Չնայած Հայաստանի նոր իշխանություններն ընդդիմադիր հռետորաբանության տարիներին միշտ քննադատում էին խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու փաստը, սակայն նոր Հայաստանում նման երեւույթներն առկա են ու դեռ շարունակվում են: Անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարեկամներին աշխատանքի տեղավորելու առիթով ասել էր. «Կա «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ: Հիմա հարց. այս խոստումը կատարվե՞լ է. այո՛, լիարժեք, 100 տոկոսով կատարվել է»: Բայց ինչպես շատ այլ հարցերում, այս հարցում էլ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ու հայկական իրականությունը էականորեն տարբեր են: Ամենաթարմ օրինակը, որ կարող ենք մատնանշել, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Սիմիդյանի կնոջ դեպքն է: Մասնավորապես, Սիմիդյանի կինը՝ Անահիտ Սարգսյանը, վերջերս աշխատանքի է անցել՝ նշանակվելով Բարձր տեխնոլոգիական նախարարության միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ: Եթե նա չլիներ Սիմիդյանի կինը, արդյոք կնշանակվե՞ր այդ պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցի պատասխանը ստանալու համար դիմեց Անահիտ Սարգսյանի մայրիկին՝ նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին, որը հաստատեց մեր տեղեկությունը՝ հայտնելով. «Այդտեղ որեւէ բան չկա, քննություն է տվել ու ընդունվել է, իմ աղջիկը շատ կրթված է ու այժմ էլ աշխատանքի է»: Խնամի-ծանոթ-բարեկամ մերժող հեղափոխական իշխանության օրոք ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կինը՝ Մանե Մինասյանը, աշխատում է ՀՀ հաշվեքննիչ պալատում. մամուլի քարտուղարն է։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի կինը՝ Անուշիկ Ավետյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականն է: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը ԱԺ նախագահի խորհրդական Դավիթ Կարապետյանն է: Մեկ այլ պատգամավոր Համազասպ Դանիելյանի կինն էլ Երեւանի ավագանու անդամ է: Իսկ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինը՝ Նարեկ Բաբայանը, մինչեւ երեկ զբաղեցնում էր Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը: Բացի այդ, բաջանաղներին մերժած Նիկոլ Փաշինյանն ուժային կառույցների ղեկավարներ նշանակեց իր դասընկերներին եւ հայրենակիցներին. ՀՀ ոստիկանության ծառայության պետը իջեւանցի Վահե Ղազարյանն է, ԱԺ պատգամավոր, խորհրդարանի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը Փաշինյանի մանկության ընկեր Վահե Ղալումյանն է, Իջեւանի քաղաքապետի պաշտոնակատարը Փաշինյանի հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանն է, եւ այսպես շարունակ: Ցանկը, իհարկե, ավելի երկար է, որոնց առաջիկայում կանդրադառնանք: Իսկ մինչ այդ արձանագրենք, որ մերժելով հին բարքերը՝ հեղափոխական իշխանությունը հենց հին, մերժված մտածողությամբ է առաջ շարժվում՝ ամեն պատահած բաջանաղի խցկելով պետական համակարգ:
Անցած շաբաթ նախատեսված ընդդիմադիր քաղաքական լիդերների հանդիպումը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, չի կայացել: Բանն այն է, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը վարակվել էր կորոնավիրուսով եւ ինքնամեկուսացած էր: Երեկ նոր հայտնի դարձավ, որ նրա տեստը արդեն բացասական է եղել: Ըստ մեր աղբյուրների՝ այդ «պատմական» հանդիպումը կկայանա այսօր կամ վաղը: Օրաթերթի լավատեղյալ աղբյուրները փոխանցում են, որ հանդիպումը կարող է բեկումնային լինել, քանի որ պետք է կոնկրետ որոշումներ կայացվեն՝ ինչ է լինելու «Հայրենիքի փրկության շարժման» ճակատագիրը, եւ, ամենակարեւորը, արդյոք հնարավոր արտահերթ ընտրություններին պետք է ընդդիմությունը մասնակցի, թե ոչ: Տեղեկացնենք, որ Սերժ Սարգսյանը հակված է ընտրությունները բոյկոտելու տարբերակին, իսկ մնացած ուժերը չեն կիսում նրա կարծիքը, ու պետք է հակաիշխանական ուժերը քննարկեն՝ ինչ ձեւաչափով են մասնակցելու ընտրություններին՝ առանձին, թե կոնսենսուս՝ հանած մեկ՝ Նիկոլ Փաշինյան: Բացի այդ, քննարկվելու են նաեւ փետրվարի 18-ին ընդդիմության կողմից հրավիրված հանրահավաքի հետ կապված հարցերը, քանի որ դեռեւս վերջնական չէ, թե այն որտեղ է կայանալու, ինչ ձեւաչափով: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է այս թեմայի շուրջ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանից պարզել, թե արդյոք ընդդիմութայն լիդերների հանդիպման օրը որոշված է: Գալստյանն ասաց, որ նման հանդիպում կայանալու է, բայց դեռեւս հստակ չէ: Նկատենք, որ հայրենիքը փրկելու հայտ ներկայացրած 17 կուսակցությունների միավորումը վաղուց պառակտվել է, ու դժվար էր պատկերացնել, թե ինչպես էին նրանք այդ ռեսուրսներով եւ մտածողությամբ փրկելու մեր երկիրը:
«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանին զենք մատակարարող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին առնչվող քրեական գործից: Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունը զենքի առուվաճառքի կոռուպցիոն գործարք է բացահայտել Պաշտպանության նախարարությունում։ Խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով բերման է ենթարկվել Պատրոն Դավոն, որը նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականն էր։ Նկատենք, որ այս քրեական գործը հարուցված է եղել մինչեւ արցախյան պատերազմը, եւ գործի քննությունը ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում ընթանում էր: Սակայն պատերազմից հետո ԱԱԾ-ն միանգամից այլ տեմպերով գործի անցավ, եւ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, ամեն ինչ չի ավարտվելու միայն Դավիթ Գալստյանին մեղադրանք առաջադրելով: Նա միայնակ չէ ներգրավված այս գործում. նրանից բացի, Պաշտպանության նախարարության այլ պաշտոնյաների անուններ էլ կան ԱԱԾ-ի տեսադաշտում, որոնք կարող են կապ ունենալ զենքի մատակարարումների հետ: Այսպիսով, կարող ենք փաստել, որ ձերբակալությունների շարք է սկսվում, եւ շղթան ձգվում է հենց դեպի Պաշտպանության նախարարություն: Միայն հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանը Սերժ Սագսյանի նախկին թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի խաչքավորն է եւ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ընկերը:
«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կկատարվեն։ Պարզվում է, որ գործող օրենքով նախատեսված են մի շարք սահմանափակումներ, որոնք խոչընդոտ են առաջացնում անպտղությամբ տառապող բազմաթիվ մարդկանց համար, ինչը անուղղակի ձեւով ազդում է բնակչության ծնելիության աճի վրա։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Առողջապահության նախարարությունը մտադիր է մարզերում եւ քաղաքային պոլիկլինիկաներում զարգացնել վերարտադրողական բժշկությունը, հետեւաբար նման խնդիր ունեցող զույգերը, որոնց բուժումը միջինում տեւում է 1-ից 2.5 տարի, հնարավորություն կունենան Երեւան այցելելու փոխարեն բուժումն կիրականացնեն տեղում ստեղծված ծառայությունների միջոցով: Ի դեպ, այս որոշման նախագծում մի լրացում է արվել, ըստ որի՝ սաղմերի օգտագործման համար կսահմանվի պահպանման ժամկետ, որից հետո զույգի՝ տղամարդու, կնոջ կողմից սաղմի հետագա ճակատագիրը հստակեցնելու դիմում չներկայացնելու դեպքում բուժհաստատությունը հնարավորություն կստանա տնօրինել սաղմերը՝ ըստ իր հայեցողության` անհատույց տրամադրել այլ անպտուղ զույգի կամ ամուսնության մեջ չգտնվող կնոջ, որը կարող է կրել հղիություն: Նախագիծն այս պահին քննարկման փուլում է։