ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ-իցԵրեկ Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որը կորոնավիրուսի համավարակից հետո առաջին անգամ է գումարվում ոչ թե առցանց տարբերակով, այլ սովորական ռեժիմով: ArmLur.am-ն արդեն տեղեկացրել է, որ նիստի աշխատանքներին մասնակցում են խորհրդարանական ընդդիմությունից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորները Ստրասբուրգ չեն մեկնել:

 

Նշենք, որ  ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունն ունի հետեւյալ կազմը՝ Ռուբեն Ռուբինյան, Նաիրա Զոհրաբյան, Հովհաննես Իգիթյան, Էդմոն Մարուքյան եւ փոխարինող անդամներ Սոս Ավետիսյան, Տաթեւիկ Հայրապետյան, Միքայել Մելքումյան եւ Վլադիմիր Վարդանյան:

«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարցեր է ուղղել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ նիստի հետ կապված:

-Պարո՛ն Մարուքյան, Դուք Աժ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչներից միակն եք, ով Ստրասբուրգ է մեկնել ԵԽԽՎ այս տարվա անդրանիկ նիստին մասնակցելու համար: Խնդրում եմ ասել, թե նիստի օրակարգում որ հարցն է Ձեզ համար կարեւոր:

-Մեկնարկել է ԵԽԽՎ նստաշրջանը հիբրիդ ձեւաչափով առաջին անգամ կորոնավիրուսի համավարակից հետո: Իսկ ի՞նչ է նշանակում հիբրիդ ձեւաչափ. դա նշանակում է, որ նիստում, ըստ էության, կիսով չափ ֆիզիկապես մասնակցություն կա, իսկ մյուս մասով՝ օնլայն: Այսինքն՝ պատվիրակությունները կարող են կա՛մ մասնակցել անձամբ, կա՛մ օնլայն: Քանի որ ադրբեջանական եւ թուրքական պատվիրակությունները գրանցվել էին մասնակցելու նիստին, մենք որոշեցինք անպայման այս տարբերակով մասնակցել նիստին: Այսինքն՝ սա է դարձել պատճառը, որ մենք Ադրբեջանի եւ Թուրքիայի մասնակցության պարագայում օնլայն չմասնակցենք նիստին, այլ տեղում լինենք: Ինչպես նաեւ ունենք հանդիպումներ ԵԽԽՎ Մարդու իրավունքների հանձնակատարի, գլխավոր քարտուղարի հետ, բազմաթիվ հանդիպումներ են նշանակվել պատվիրակության հետ. նաեւ այդ առումով էր կարեւոր Ստրասբուրգ մեկնելը:

-Արդյոք պատրաստվո՞ւմ եք նիստի ժամանակ բարձրաձայնել հայ ռազմագերիների հարցը, ու ի՞նչ ակնկալիք ունեք:

-Բնականաբար, պատվիրակության համար թիվ մեկ հարցը ռազմագերիների խնդիրն է, միջազգային ճնշում  կոնսոլիդացնել ընդդեմ Ադրբեջանի, որպեսզի մեր ռազմագերիներին վերադարձնեն, այն քաղաքացիական անձանց, որոնք պահվում են ադրբեջանական բանտերում, ու գիտեք, թե ինչ պայմաններում են պահում: Այսինքն՝ մեր ելույթները, հանդիպումները, այն պիկետը, որը ես իրականացնում եմ այստեղ, դա տեղեկատվություն տալ է, դա իրազեկում է, որպեսզի այստեղ քառասունյոթ երկրի պատվիրակությանը իրազեկենք, որ ԵԽԽՎ անդամ պետությունը նման անմարդկային վիճակում է ու նման ձեւով է իրեն պահում: Այս առումով ես կասեի, որ Ադրբեջանը ահաբեկչական երկիր է, որովհետեւ միայն ահաբեկիչներն են պատանդներ պահում եւ այդ ձեւով փորձում պայմաններ թելադրել: Սա ահաբեկչական երկրի քայլ է, ու ես դրա մասին եմ այստեղ խոսում:

-Ձեր օրակարգում կա՞ հանդիպում ԵԽԽՎ տարբեր պատվիրակների հետ, որի ժամանակ կներկայացնեք ռազմագերիների խնդիրը:

-Այո, բազմաթիվ հանդիպումներ ունեմ մեր պատվիրակ տարբեր գործընկերների հետ, արդեն առավոտյան ԱԼԴԵ-ի խմբում եմ ելույթ ունեցել ռազմագերիների հարցի վերաբերյալ, երբ որ քննարկվում էր Նավալնու գործով հրատապ դեբատ անցկացնելը, ես էլ ելույթ ունեցա ու ասացի, որ մեր հարցն էլ հրատապ է, ու պետք է այդ հարցով եւս հրատապ դեբատ կազմակերպել, որը մերժվել էր՝ համեմատության մեջ դնելով, որ ես հարյուրավոր մարդկանց մասին եմ խոսում, իսկ դուք՝ մեկ մարդու: Ասվում էր, որ քանի որ զեկույց է պատրաստվում, դրա համար չի մտել հրատապ օրակարգ, ու այդ ժամանակ շատ սուր ելույթ եմ ունեցել: Դրանից հետո ասացին, որ համաձայն են հայերի հետ, պետք է այս հարցը նույնպես քննարկվի: Այսինքն՝ ձեր նշված հարցի վերաբերյալ մենք կոնկրետ աշխատանքներ ենք իրականացնում այստեղ:

