«ՈՍՏԻԿԱՆԸ ՊԵՏՔ Է ԿՈՇՏ ԼԻՆԻ». ՍԱՆԴԻԿՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ռուսազգի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովին: Նրա հետ զրուցել ենք իշխանությունների հրաժարականի պահանջի, սպասվող զարգացումների մասին: Ռուս պատգամավորը նաեւ իր կարծիքն արտահայտեց Ռուսաստանի Դաշնությունում ընթանող զարգացումների մասին եւ նշեց, որ Ալեքսեյ Նավալնին պետք է դատապարտվի:

 

-Պարո՛ն Սանդիկով, ՌԴ-ում իրավիճակն ավելի է լարվում. երեկ էլ հայտնի դարձավ, որ կալանավորվեց ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: Ինչո՞ւ այսպես սրվեց իրավիճակը:

-Իրականում ես հարցին հակառակ կողմից կմոտենամ. իրավիճակը կայունանում է, եւ մենք բոլորս ականատես եղանք ոստիկանության գործողություններին, որոնք միտված էին հասարակական կարգի պահպանմանը, սահմանադրական կարգի պահպանմանը: Մի փոքր նաեւ որոշակի, բարի իմաստով, նախանձով էի նայում ոստիկանության այդ գործողություններին: Ես, եթե զուգահեռներ եմ անցկացնում մեր մոտ տեղի ունեցող բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիների եւ իրենց վերաբերմունքը ոստիկանի նկատմամբ, դա ինձ համար անընդունելի է: Այո, բարի նախանձով եմ նայում ոստիկանի կոշտ գործողությունների, որոնք միտված են կարգի պահպանմանը:

-Մեզ մոտ այդպե՞ս լինի: Ընդդիմադիր գործիչների ներկայացուցիչների  հետ նման ձեւո՞վ վարվեն ոստիկանները:

-Կցանկանայի, որ մեր ոստիկաններն օրենքը պաշտպանեին, իրենց գործողություններում լինեին ավելի համարձակ, ավելի կոշտ եւ ավելի նպատակաուղղված՝ իրականացնելու իրենց գործողությունները:

-Կարծում եք, որ պետք է իրեն կալանքի տակ պահել, քանի որ նա իշխանությունների վարած քաղաքականությունը բացահայտում ու ներկայացնում է հանրությա՞նը:

-Որքանով տեղյակ եմ, արդեն կա 3,5 տարվա ազատազրկման որոշում: Կարծում եմ, որ դրանով թեման պետք է փակվի, եւ այս համատեքստում շատ տարօրինակ եւ զարմանալի է առաջին դեմքերի մակարդակով շատ բուռն քննարկումների  ռեակցիան, թե ինչու կալանավորեցին նրան այն դեպքում, երբ մոտ 2 ամիս առաջ Լեռնային Ղարաբաղում սանձազերծված պատերազմում զոհվում էին հազարավոր մարդիկ, ռմբակոծվում էին  քաղաքացիական օբյեկտներ, եւ այդ բարձր մակարդակի քաղաքական գործիչներից ոչ մի խոսք չլսեցինք: Նա պետք է կալանավորվի, եւ դրանով հարցը փակված է: Ինձ համար այս բուռն ռեակցիան անհասկանալի է:

-Նույնիսկ եվրոպական երկրներում խոսում են պատժամիջոցների մասին: Ինչ-որ տողատակ տեսնո՞ւմ եք: Ինչո՞ւ որոշեցին նման արձագանք տալ այս հարցին:

-Իմ կարծիքով՝ այդտեղ նույնիսկ խոսքը տողակատի մասին էլ չէ: Մարդիկ ակնհայտ սատարում են Ռուսաստանի ներքաղաքական պրոցեսների այս կամ այն գործչին, լրացուցիչ քաղաքական երանգ են տալիս ՌԴ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին:

-Դուք ակնկալո՞ւմ եք մեր ոստիկանությունից նման կոշտ վերաբերմունք մեր ընդդիմադիր գործիչների նկատմամբ: Օրինակ՝ երեկ բողոքի ակցիա էր իրականացվում Աժ-ի մոտ: Պե՞տք էր նման ձեւ վարվել ակցիայի մասնակիցների հետ:

-Դուք հարցը վերաձեւակերպում եք, որ Ձեր ասածից հասկացվում է, որ ոստիկանը պետք է ուժ կիրառի ընդդիմադիր գործիչների հանդեպ: Ոչ, այդպես չէ: Կրկնում եմ, որ մեր ոստիկանը հասարակական կարգը խախտողի հանդեպ պետք է լինի անհանդուրժող եւ, այո, կոշտ, որպեսզի հասարակական կարգը օր առաջ վերականգնվի ՀՀ-ում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏ՝ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

«Հայաստանը խստորեն դատապարտում է Թուրքիայի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության հետեւողական ոչնչացման եւ դրա ապօրինի յուրացման նոր թափ առած քաղաքականությունը եւ կոչ անում Թուրքիային լիարժեքորեն կատարել միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները»,- նշում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

 

Թուրքական մամուլում կրկին հայտնվել են տեղեկություններ Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի եւ ավերման մասին: Բազմաթիվ են նաեւ քրիստոնեական եկեղեցիների, գերեզմանների ավերումների մասին փաստերը, որոնք Թուրքիայի պատկան մարմինների կողմից որեւէ արձագանքի չեն արժանանում: Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Անթալիայում տեղի ունեցած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նահանգային համագումարին ունեցած ելույթում կրկին անդրադարձել է Հայաստանին՝ «խորհուրդ տալով դաս քաղել»: Այս ամենը Ա. Նաղդալյանը մեկնաբանել է. «Ծանոթ ենք Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի մասին թուրքական մամուլում հրապարակված տեղեկատվությանը, մասնավորապես, Բուրսա քաղաքի Սեբթաշը թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին հանվել է վաճառքի 6 մլն թուրքական լիրայով, իսկ Բուրսայի մյուս հայկական եկեղեցու համար սահմանվել է 6 մլն 300.000 թուրքական լիրա: Բացի այդ, Թուրքիայի արեւմտյան Քյութահիա նահանգում ավերվել է Սուրբ Թորոս հայկական եկեղեցին։ Խստորեն դատապարտում ենք Թուրքիայի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության հետեւողական ոչնչացման եւ դրա ապօրինի յուրացման նոր թափ առած քաղաքականությունը եւ կոչ անում Թուրքիային լիարժեքորեն կատարել միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները: Պատմամշակութային կոթողների նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերող պետության տարածաշրջանային խաղաղության եւ կայունության համագործակցությանն ուղղված կոչերն առնվազն չեն կարող վստահելի լինել»:

Ըստ նրա՝ ինչ վերաբերում է «պատմությունից դասեր քաղելու խորհուրդներին», ապա որեւէ մեկին իրավունք չի վերապահված սպառնալիքների լեզվով անհարգալից խոսել եւ պատմության դասեր տալ ցեղասպանություն վերապրած ժողովրդին: Թուրքիայի իշխանությունները պետք է հստակ գիտակցեն, որ երկխոսության համար անհրաժեշտ է համապատասխան վստահության մթնոլորտ, իսկ հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը միանշանակորեն չի նպաստում այդ մթնոլորտի ձեւավորմանը:

 

 

 

ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ

Հայաստանում գյուղմթերքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող «Սպայկա» ընկերությունը պակասեցրել է հարկային վճարումները: ArmLur.am-ը տեղեկացավ, որ անցյալ տարվա ընթացքում հազար խոշոր հարկատուների ցանկում տեղ գտած այս ընկերությունը պետական բյուջե վճարել է 4 մլրդ 959 մլն 83 հազար դրամի հարկ ու տուրք, իսկ, ահա, 2019-ին նույն ընկերության կատարած հարկային վճարումները կազմել են 5 մլրդ 167 մլն 529 հազար դրամ։ Ստացվում է, որ կորոնավիրուսը բացասական ազդեցությունն է ունենցել նաեւ ընկերության աշխատանքի վրա, ինչի հետեւանքով եւ նվազել է վճարած հարկի չափը։

 

 

 

ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԻՑ

Հայաստանի 30.528 քաղաքացի 2020 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել։ Այս մասին տվյալներ են հրապարակված Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության կայքում: Ընդհանուր առմամբ, 2020 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 656.347 քաղաքացի։ 2020 թվականի ՌԴ քաղաքացիություն ստացածների թվով Հայաստանը 4-րդ տեղում է։ ՌԴ քաղաքացիություն ստացածների թվով 1-ին տեղում Ուկրաինան է՝ 409.549 քաղաքացի, 2-րդ տեղում Տաջիկստանն է՝ 63.389 քաղաքացի, 3-րդ տեղում Ղազախստանն է՝ 43.404 քաղաքացի, իսկ Հայաստանին հաջորդում է Ուզբեկստանը՝ 23.121 քաղաքացի։

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԱՌՎԱԾ ՉԷ

Վրաստանի կառավարության սահմանած նոր կարգավորումներով Հայաստանը ներառված չէ այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները կարող են COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում մուտք գործել Վրաստան. պարզաբանում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Հիշեցնենք, որ հունվարի վերջին Վրաստանը հայտարարեց, որ մեղմում է մուտքի կանոնները օտարերկրացիների համար, մասնավորապես՝ փետրվարի 1-ից երկիր կկարողանան մտնել այն օտարերկրացիները, որոնք սահմանային կետերում փաստաթուղթ կներկայացնեն COVID-19-ի դեմ պատվաստվելու մասին, այդ դեպքում այցելուները պարտավորված չեն լինի 12-օրյա կարանտին պահել։ Հայաստանի արտաքին գերատեսչությունն երեկ նշել է, որ Հայաստանի քաղաքացիների՝ Վրաստան մուտքը հնարավոր է բացառապես օդային ճանապարհով COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսն (երկու դեղաչափ) անցնելուց հետո։

 




Լրահոս