեն, չէի ուզենա արձագանքել»,-պատասխանեց Դավիթ Խաչատուրյանը, ապա մի ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ: «Եթե դա համարվում է բացասական բան, օրինակ, ասեմ՝ իմ գործընկեր Հրայր Ղուկասյանը, որը չորս տարի հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ էր, նաեւ՝ նախագահ, նշանակվել էր Սերժ Սարգսյանի իրավական հարցերով օգնական, ու որեւէ մեկի մոտ հարց չառաջացավ», – նշեց  նա: Իսկ ո՞վ է Հրայր Ղուկասյանը.  նա, բացի Սերժ Սարգսյանի օգնականը լինելուց, եղել է նրա ռեֆերենտը։ Ղուկասյանի հայրը՝ Հովհաննես Ղուկասյանը, մինչեւ Հայաստանի անկախացումը դատավոր է եղել, իսկ 90-ականներին եղել է Հայաստանի գերագույն դատարանի դատավոր, 1999-ից էլ մինչեւ 2012 թվականը, այսինքն՝ մինչեւ թոշակի գնալը, եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր: Ստացվում է՝  Սերժ Սարգսյանի  գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը»։ Ու հիմա առնվազն տարօրինակ է, որ նրա քաղաքական թիմի անդամները քննադատում են գործող իշխանությանը սորոսականներին պաշտոններ տալու համար։

 

 

Երեկ Ազգային ժողովում Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը իր խոսքում խոսեց տարբեր դատավճիռների մասին՝ դրանք նաեւ խայտառակ որակելով, եւ, որպես օրինակ, բարձրաձայնեց նաեւ «Հարությունյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործի մասին։ Այս հայտարարությունն ուշագրավ է այնքանով, որ «Խաչատուրյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործն անմիջական կապ ունի նախկին զինդատախազ եւ երեկ խորհրդարանում ԲԴԽ անդամ ընտրված Գագիկ Ջհանգիրյանի հետ: Դիմումատուն եղել է Միշա Հարությունյանը, որը, 1998 թվականին ժամկետային զինծառայության զորակոչված լինելով, 1999 թվականին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարվել էր 13 տարվա ազատազրկման, իսկ Վերաքննիչ ատյանում բողոքարկումից հետո՝ 10 տարվա ազատազրկման զինծառայողի կանխամտածված սպանության համար: «Միշա Հարությունյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով Եվրադատարանի  հայտնի վճռով՝  արձանագրվել է, որ   ռազմական ոստիկանությունում  հարթաշուրթով եղունգները սեղմելու միջոցով  են ցուցմունքներ վերցվել, հարթաշուրթի գործադրմամբ   զինվորներին ստիպել են  Միշա Հարությունյանի դեմ ցուցմունք տալ,  իսկ Միշա Հարությունյանին՝ ինքն իր դեմ:  Գագիկ Ջհանգիրյանը զինվորական դատախազ է եղել 1997-2006 թվականներին, այսինքն՝ այս գործի քննության ընթացքում հենց  նա է եղել զինդատախազ, որն էլ երեկ ԱԺ-ում ընտրվեց ԲԴԽ անդամ հենց Խաչատուրյանի հետ միասին: Այսպիսով, ԲԴԽ նորընտիր անդամը, որպես  խայտառակ օրինակ, բերեց մի գործ, որը տեղի է ունեցել հենց իր գործընկերոջ պաշտոնավարման ժամանակ, որին դիմում էր «ընկեր Ջհանգիրյան»։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունները եկել են այն եզրակացության, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ այլեւս չեն ընտրի, ու այն փաստացի կղեկավորի հանձնաժողովի փոխնախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Նշենք, որ դեռեւս դեկտեմբերի 29-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ քվեարկեց հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին: Քվեարկությանը մասնակցել էին 84 պատգամավոր, կողմ էին քվեարկել 78-ը, դեմ՝ 4-ը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ տեւական ժամանակ էր՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն ամեն գնով ցանկանում էր հասնել Զոհրաբյանի հեռացմանը, որպեսզի այդ պաշտոնում ինքը ընտրվեր: Սակայն, արի ու տես, իշխանականները պարզել են, որ Կարապետյանը այդքան ձայն չի կարող հավաքել, քանի որ խմբակցության մեծամասնությունը Կարապետյանին սրերով է ընդունում, լավ փոխհարաբերություններ չունի նրա հետ, ինչի համար իշխանականները կհայտնվեն անցանկալի վիճակում: Դրա համար եկել են այն եզրակացության, որ ավելի լավ կլինի՝ հանձնաժողովը ղեկավարի ընդդիմության ներկայացուցիչը, քանի որ նաեւ մեծ խնդիր է առաջանալու այն պարագայում, երբ իշխանությունը ընդդիմությունից «խլի» Դոնթի բանաձեւով ընդդիմությանը պատկանող հանձնաժողովը:

 

 

ՀՀ արդարադատության նախարարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում: Նախագծով առաջարկում են բացառություն սահմանել որոշակի խմբի անձանց համար կատարողական վարույթները կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չգանձելու համար: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է նախատեսել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի կամ ծնողի վերաբերյալ հարուցված կատարողական վարույթները «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չեն գանձվում: Բանն այն է, որ  առկա կարգավորմամբ պարտատերը, այդ թվում՝ բանկը եւ վարկային կազմակերպությունը, եթե ներում է պարտապանի պարտավորությունը, ապա ցանկացած դեպքում կատարողական ծախսերը գանձվում են հարկադիր կատարողի կողմից, եւ ծախսերը ներելու իրավական հիմք սահմանված չէ:

 




Լրահոս