ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԸ 50%-ՈՎ ԿՐՃԱՏՎԵԼ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի Տեղ համայնքում արոտավայրեր կորցնելու պատճառով գարնանից լուրջ խնդիրներ են առաջանալու՝ դեգրադացված արոտավայրեր, արածեցված աշնանացան ցորենի ցանքսեր, վարկերը չփակած ֆերմերներ։ Այս մասին հայտնել է Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։

 

Նրա տեղեկացմամբ՝ դեռեւս հստակ չէ, թե որքան վարելահողի կորուստ է եղել, քանի որ սահմանազատման աշխատանքները չեն ավարտվել։ Ըստ նրա՝ մինչ արոտավայրերի կորուստը համայնքի տարբեր բնակիչներ մեծ քանակով անասուններ են գնել, սակայն արոտավայրերի հանձնումից հետո ստիպված են եղել դրանք վաճառել։ «Ժամանակ կար, երբ Տեղ համայնքում ոչխարաբուծությունը մեծ թափով զարգանում էր, մարդիկ գնացին, գյուղատնտեսական վարկեր վերցրին, 55 000-60 000 դրամով տարբեր մարզերից անասուն գնեցին, բերեցին, որ պետք է տեղափոխվեին, իջեցնեին Արաքսի ափեր՝ ձմեռային արոտի, բայց պատերազմը սկսվեց, այդ հողերը չկան, մարդիկ կեր չէին կուտակել, արոտները չէին հերիքում, ստիպված անասունները էժան գներով՝ 30 000-35 000 դրամով վաճառեցին՝ այն ակնկալիքով, որ գոնե այս տարի վաճառքի գումարները կստանան, միայն մի մասն են վճարվել նույն պահին։ Երբ այդքան անասնագլխաքանակը գարնանը հանեն արոտի, տարբեր խնդիրներ են առաջանալու»,-ներկայացրել է համայնքապետը։

Նրա խոսքով՝ նաեւ կազմակերպված աշխատանք չի եղել, որ բնակիչները հնարավորինս քիչ տուժեն։ «Չկազմակերվեց, որ գոնե այդ մարդիկ այնպիսի գնով վաճառեին, որ կարողանային իրենց վարկերը փակել, ու այսքան չտուժեին։ Հիմա մարդիկ մոտենում են ինձ, հարցնում՝ ինչ ենք անելու, ես էլ պատասխանը չգիտեմ»,-նշել է նա։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ 2021 թվականի համար անասունների հաշվառում են կատարել, ու  բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծումները դեռ չեն գտնվել։ «Համայնքի անասնագլխաքանակի 50 տոկոսից ավելին կրճատվել է, բայց սա մեր ունեցած համայնքի, արոտավայրերի համար էլի շատ-շատ է։ Նրանք, ովքեր անասնապահությամբ զբաղվում են, բայց քիչ քանակով, արդեն հարց են բարձրացնում, որ մեծ գլխաքանակ ունեցող ֆերմերները պետք է իրենց անասունները գյուղից հանեն, որովհետեւ շատ դժվար է լինելու։ Գլխաքանակի չափի հետ կապված հարց են դնում, որ կոնկրետ քանակից ավել չպահեն։ Սա տնտեսական լուրջ խնդիրներ է առաջ բերելու»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է խնդիրների լուծման տարբերակներին, համայնքապետը նշել է, թե գրավոր դիմել են կառավարությանը, հանդիպում է եղել մարզպետի հետ, նա էլ իր հերթին է դիմել կառավարությանն ու ներկայացրել խնդիրները։ «Այժմ դեռեւս նոր լուծումներ չկան, քննարկումների փուլ է, մտածում ենք բազմավեկտոր գյուղատնտեսության զարգացման մասին, այդ դեպքում էլ ոռոգման համակարգերի խնդիրներ պետք է լուծվեն։ Պետք է մտածել ուրիշ ուղղությունների մասին՝ թռչնաբուծություն, ճագարաբուծություն»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման աշխատանքների հետեւանքով տարածքային կորուստներ են եղել նաեւ Սյունիքի մարզի մի շարք համայնքներից։

Կորոնավիրուսի թվեր

Փետրվարի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167 231 դեպք, որոնցից 158 335-ը` առողջացած, 3089-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5035 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 651 914 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 1921 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 143 նոր դեպք: Ունենք 535 առողջացած եւ մահվան 5 դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 772 է:

 

 




Լրահոս