ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ժողովուրդ» օրաթերթը 10 տարեկան է. պատմություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011 թվականի փետրվարի 1-ին լույս տեսավ «Ժողովուրդ» օրաթերթի առաջին համարը: Այդ նշանակալի իրադարձությանը նախորդեցին ամիսներ շարունակ տեւած քրտնաջան աշխատանքներ. պլանավորում, գծագրում, անվան որոնում, թիմի ձեւավորում եւ այլն:

Ահա այսպես, մի խումբ երիտասարդներ հանձն առան թվայնացվող դարաշրջանում հիմնել տպագիր մամուլ, որը պետք է լիներ առաջատարներից, լիներ ո՛չ օրվա իշխանություններինը, եւ ո՛չ էլ ընդդիմությանը, այլ իր անվանը հավատարիմ՝ ընթերցողինը, ժողովրդինը: Ահա այսպես երկար քննարկումներից հետո, տարբեր անուններ դիտարկելով՝ ի վերջո թիմը որոշեց օրաթերթը անվանել «Ժողովուրդ»: Ի դեպ, «Ժողովուրդ» անունով օրաթերթ Հայաստանի առաջին հանրապետությունում եղել է. 1918 թ. օգոստոսի 14-ից Երևանում լույս է տեսել Ժողովուրդ լրագիրը եւ եղել բավականին պահանջված:

Ընդհանարպես օրաթերթ հիմնելն ու հրատարակելը չափազանց բարդ, ինքնամոռաց, առանց հանգստի աշխատանք է: Ամիսներ շարունակ խմբագրությունում անցկացրած անքուն գիշերներ, հրատարակման հետ կապված բովանդակային ու տեխնիկական բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին չէինք էլ կարող ենթադրել…: Սակայն մեր երիտասարդ թիմը՝ հիմնադիր Թագուհի Թովմասյանի աշխատասիրությամբ ու անկոտրում կամքով, հաստատակամ էր՝ կայացնելու «Ժողովուրդ» անունով օրաթերթը:

Եւ այսպես՝ 2011թ փետրվարի մեկին, լույս տեսավ «Ժողովուրդ» օրաթերթի առաջին համարը, որը անվճար էր բոլոր ընթերցողների համար: Նպատակ ունեինք օրաթերթը ճանաչելի դարձնել Երեւանում, ապա նաեւ ողջ Հայաստանում՝ հեռավոր համայնքներից մինչեւ մարզկենտրոններ: Ամիսներ շարունակ մեր թիմը հանգստյան օրերին անձամբ էր շրջում մարզերում ու համայնքի բնակիչներին առձեռն բաժանում «Ժողովուրդ» օրաթերթի տարբեր համարներ: Մարդիկ սիրով ընթերցում էին, գտնում իրենց խնդիրները մեր թերթի էջերում, կապվում մեզ հետ ու դառնում հավատարիմ ընթերցողներ:

Օրաթերթը հիմնադրման օրվանից կատարում էր իր առջեւ դրված նպատակները՝ օբյեկտիվ լրատվություն ներկայացնելով հանրությանը: Եվ ինչպես ընդունված է ասել՝ ճշմարտությունը դուր չի գալիս հասցեատիրոջը: Այսպիսով, սկսվեցին դատական հայցեր ներկայացնել ժողովուրդ օրաթերթի դեմ՝ մեզ լռեցնելու, վախեցնելու, ընդհուպ՝ փակելու նպատակով: Բայց հուրախությամբ պետք է արձանագրենք, որ մեծապես հայցերն ավարտվել են օրաթերթի հաղթանակով: Բայց այդ հաղթանակները հեշտ չեն տրվել մեզ. նույնիսկ ստիպված եղանք փողոց դուրս գալ:
Եղել են դեպքեր, երբ փորձել են մեր լրագրողներին վախեցնել, վիրավորել, բանտարկել, սակայն մեր աշխատակազմը չի ընկրկել ու միահամուռ կերպով պատասխան ենք տվել այդ սպառնալիքներին՝ չնայելով, թե մեզ հետ մենամարտի դուրս եկողն ինչ «կալիբրի» չինովնիկ է:

Հարձակումներից էլ չխուսափեցինք. անհայտ անձինք մտան, քարուքանդ արեցին մեր խմբագրությունը, ու այդպես էլ չբացահայտվեց գործը հետհեղափոխական Հայաստանում:

Բայց միայն վատ հիշողություններ չէ, որ ունենք: «Ժողովուրդ» օրաթերթի ծննդյան արարողությունները մշտապես եղել են օրվա իշխանության, ընդդիմության, աջերի ու ձախերի միավորման յուրօրինակ հարթակ. բոլոր բնագավառների ներկայացուցիչները հրավիրվել եւ արժեւորվել են մեր միջոցառումների ժամանակ:

Ժամանակի ընթացքում հրամայական դարձավ ունենալ նաեւ էլեկտրոնային հարթակ. ArmԼur.am կայքը շարունակեց «ժողովուրդ» օրաթերթի աշխատանքն առցանց տիրույթում ու թեեւ ուշացումով սկսեց գործունեությունը, այնուամենայնիվ, շարունակելով մեր որդեգրած ուղին, այսօր նաեւ այդ հարթակում տարբեր հարցումներով առաջատար դիրքերում ենք:

2018-ին, երբ Հայաստանում տեղի ուեցավ թավշյա հեղափոխություն եւ «Ժողովուրդ» օրաթերթի հիմնադիր խմբագիր Թագուհի Թովմասյանը Գեղարքունիքի մարզից, ռեյտինգային ընտրակարգով ընտրվեց պատգամավոր հեղափոխական թիմի հետ, մեր թիմն իր առջեւ խնդիր դրեց չփոխել իր աշխատելաոճը, չդառնալ իշխանությունների քարոզչամեքենան, այլ մնալ որպես չորրորդ իշխանություն՝ ազատ, անկախ, օբյեկտիվ, հասանելի: Մեր հիմնադրի համար պատգամավորի կարգավիճակում բազմիցս խնդիրներ ենք հարուցել մեր հրապարակումներով, բայց դա էլ ենք համարում ազատ խոսքի նվաճման դժվար ճանապարհ. մեր նշանաբանն է՝ օրաթերթ բոլորի եւ ամեն ինչի մասին:

Այսպիսով, մենք 10 տարեկան ենք: Ու շնորհակալ ենք մեր ընթերցողներին, որոնք հավատարիմ են մնացել եւ թվային տեխնոլոգիաների դարաշրջանում ամեն օր գնում են կրպակ ու թերթ ձեռք բերում: Ձեր այդ քայլով նպաստում եք մեր երկարակեցությանը:

«Ժողովուրդ» օրաթերթի երիտասարդ թիմը մաղթում է մեր երկրին խաղաղություն, բարեկեցություն, իսկ իշխանական ուժերին՝ խոհեմություն, սթափություն: Ավելի քան երբեւէ՝ մեր երկիրը փրկության կարիք ունի:

Մանրամասները՝ տեսանյութում;




Լրահոս