Դեռեւս 2020 թվականի հուլիսի 6-ին սահմանադրական վերջին փոփոխություններով ՍԴ նախագահի պաշտոնը կորցրած Հրայր Թովմասյանը, ինչպես նաեւ թոշակի ուղարկված երեք դատավորները՝ Հրանտ Նազարյանը, Ալվինա Գյուլումյանը եւ Ֆելիքս Թոխյանը, դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Սակայն Եվրոպական դատարանը որոշել էր չկիրառել միջանկյալ միջոց: ՄԻԵԴ-ի հաղորդագրության համաձայն՝ «Գյուլումյանը եւ մյուսները՝ ընդդեմ Հայաստանի» գործով հայցվորները դիմել են ՄԻԵԴ-ին՝ հույսով, որ դատարանը Հայաստանի կառավարությունից կպահանջի սառեցնել սահմանադրական փոփոխությունները, որոնցով Թովմասյանն ազատվել է ՍԴ նախագահի, իսկ մյուս երեք հայցվորները՝ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը եւ Ֆելիքս Թոխյանը՝ դատավորների պաշտոններից, սակայն փաստացի դա տեղի չէր ունեցել: Իսկ արդեն հիմնական գանգատը նախկին դատավորները ներկայացրել էին օգոստոսին: Սակայն հետաքրքիր է, որ մինչեւ այժմ, այսինքն՝ դիմումից հինգ ամիս անց էլ ՄԻԵԴ-ից որեւէ արձագանք առկա չէ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը հայտնեց, որ իրենց դիմումից որեւէ արձագանք առկա չէ՝ նկատելով, որ Եվրոպական դատարանում դիմումների քննարկման գործընթացի ժամկետն անկանխատեսելի է եւ կարող է երկար տեւել: Դրան զուգահեռ նկատենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունվար ամսվա նստաշրջանում ընդունեց բանաձեւ (Res. 2357)` հիմնված Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցի վրա (Doc. 15211), որում անդրադարձ է կատարվել նաեւ Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցած իրադարձություններին: Եվ բանաձեւում հետաքրքիր ձեւակերպումներ էին առկա, օրինակ՝ 9.2 կետում նշված է, որ Վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնում մոնիտորինգի ընթացակարգի ներքո գտնվող կամ հետմոնիտորինգային երկխոսության մեջ ներգրավված մի շարք երկրներում տեղի ունեցող զարգացումների եւ չլուծված խնդիրների վերաբերյալ։ Որպես նշվածի օրինակ՝ վկայակոչված է Հայաստանի Հանրապետության կողմից առանց Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ամբողջապես հաշվի առնելու ՍԴ կազմի հրատապ փոփոխությունը։ Խոսքը հենց այս փոփոխության մասին է, որ Հրայր Թովմասյանը դարձավ ՍԴ շարքային անդամ, իսկ Նազարյանի, Գյուլումյանի եւ Թոխյանի լիազորությունները դադարեցվեցին: Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակով պայհմանավորված երբ հանրաքվեն չեղարկվեց, իշխանությունը ստիպված դիմեց այլ քայլի, եւ հարցը որոշեցին լուծել խորհրդարանում, որի օրինականությունը նաեւ վիճարկվում է Սահմանադրական դատարանում: Եվ ստացվում է՝ անգամ հաշվի չէր առնվել վեհաժողովի կարծիքը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում որեւէ ձեւով կոնսենսուս չկա իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանի առաջարկած այն նախագծի վերաբերյալ, թե պետք է ԱԺ-ում սահմանադրական փոփոխություններ իրականացնելուց հետո հնարավորություն տալ խորհրդարանը ինքնալուծարելու: Ըստ մեր տեղեկությունների՝ Վահագն Հովակիմյանի առաջարկած նախագիծը, իմքայլականների կարծիքով, անիրագործելի է, եւ կարծիք են արտահայտել, թե իրենք հերթական անգամ հայտնվելու են շատ տհաճ իրավիճակում: Եվ հենց այդ պատճառով էլ իշխող թիմում անգամ չեն էլ ցանկանում այն քննարկել առաջիկայում: Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ Վահագն Հովակիմյանը այնպիսի մտքեր, առաջարկներ է ներկայացնում, որ պատգամավորների համար շատ դեպքերում ծիծաղելի են թվում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Վահագն Հովակիմյանից պարզել՝ արդյոք իրական է այն տեղեկությունը, որ խմբակցությունում իր առաջարկած նախագիծը հավանության չի արժանացել: «Դեռեւս այդ նախագիծն այդպես չի քննարկվել, այսինքն՝ քննարկման փուլում է, ու չեմ էլ բացառում, որ հավանության չի արժանանա, բայց այս պահին այդպիսի որոշում չունենք: Ո՛չ բացասական, ո՛չ դրական որոշում չկա, իմ ակնկալիքն է, որ հավանության արժանանա, բայց ես չեմ բացառում, որ հավանության չի արժանանա»,-գալուստսահակյանական ոճով հայտարարեց Վահագն Հովակիմյանը: Մեր դիտարկմանը, թե երբ են պատրաստվում իր առաջարկությունները քննարկել խմբակցությունում, ասաց. «Չգիտեմ, երեւի առաջիկայում: Ես մտադիր չէի այդպես արագացնել դրա քննարկումը, ուղղակի հարցը եկավ մամուլի դաշտ, սկսվեց քննարկվել»:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու գործընթացն այնքան էլ հարթ չի ընթանալու, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Բանն այն է, որ դեռեւս ագրեմանն էլ չկա։ Իսկ ի՞նչ է ագրեմանը, եւ, ընդհանրապես, ինչպես է տեղի ունենում այս կամ այն երկրում դեսպան նշանակելու գործընթացը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սովորաբար ագրեման տալու գործընթացն այնքան էլ հեշտ չէ եւ հաճախ ենթակա է լինում նաեւ մերժման: Սկզբում դեսպան նշանակող երկիրը նշանակման երկրի արտաքին գործերի գերատեսչություն է ուղարկում հարցում՝ դեսպանի թեկնածուի կենսագրությունը՝ հայտնելով նրան դեսպան նշանակելու մտադրության մասին: Այնուհետեւ ընդունող երկիրն ուսումնասիրում է թեկնածուի կենսագրությունը, ու եթե տվյալ թեկնածուն իր համար ընդունելի է, համապատասխան նոտայով հաստատում է, որ համաձայն է, որ տվյալ անձն իր երկրում նշանակվի դեսպան: Սովորաբար ագրեմանի հարցում ուղարկելու, ինչպես նաեւ դրա մերժման մասին չի բարձրաձայնվում: Ընդ որում, հետաքրքիր է, որ, որպես այդպիսին, ագրեման ստանալու համար նախատեսված ժամկետ չկա. մի երկրի դեպքում դա կարող է լինել 40-45 օրը, մեկ այլ երկրի դեպքում՝ 2 ամիսը եւ այլն, սակայն 100 օրը համարվում է առավելագույն ժամկետ: Այսինքն՝ այնպես չէ, որ Լիլիթ Մակունցը մոտակա օրերին դեսպան է նշանակվելու, քանի որ գործընթացն իրականում երկարատեւ է, եւ դեռ պետք է ուսումնասիրեն Լիլիթ Մակունցի կենսագրությունը, նրա անցած ուղին ամերիկյան կողմի համար ընդունելի է, թե ոչ, եւ նոր միայն որոշեն՝ տալիս են արդյոք իրենց համաձայնությունը՝ նրան որպես դեսպան հյուրընկալելու, թե ոչ:
Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել անշարժ գույքի նոր՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքները, որոնք մի քանի անգամ գերազանցում են գործող արժեքները, այսինքն՝ մի նոր խնդիր է առաջացել՝ ինքնակամ շինությունների օրինականացման հետ կապված: Եվ փաստացի բոլոր այն անձինք, որոնք ինքնակամ շինությունների օրինականացման համար դիմում են ներկայացրել մինչեւ 2021 թվականի հունվարի 31-ը, ապա դրական որոշման դեպքում կգործեն նախկին (ավելի ցածր) կադաստրային արժեքները: Եվ դա էր պատճառ հանդիսացել, որ երեկ՝ ամբողջ օրը, քաղաքացիները շտապել էին՝ դիմելու Երեւանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» ծառայությանը եւ ժամերով հերթ էին կանգնում։ Ու քաղաքապետարանում չկար մի պաշտոնյա, որը քաղաքացիներին կբացատրեր, որ այս հարցով կարող են օնլայն տարբերակով դիմել. այդ մասին, չգիտես ինչու, լռել են։ Եվ, ահա, այս ամենից զատ՝ այժմ էլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը, Ծովինար Վարդանյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Հայկ Գեւորգյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գեւորգ Պապոյանը, Հայկ Սարգսյանը, Հովիկ Աղազարյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Սերգեյ Ատոմյանը ներկայացրել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որը կրկին վերաբերում է ինքնակամ շինություններին: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է, որ ինքնակամ կառույցների ապամոնտաժման ծախսերը ամբողջությամբ կրի կառուցապատողը՝ անկախ նրանից, թե ով է ապամոնտաժման աշխատանքները կատարել: Սակայն ուշագրավ է, որ, նույն փոփոխության համաձայն, մինչ այս օրենքը ուժի մեջ մտնելը կառուցված ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական՝ համայնքի ղեկավարի որոշմամբ: