«ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐ»-Ը ՇՈՒՇԻՈՒՄ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի արտգործնախարարությունը մտահոգված է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության եւ դրան հարող ծայրահեղական նեոֆաշիստական «Գորշ գայլեր» կազմակերպության՝ Արցախի օկուպացված տարածքներում, մասնավորապես՝ Շուշիում որոշ նախագծեր իրականացնելու մտադրությամբ։

 

Նշենք, որ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը հայտարարել է, որ մտադիր է Շուշիում դպրոց կառուցել։ Ազգայնականների կողմից Շուշիում դպրոց կառուցելու մասին այդ կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին առաջին անգամ հայտարարել էր հունվարի 16-ին։ Նա ցույց էր տվել դպրոցի էսքիզների լուսանկարները, սոցցանցերում էլ գրել էր, որ եթե երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը թույլ տա, Շուշիում 9 դասասենյակներով դպրոց կկառուցեն, որը կարող է կոչվել Շուշիում ծնված կոմպոզիտոր, Ադրբեջանի օրհներգի հեղինակ Ուզեյիր Հաջիբեյովի անունով։ Նրա գրառումից երկու շաբաթ չանցած՝ թուրք ազգայնականների պատվիրակությունը Բաքվում էր ծրագրերը տեղում քննարկելու համար։

«Պանթուրքիզմի եւ նեոֆաշիզմի գաղափարախոսություն քարոզող եւ ահաբեկչությունը որպես նպատակների իրականացման հիմնական միջոց օգտագործող արտաքին ուժերի ցանկացած ձեւով ներկայությունը Արցախի օկուպացված տարածքներում ծայրաստիճան մեծ վտանգ է ներկայացնում ոչ միայն Արցախի Հանրապետության, այլեւ տարածաշրջանային եւ համաշխարհային անվտանգության համար, – հայտնում է Արցախի արտգործնախարարությունը՝ շարունակելով: – Այն փաստը, որ այդ ուժերը օկուպացված Շուշիում իրենց նախագծերի իրականացման համար ստացել են Թուրքիայի եւ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հավանությունը, վկայում է Անկարայի եւ Բաքվի՝ տարածաշրջանում եւ հարեւան երկրներում լարվածության օջախներ ստեղծելու, ինչպես նաեւ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ, համապարփակ, արդար կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը խափանելու ծրագրերի մասին»։

Արցախի արտաքին գերատեսչության համոզմամբ՝ ծայրահեղ աջ նեոֆաշիստական ուժերի տեղափոխումը Արցախի օկուպացված տարածքներ, ինչպես նաեւ Արցախի դեմ զինված ագրեսիայի ժամանակ միջազգային ահաբեկիչների օգտագործումը ոչ միայն Արցախի ու Հարավային Կովկասի, այլեւ դրանց սահմաններից դուրս գտնվող տարածաշրջանների նկատմամբ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության նույն շղթայի օղակներն են։ «Թուրքիայի եւ Ադրբեջանի այս քաղաքականությունն արժանի է ամենախիստ դատապարտման եւ պահանջում է, որ միջազգային հանրությունը, շահագրգիռ կազմակերպություններն ու կառույցները համապատասխան անհապաղ քայլեր ձեռնարկեն` ուղղված նման ապակառուցողական նախաձեռնությունների կանխմանն ու կասեցմանը»,- ասված է Արցախի արտգործնախարարության մեկնաբանությունում:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի կառավարությունը նոյեմբերի սկզբին պաշտոնապես արգելեց «Գորշ գայլերի» գործունեությունը երկրի տարածքում։

«Այս կազմակերպությունը խտրականություն եւ ատելություն է տարածում, իսկ դրա անդամները ներգրավված են բռնի գործողություններում»,- կառավարության նիստի ավարտին նշել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը։ Կազմակերպությունը ֆրանսիացի իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել Լիոնում տեղի ունեցած մի շարք հակահայկական բնույթի միջադեպերից հետո։ Դրանցից մեկի ընթացքում հարձակման էին ենթարկվել Լիոնում ապրող հայերը, ինչի հետեւանքով չորս մարդ վիրավորվել էր։ Թուրք ազգայնականները նաեւ պղծել էին Լիոնում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրը։

 

 

 

ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը պաշտոնը թողնելու դիմում է ներկայացրել: Նախագահի պաշտոնը Նարեկ Բաբայանը զբաղեցնում է 2018 թվականի հունիսի 12-ից:

 

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Երեկ, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացել  է հեռախոսազրույց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի եւ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի միջեւ։ Նրանք  քննարկել են նախորդ շաբաթ կայացած հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության ուղղություններով շտաբային բանակցությունների արդյունքները, ինչպես նաեւ հետպատերազմյան շրջանում Հայաստանի անվտանգային խնդիրների լուծման ընթացքը։ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության կապակցությամբ՝ հատուկ նշելով, որ դրա արդյունավետության լավագույն վկայությունը զինադադարի գրեթե լիարժեք պահպանումն է, ինչի շնորհիվ նախորդող՝ դեկտեմբեր եւ հունվար ամիսներին լուրջ արտակարգ միջադեպեր չեն գրանցվել՝ բացառությամբ ԱՀ ՊԲ մեկ զինծառայողի վիրավորման դեպքի։

 

 

