Ընդդիմադիր կուսակցությունների վեց առաջնորդները փետրվարի 2-ին ի վերջո հանդիպեցին: Այդ հանդիպումը կայացավ ուշ երեկոյան՝ տեւելով 2-3 ժամ: «Ժողովուրդ» օրաթերթին հանդիպումից եւ քննարկված հարցերից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ նշենք, որ հանդիպմանը ներկա են եղել նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանը, Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղթելյանը եւ Գագիկ Ծառուկյանը: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպման հիմնական թեման կրկին եղել է հնարավոր արտահերթ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը, եւ այդ առումով գլոբալ փոփոխություններ չեն եղել, քանի որ դրանից հետո էլ ուժերն իրենց կարծիքին են մնացել: Բանն այն է, որ, օրինակ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպման ժամանակ ասել է, թե, ամեն դեպքում, միայնակ է գնալու արտահերթ ընտրությունների, Արթուր Վանեցյանը կողմ է մի քանի կուսակցություններով մասնակցելուն, իսկ, ահա, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն էլ առհասարակ դեմ է մասնակցել արտահերթ ընտրություններին, եթե իշխանության լինի Նիկոլ Փաշինյանը: «Դաշնակցությունն» ու Ռոբերտ Քոչարյանն էլ միասնական պայքարի կողմնակից են: Նկատենք, որ հանդիպման ժամանակ խոսվել է նաեւ այն մասին, որ պետք է առաջիկայում ակտիվացնել փողոցային պայքարը, հանրահավաքները եւ ավելի ակտիվանալ: Միեւնույն ժամանակ շատ մանրամասներ հանդիպման ժամանակ չեն քննարկվել, քանի որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մեկներ Մոսկվա, եւ այնտեղ եւս հանդիպումներ պետք է անցկացվեին: Միեւնույն ժամանակ Վազգեն Մանուկյանը շարունակում է մնալ ընդդիմության միասնական թեկնածուն, եւ նրան չեն ցանկանում նեղացնել: Այսինքն՝ ընդդիմադիր ուժերը դեռ կոնսենսուսի չեն հասել:
Երեկ խորհրդարանում առաջին եւ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Փոփոխություններով կառավարությունն առաջարկում է դատավորների թիվն ավելացնել առնվազն 17-ով, որոնք, մասնավորապես, կզբաղվեն միայն կալանքի, խուզարկության միջնորդությունները քննելով։ Ու թեեւ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երեկ պնդում էր, թե այս կամ այն փոխոխություններով խոսք չի կարող լինել գործադիրի կողմից ցանկալի դատավորներ ունենալու մասին, սակայն իրականում դա այդքան էլ այդպես չէ, քանի որ դատավորների առաջադրման հարցում գլխավոր մարմինը Բարձրագույն դատական խորհուրդն է, որտեղ վերջերս իշխանությունները խնդիրներ ունեին, քանի որ մեծամասնություն էր կազմում ըմբոստ թեւը։ Նախորդ քառօրյայի ընթացքում, սակայն, Ազգային ժողովը ԲԴԽ գործուղեց Գագիկ Ջհանգիրյանին եւ Դավիթ Խաչատուրյանին, որոնք հենց իշխող ուժի կողմից էին առաջադրվել, այսինքն՝ իշխանություններին հաճո մարդիկ են։ Նրանցից առաջ էլ Գրիգոր Բեքմեզյանը գործուղվեց խմբակցության կողմից։ Այսինքն՝ ԲԴԽ կազմում իշխանություններն արդեն 3 նոր դեմքեր ունեն, ինչը նշանակում է, որ կարող են «վնգստացող դատավորների» փոխարեն ունենալ գրպանային դատավորներ, եւ այդ մարդիկ պատահական չեն ընտրվելու եւ ոչ էլ պատահական գործեր են քննելու։ Ընդ որում, այս նախագիծը բերվեց հենց ԲԴԽ նոր անդամներ ընտրելուց հետո։
Երեւանի քաղաքապետի եւ իշխանական վերնախավի հարաբերությունները գնալով լարվում են։ Փետրվարի 9-ին Երեւանի ավագանին գումարելու է հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված հարցերից մեկով փոփոխություն էր նախատեսված նախորդ որոշումներից մեկում՝ կառուցվածքային փոփոխությունների մասով: Սակայն հետաքրքիր է, որ այդ նախագծերն արդեն բացասական եզրակացություն են ստացել հենց ավագանու գլխադասային՝ ֆինանսական հարցերով հանձնաժողովում, որում մեծամասնությունը հենց իշխող իմքայլականներն են։ Մասնավորապես, «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախորդ օրը հանձնաժողովի նիստում ավագանու անդամները մերժել են այդ նախագծերը եւ բացասական եզրակացություն տվել։ Իսկ ի՞նչ էր ենթադրում այդ փոփոխությունը. մեր տեղեկություններով՝ բացասական եզրակացություն ստացավ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի կողմից բերված նախագիծը, որով պետք է կառուցվածքային փոփոխություններ լինեին եւ նոր հաստիքներ ավելանային։ Նաեւ բացասական եզրակացություն ստացավ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը, որով վարչական շրջանում երկու բաժին պետք է միացվեր իրար։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հայկ Մարությանը փորձում է ուժեղացնել իր դիրքերը վարչական շրջանների ղեկավարների միջոցով եւ նոր համախոհներ փնտրում, սակայն, կարծես թե, նրա այս մտադրությունները բացահայտել է իշխանությունը եւ սկսել է դերասան քաղաքապետի համար խնդիրներ առաջացնել հենց իր աշխատավայրում՝ քաղաքապետարանում։ Նրա եւ ավագանու իմքայլական անդամների հարաբերությունները եւս լարվել են։
ՀՀ հաշվեքննիչ պալատը 2021 թվականի գործունեության իր ծրագրում որոշ փոփոխություններ է իրականացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պալատը մտադիր է ստուգել Առողջապահության նախարարության կողմից նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված բյուջետային ծախսերի իրականացումը: Բացի այս, Հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչությունը ստուգելու է նաեւ ՀՀ էկոնոմիկայի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, Պետական եկամուտների կոմիտեի կողմից Covid-19-ով պայմանավորված բյուջետային ծախսերի իրականացումը: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման եւ այլ համալիր միջոցառումների շրջանակներում 2020 թվականի մարտից մինչեւ հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ առողջապահության նախարարությունը շուրջ 13 մլրդ 244 մլն դրամ գումար է ծախսել: Ինչեւէ, մեզ մնում է սպասել Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրության ավարտին՝ հասկանալու համար՝ արդյոք արդյունավետ են ծախսվել ընդդեմ կորոնավիրուսի ստացած միլիարդները, թե ոչ: