ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՏՆԱՀԱՐՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի իշխանության մարմինները շարունակում են Հայաստանի սահմանային բնակիչների միջազգայնորեն ճանաչված իրավունքները ոտնահարող արարքները (հիմնավորումներ՝ կոնկրետ գործոններով):

 

Մասնավորապես, Հայաստանի Կապան քաղաքից Ճակատեն ու մի շարք այլ գյուղեր տանող, այսինքն՝ խաղաղ բնակավայրեր իրար կապող միջհամայնքային ճանապարհին ադրբեջանցի զինվորականները տեղադրել են «Բարի գալուստ, Ադրբեջան» ադրբեջաներեն ու անգլերեն գրառումով ցուցանակ, ինչպես նաեւ ադրբեջանական դրոշներ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հատկապես վերջին օրերին զայրույթի ու անհանգստության ահազանգեր է ստանում Կապան քաղաքի, ինչպես նաեւ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ, Շիշկերտ գյուղերի բնակիչներից՝ կապված այդ ցուցանակի հետ: Նույնը վերաբերում է նաեւ դրոշների տեղադրմանը ճանապարհի այդ հատվածներում: Պաշտպանին անհրաժեշտ տեղեկություններ է ներկայացնել նաեւ Կապան համայնքի ղեկավարը:

Այդ բնակավայրերի բնակիչները ներկայացրել են ահազանգեր այն մասին, որ ադրբեջանի իշխանությունների այս քայլերը դիտավորություն ունեն կոպտորեն ոտնահարելու իրենց ֆիզիկական անվտանգության ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության եւ կենսական կարեւորության մյուս իրավունքները, խախտում են երեխաների շահերը: Դրանք ցուցադրաբար թիրախավորում են խաղաղ բնակիչներին, ու գրեթե ամենօրյա կրակոցների հետ միասին դա ավելի է մեծացնում լարվածությունը հայաստանյան այդ գյուղերում:

Այս ահազանգերից հետո Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ու կենտրոնական ստորաբաժանումներում անմիջապես նախաձեռնվել է մանրամասն ուսումնասիրություն: Տեղում կատարվել են դիտարկումներ, ինչպես նաեւ մի շարք քննարկումներ բնակիչների հետ:

Արդյունքում Կապան համայնքի բնակիչների ու համայնքային մարմինների նշված ահազանգերը հաստատվել են:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն Ադրբեջանի իշխանության մարմինների այս քայլերն անհրաժեշտ է համարում դիտարկել առնվազն հետեւյալ գործոնների տեսանկյունից.

Ադրբեջանում շարունակվում է կազմակերպված հայատյացության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը,

Ադրբեջանի իշխանության բարձրագույն մարմինները հայ ժողովրդի մասին բացահայտորեն խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության, ողջ հայ ժողովրդի արժանապատվությունը վիրավորող լեզվով,

Ադրբեջանում հնչում են Հայաստանի դեմ նոր պատերազմի բացահայտ կոչեր, այդ թվում՝ երկրում հանրային ճանաչում ունեցող ու նույնիսկ իրավապաշտպան ներկայացող անձինք,

ուղեկցվում է Հայաստանի Կապան համայնքի նշված գյուղերի անմիջական հարեւանությամբ ադրբեջանական զինվորականները, արդեն մեկ ամսից ավել է, գրեթե ամեն օր արձակում են կրակոցներ փոքր ու խոշոր զինատեսակներից, այդ թվում՝ լինելով հարբած վիճակում, ինչպես դիտարկել են գյուղացիները,

Կապան քաղաքից Ճակատեն գյուղ տանող ճանապարհին առկա են ադրբեջանական զինվորականներ՝ զինված մարդիկ,

Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացը, որի շրջանակներում տեղադրվել են նման ցուցանակներ ու դրոշներ, հայտնվել են ադրբեջանական զինվորականներ, ընթանում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ու վտանգներով, հակասում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերին ու իրավունքի գերակայությանը, հետեւաբար՝ չունի իրավական ուժ,

Ադրբեջանի զինված ուժերը հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ հատկապես 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում եւ դրանից հետո կատարել են ու շարունակում են կատարել խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք ու պատերազմական այլ հանցանքներ:

Ուստի ակնհայտ է, որ Ադրբեջանի զինվորականների նշված քայլերն արվել են ՀՀ սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքները ոտնահարող, նրանց բացահայտ ահաբեկող եղանակով (առաջին հերթին` երեխաներ, կանայք): Այս վիճակը չի կարող որեւէ կերպ նպաստել խաղաղությանը տարածաշրջանում, միայն առաջացնում է լարվածություն, ոտնահարում է խաղաղ բնակիչների՝ միջազգայնորեն ճանաչված եւ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու շահերը:

Այս փաստերի վերաբերյալ հաղորդումներ ուղարկվելու են միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, ԵԽ-ին (անհրաժեշտ ապացույցներով): Առանձին հաղորդումներ կուղարկվեն նաեւ միջկառավարական կազմակերպությունների հատուկ մեխանիզմներին:

 

 

 

ՀԱՇՎԱՊԱՀԸ ՅՈՒՐԱՑՈՒՄՆԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված գործողությունների շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել:

 

Ըստ այդ տվյալների՝ ՀՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահ Ի.Վ.-ն, պատասխանատու լինելով աշխատանքային պայմանագրի շրջանակներում եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության գործունեության հետ կապված բոլոր գործառույթների պատշաճ իրականացման համար, մասնավորապես՝ ապահովել գործատուի սեփականություն հանդիսացող կամ նրա ընթացիկ կառավարմանը կամ օգտագործմանը հանձնված գույքի, միջոցների, վառելիքաէներգետիկ պաշարների ու այլ նյութական արժեքների անվտանգությունն ու նրանց խնայողաբար եւ արդյունավետ օգտագործումը, 2019 թվականի հուլիսից մինչեւ 2020 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով ՀՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափի՝ 345.300.000 ՀՀ դրամ գումարը փոխանցել է իր՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում  եւ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում բացված հաշվեհամարիներին, որից հետո նույն ժամանակահատվածում կանխիկացրել է նշված գումարները եւ օգտագործել իր անձնական կարիքների համար՝ այդկերպ ապօրինի, անհատույց, շահադիտական դրդումներով հափշտակել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափի գումարները:

Այս մասին տեղեկացրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը:

Նշենք, որ Ի.Վ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ եւ տվել խոստովանական ցուցմունքներ՝ վերականգնելով «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերության պատճառված վնասի մի մասը, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնել սեղմ ժամկետում վերականգնել ընկերությանը պատճառված վնասն ամբողջությամբ: Ձեռնարկվում են միջոցառումներ կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու եւ նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատականներ տալու ուղղությամբ:

 

 

 

ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԳԱՆԳԱՏ՝ ՄԻԵԴ-ԻՆ

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտարարություն է տարածել. «Սույն թվականի փետրվարի 1-ին ՀՀ կառավարությունը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի, սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար: Մասնավորապես, ՀՀ կառավարությունը պնդում է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի եւ ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից եւ անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական եւ ընտանեկան կյանքի, կրթության եւ մի շարք այլ իրավունքները: Կառավարության կողմից գանգատին կից ներկայացվել են բազմաթիվ եւ ծավալուն ապացույցներ: Գանգատում, ի թիվս բազմաթիվ այլի, բարձրացված է նաեւ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, Արցախի տեղահանված բնակչության, զոհված եւ վիրավորված քաղաքացիական անձանց, նրանց հարազատների, սեփականությունը կորցրածների, տեղական եւ միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության մի շարք հարցեր։ Այս միջպետական գանգատը պետության անունից ընդդեմ Ադրբեջանի տարվող իրավական գործընթացի կարեւորագույն քայլ է: Այս առումով հատկանշական է, որ այս գանգատը Եվրոպական դատարան Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացվող առաջին միջպետական գանգատն է: Տեղեկացնում ենք, որ առաջիկայում Եվրոպական դատարան են ուղարկվելու արդեն իսկ ներկայացված պահանջները հիմնավորող լրացուցիչ մեծածավալ ապացույցներ»:

 

 

ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏԵԼ ԳԵՐԻՆԵՐԻՆ

Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովի անդամները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետեւանքով գերեվարված զինվորականներին ու քաղաքացիական անձանց: «ԵԺԿ քաղաքական վեհաժողովի անդամները կոչ են անում Ադրբեջանին արագացնել ռազմագերիների, գերիների եւ աճյունների փոխանակումը, նաեւ պահանջում են անհապաղ ազատ արձակել նրանց: Քաղաքական համաժողովի անդամները հորդորում են նաեւ Եվրոպական հանձնաժողովին Ադրբեջանի հետ ներկա ու հետագա հարաբերություններում առաջ մղել այս մարդասիրական խնդիրը, ինչպես նաեւ կոչ են անում Եվրախորհրդարանին հրատապ կերպով քննարկել Լեռնային Ղարաբաղի պատերազմի ռազմագերիների ու պատանդների փոխանակման գործընթացը»,- ասվում է ԵԺԿ քաղաքական վեհաժողովի հայտարարության մեջ:

 




Լրահոս