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹ ԲԵՐՈՂ ՈԼՈՐՏ

Վերջին տասնամյակների ընթացքում մեր տնտեսության մեջ կայուն աճ ունեցող ճյուղերից է ծխախոտի արտադրությունը, որը 2019 թվականին կազմել է Հայաստանի ՀՆԱ-ի 2,9 տոկոսը եւ արդյունաբերական արտադրանքի 9,1 տոկոսը։ Այս մասին նշել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը: «2019 թվականի ընթացքում Հայաստանից արտահանվել է 292 մլն ԱՄՆ դոլարի սիգար եւ սիգարետ, որը կազմում է ընդհանուր արտահանման 10,3 տոկոսը, այսինքն՝ ծխախոտի ոլորտը հանդիսանում է Հայաստան արտարժույթ բերող ոլորտներից մեկը։ Հայաստանից ծխախոտ է արտահանվում Իրաք, Սիրիա, ԱՄԷ, Վրաստան, ՌԴ, Ուկրաինա եւ այլ երկրներ: Կորոնավիրուսը մեծ հարված է հասցրել համաշխարհային տնտեսությանը, ինչի արդյունքում 2020 թվականին համաշխարհային տնտեսությունը, նախնական գնահատակններով, անկում է գրանցել 4,3 տոկոսով։ Համեմատությամբ համար նշեմ, որ Հայաստանի տնտեսական անկման պաշտոնական ցուցանիշը շուրջ 8,5 տոկոս է, այսինքն՝ մեր տնտեսությունը գրեթե երկու անգամ ավելի մեծ անկում է գրանցել, քան համաշխարհային միջինը»,-նշել է նա։

 

 

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԵԼ Է

Ադրբեջանն իր վերահսկողության տակ անցած Ֆիզուլիում սկսել է միջազգային օդանավակայանի շինարարական աշխատանքները: Օդանավակայանի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022թ. ապրիլ-մայիսին: Շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպության գլխավոր ինժեներ Ջավարագ Շիրիեւը հայտնել է, որ աշխատանքները բավականին դանդաղում են, քանի որ տարածքում իրականացվում է ականազերծում: «Այս տարվա գարնանից շինարարությունն իրականացվելու է արագացված տեմպերով, եւ նախատեսվում է անցնել շուրջօրյա աշխատանքային ռեժիմի: Բացի այդ, այս տարի նախատեսվում է նաեւ ավարտել 3000 մետր երկարությամբ թռիչքուղու շինարարությունը»,-նշել է նա:

 

 

 

ՈՍԿՈՒՑ ԹԱՆԿ

Եթե մտադիր եք այս օրերին Ռուսաստան մեկնել, ապա կորոնավիրուսի բացասական տեստի հետ միաժամանակ պետք է ունենաք կլորիկ գումար, որովհետեւ ավիատոմսերի գները ոսկուց էլ թանկ են: ArmLur.am-ը փոքրիկ ուսումնասիրության ընթացքում պարզեց, որ դրանց գները սկսում են 400 դոլարից: Ավիաընկերությունները, առիթից օգտվելով, որ փետրվարի 1-ից Ռուսաստանը բացել է սահմանները Հայաստանի հետ, շեշտակի բարձրացրել են ավիատոմսերի գները։ Ավիաընկերությունների աշխատողների խոսքերով՝ թանկացումը պայմանավորված է մեծ պահանջարկով։ ArmLur.am-ին հայտնի դարձավ նաեւ, որ մինչեւ  փետրվարի 8-ը ազատ ավիատոմս գրեթե հնարավոր չէ գտնել: Օրինակ, «Red Wings» ավիաընկերությունը փետրվարի 8-ի համար Երեւանից դեպի Մոսկվա ուղղության ավիատոմս առաջարկում է 418 դոլարից սկսած կամ ավելի քան 217 հազար դրամ: «Արմենիա» ավիաընկերությունը փետրվարի 8-ի համար ավիատոմսի արժեքը կազմում է 427 դոլար կամ 222 հազար դրամ: Իսկ եթե ձեզ հաջողվի մինչեւ փետրվարի 8-ը ավիատոմս գտնել դեպի Մոսկվա, ապա այն կգերազանցի 500 դոլարը: Ավիաընկերություններ կան, որոնք ավիատոմս առաջարկում են 600 դոլարով կամ 312 հազար դրամով: Ի դեպ, տեղեկացնենք, որ ավիատոմսերի շուկան վերահսկվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից: Հուսանք՝ հանձնաժողովն արթուն է:

 

 

 

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՌԻՍԿԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ

Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց կապող ճանապարհների վերաբացումը Երեւանի համար տնտեսական ու քաղաքական նոր հնարավորություններ, բայց նաեւ ռիսկեր է ստեղծում. կարծում են հայաստանյան փորձագիտական հանրությունում՝ նշելով, որ շատ բան կախված է, թե որքան արդյունավետ կլինեն հայկական կողմի հաշվարկներն ու քայլերը։ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի խոսքով` ակնհայտ է, որ Հարավային Կովկասի ապաշրջափակումը, Հայաստան-Ադրբեջան ուղիների վերագործարկումը բխում է Կրեմլի շահերից, որը նպատակ ունի հասնել Ռուսաստանից դեպի Թուրքիա տանող ցամաքային անխափան ճանապարների գործարկմանը. «Պարզ է, որ ապաշրջափակումը ինչ-որ չափով նաեւ մեր շահերից է բխում, մեզ համար ինչ-որ շահեր կան, հետաքրքրություններ կան, բայց շատ կոնկրետ բաներից շատ բան է կախված: Ռիսկեր միշտ էլ կան, օրինակ` անվտանգությունը կապահովվի՞ Ադրբեջանի տարածքով մեր բեռների համար, թե՞ ոչ, բայց գլխավոր ռիսկը նա է, օրինակ, կարգավիճակի հարցը եթե օրակարգ չմտցվի, այդ ծրագիրը զարգանա, հետո Ադրբեջանը կհամաձայնի՞ կարգավիճակի Արցախի խոսել, թե՞ ոչ: Գերիների հարցը դեռ լուծված չէ»:

 

 

 




Լրահոս