-Ճի՞շտ եք համարում Ձեր ընդդիմադիր գործընկերների դիրքորոշումը՝ նիստին չմասնակցելու հետ կապված:

-Ես գիտեմ, որ նրանք օնլայն գրացված են, ամեն մեկն ինքն է որոշել՝ ինչ ձեւաչափով մասնակցել՝ օնլայն, թե այս ձեւաչափով:

 

 

 

 

ԱՆԱԿՆԿԱԼԻ ԵՆ ԵԿԵԼ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում այս օրերին իսկական իրարանցում է: Բանն այն է, որ խմբակցության պատգամավորներից շատերը անակնկալ տեղեկացել են, որ իրենց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջիկայում պատրաստվում է լքել իրենց:

 

Ըստ խմբակցությունում շրջանառվող տեղեկությունների՝ Լիլիթ Մակունցը պատերազմի ավարտից հետո ինքն է փորձել ելքեր գտնել ստեղծված իրավիճակում, քանի որ հոգեբանորեն ծանր վիճակում է ու, կարելի է ասել, չի կարողանում իր գործառույթներն իրականացնել խմբակցությունում: Երկար ժամանակ է՝ քաղաքական իշխանությունների հետ Մակունցն այդ ամենի հետ կապված քննարկումներ է ունենում, ու, ի վերջո, եկել են եզրահանգման՝ Մակունցը կնշանակվի որեւէ երկրում դեսպան, ու այժմ քննարկվում է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակելու տարբերակը:

Բայց Մակունցի՝ խմբակցությունից հեռանալուց մեծ խնդիր է առաջանում, թե այդ դեպքում ով պետք է ղեկավարի խմբակցությունը: Ըստ մեր աղբյուրների՝ այժմ ամենատարբեր անուններ են քննարկվում: Հավանական են իմքայլականները համարում անգամ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի նշանակումը, որն, ըստ էության, այս տարիներին «ռուլիտ է անում» խմբակցությունը:

Բանն այն է, որ Սիմիդյանն է բոլոր պատգամավորների հետ տարբեր հարցերի վերաբերյալ քննարկումներ ունենում` քվեարկությունից մինչեւ տարրական թվացող խնդիրներ: Ու չի բացառվում, որ հենց Սիմիդյանը սկսի ղեկավարել խմբակցությունը:

Բայց մեր աղբյուրները նշում են նաեւ, որ, հնարավոր է, կին պատգամավոր փոխարինի Մակունցին.  Արփի Դավոյանի անունը եւս քննարկվող ցուցակում է: Իմքայլականների կարծիքով՝ առաջիկայում այս հարցերը կստանան իրենց պատասխանները, քանի որ Մակունցն այլեւս չի ցանկանում  մնալ խորհրդարանում:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:  Հունվարի 26-ին Մոսկվայում տեղի կունենան Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի բանակցությունները: Նախատեսվում է քննարկել միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք կարեւոր հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շրջանում եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակը։ Հունվարի 25-ին ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը գտնվում է Ադրբեջանում, իսկ հունվարի 27-ին կայցելի Հայաստան:

 

 

 

ՎԵՐՋՆԱԿԱՆ ՓԼՈՒԶՎԱԾ

ArmLur.am-ի տեղեկություններով` «Հայրենիքի փրկության շարժումը», կարելի է ասել, վերջնական փլուզված է, իսկ իրենց կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի վերաբերյալ հայատարարությունները մնացել են պատմության գրկում: Բանն այն է, որ չնայած այն հանագամանքին, որ Հանրապետության հրապարակում վրաններ են տեղադրվել, որտեղ հերթապահություն են իրականացնում շարժական անդամները, իսկ երեկ էլ ավտոերթ էին կազմակերպել, բայց տվյալ շարժման առաջնորդները վաղուց արդեն քննարկում-հանդիպումներ չեն ունենում: Ավելին, ըստ մեր տեղեկությունների՝ քաղաքական լիդերներն ամեն մեկն իր թիմով եկել է այն եզրակացության, որ ավելի ճիշտ է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, քանի որ ոչ մի ձեւ նրանց չի հաջողվում հասնել ՀՀ վարչապետի հրաժարականին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այն, ինչ կատարվում է հրապարակում, կամ բողոքի ինչ-որ մի ակցիա է կազմակերպվում, ապա դա արվում է կուսակցության անհատների կողմից՝ ցույց տալու համար, թե իրենց օրակարգում դեռ վարչապետի հրաժարականը ակտուալ է: Այն, որ ընդդիմությունն այլեւս միասնական չէ, դրա մասին խոսում են անգամ նույն շարժման առաջնորդները:

Ըստ մեր աղբյուրների՝ առաջնորդները, կարելի է ասել, «նեղացած են» այն բանի համար, որ միասնական ռեսուրս այդպես էլ չներդրվեց, իսկ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի առաջադրելով՝ փլուզվեցին բոլոր այն նպատակները, որոնք դրել էին իրենց առաջ: Ու հիմա ամեն մեկն իր օրակարգով է առաջնորդվում, եւ միայն ՀՅԴ-ն է կիսում այն տեսակետը, թե պետք է նույնկերպ շարունակել: Բայց այն, որ այլեւս այդ շարժումը գոյություն չունի, ակնհայտ է:

 

 




Լրահոս