ԿՔՆՆԵՆ ԵՆԹԱՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՄԲ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ներդնել միջդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով առանձին ենթամասնագիտացում ունեցող դատավորների ինստիտուտ: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն Ազգային Ժողովի նիստում քվեարկությամբ ստացել է 83 կողմ, 17 դեմ, 1 ձեռնպահ ձայներ:

 

Փաթեթն ԱԺ նիստում ներկայացնելիս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մասնավորապես ասել է. «Նախագծերի փաթեթով առաջարկվում է միջդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով առանձին ենթամասնագիտացում ունեցող դատավորների ինստիտուտի ներդրումը: Նախագծով նախատեսվում է, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում առանձին դատավորներ, որոնք ունեն քրեական մասնագիտացում, քննելու են միջդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը եւ Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող օպերատիվ հետախուզական միջոցառումների թույլտվության միջնորդությունները, օրինակ՝ խուզարկության սանկցիաները, կալանքի հետ կապված սանկցիաները, ձերբակալման իրավաչափության հետ կապված գործերը եւ մի շարք այլ միջնորդություններ եւ բողոքներ, որոնք բնորոշ են միջդատական վարույթի փուլին»:

Մարզերում քրեական մասնագիտացում ունեցող դատավորները, ի լրումն իրենց կողմից քննվող քրեական գործերի, կրկին մասնագիտանալու են միջդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով: Այս նպատակով դատական համակարգում ավելացվում է առնվազն 17 հաստիք, որոնցից առնվազն 8-ը՝ Երեւանում: «Վերաքննիչ դատարանում ընդհանուր առմամբ վեց դատավոր կրկին մասնագիտանալու է միջդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով՝ ի լրումն իրենց կողմից քննվող քրեական գործերի»,- ասել է նախարարը:

Նախարարը հիշեցրել է, որ սա նորություն չէ, ՀՀ-ում երկար տարիներ քննարկվել է միջդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը քրեական գործերի քննությունից տարանջատելու հնարավորությունը:

Անդրադառնալով այն մտահոգություններին, թե իշխանությունը սրանով ցանկանում է իր համար հարմար դատավորներ ընտրել՝ Բադասյանը կարեւոր է համարել անդրադառնալ ընտրության ընթացակարգերին: Տեղի է ունենում գրավոր քննություն: Դրանից հետո տեղի է ունենում բարեվարքության ստուգում: Կոռուպցիայի կանխարգելման ինքնավար մարմինը տալիս է խորհրդատվական բնույթի եզրակացություն, արվում է նաեւ հոգեբանական թեստավորում նոր համակարգով: Դրանից հետո ԲԴԽ-ն կողմ կամ դեմ է քվեարկում թեկնածուին, որից հետո Արդարադատության ակադեմիայում ուսուցում են անցնում, քննության արդյունքներով նոր հայտնվում են համապատասխան ցուցակում: «Բնականաբար, այս ընթացակարգն արդեն վկայում է նրա մասին, որ խոսք չի կարող լինել գործադիրի կողմից ցանկալի դատավորներ ունենալու մասին»,-ասել է նախարարը:

 

 

 

ՊԱՐՏԱՎՈՐ ՉԵՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ

«Իմ քայլը» խմբակցությանն առաջարկում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարել։ Ցանկանում են արգելել անանուն աղբյուրներին հղում կատարելը։ Առաջարկվող փոփոխություններով` պահանջը տարածվելու է նաեւ առցանց ԶԼՄ-ների վրա։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը փաստում է, որ սա հերթական քայլն է խոսքի ազատության դեմ։ Օրենսդիր մարմնի իշխանական ներկայացուցիչները այս քայլով խախտում են «ՀՀ զանգվածային լրատվության մասին» 5-րդ հոդվածի 1-ին կետը, այն է՝ լրատվական գործունեություն իրականացնողները եւ լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը բազմիցս ֆիքսել եւ բարձրաձայնել է իշխանական օղակներից լրատվականներին եւ ազատ խոսքը ճնշելու փորձերը։ Այս դեպքը եւս բացառություն չէ, եւ կոչ ենք անում լրագրողական համայնքին միասնաբար պայքարել նմանօրինակ օրենքների դեմ։

 

 

 

ՃԱՆԱՉԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Ավստրալիայի Հարավային Ավստրալիա նահանգի խորհրդարանի ստորին պալատը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը՝ դատապարտելով Ադրբեջանին եւ Թուրքիային բնիկ հայկական տարածքներ ներխուժելու համար: Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը հայտնում է, որ համապատասխան բանաձեւն ընդունվել է խորհրդարանի ստորին պալատում տեղի ունեցած քվեարկության արդյունքում: Այս բանաձեւը հաջորդել է ավելի վաղ՝ 2020 թվականի հոկտեմբերին Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմնի կողմից ընդունված մեկ այլ բանաձեւին, որով նահանգը ճանաչում էր Արցախի անկախությունը եւ «կոչ անում Դաշնային կառավարությանը եւս ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես հակամարտության միակ մշտական լուծում՝ հետագայում խուսափելու նման ռազմական ագրեսիայից»: Օրենսդիր Թոմ Կուցանտոնիսի առաջ քաշած պատմական բանաձեւում նաեւ ասվում է. «Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի գործողությունները, որոնք իրականացվում են պանթուրքիստական ազգայնականության քաղաքականության համատեքստում, նախկինում հանգեցրել են ցեղասպանության, իսկ այժմ սպառնում են Արցախի հայկական բնակչության նկատմամբ էթնիկ զտում իրականացնել»: Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել բանաձեւի հեղինակներին, ինչպես նաեւ բոլոր այն խորհրդարանականներին, որոնք քվեարկել են դրա օգտին:

 

 

 

ԲԱՆԱԿԻ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ԵՎ ՄՈՆԹԵԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Դիլիջանի մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է բռնցքամարտի բաց առջնություն, որը նվիրված էր  հայոց ազգային բանակի կազմավորման 29-ամյակին եւ Մոնթե Մելքոնյանի հիշատակին։ Մրցաշարի անցկացման նախաձեռնությունը մարզադպրոցի  բռնցքամարտի  մարզիչ Սուրեն Մանուչարյանինն էր: Ս. Մանուչարյանը Արցախում տեղի ունեցած  վերջին  պատերազմի մասնակից է, եղել է Արցախ մեկնած առաջին կամավորներից: Դիլիջանի համայնքապետարանից հայտնել են, որ բռնցքամարտի առաջնությունը կայանում է երկրորդ անգամ եւ  հավակնում է դառնալու ավանդական։ Առաջնությանը մասնակցում էին Տավուշի, Լոռու, Արարատի,  Վայոց ձորի մարզերի, Երեւանի Վլադիմիր Ենգիբարյանի անվան եւ  Էրեբունու մարզադպրոցների 13 թիմեր` 150 մարզիկներով: Կայացան հետաքրքիր եւ  դիտարժան մարտեր: Դիլիջանի բաց առաջնության հաղթողները պարգեւատրվել են  դիպլոմներով ու պատվոգրերով:

 

 

 

ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հայտարարած «Երաժշտական եւ արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձերքբերում» ծրագրի շրջանակում «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը» Բերդի երաժշտական եւ արվեստի դպրոցին 3 երաժշտական գործիք է տրամադրել: Բերդի համայնքապետարանից հայտնեցին, որ քաղաքի երաժշտական եւ արվեստի դպրոցը համալրվել է մեկական դաշնամուրով, շվիով եւ դուդուկով։ Երաժշտական այդ գործիքների կարիքը Բերդում  զգացվում էր։

 

 

 

ԿՆՈՋԸ ԽԵՂԴԵԼ Է ՀԱԿԻ ԹԵԼՈՎ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է  Չինարի գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Գեւորգ Պետրոսյանի դատավարությունը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020թ. հունվարի 22-ին Բերդ համայնքի Չինարի բնակավայրում գտնվող, իրեն պատկանող առաձնատան հյուրասենյակում կնոջը՝ 1990թ. ծնված Նաիրուհի Այվազյանին, դիտողություն է արել ամուսնական անհավատարմության համար, ինչի շուրջ առաջացած վիճաբանության, այնուհետեւ քաշքշուկի ընթացքում երկուսով ընկել են հատակին, Գ. Պետրոսյանը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ վերցրել է  վառարանի տակ ընկած հակի թելը եւ խանդի շարժառիթով այդ թելով սեղմել Ն. Այվազյանի պարանոցը, որի հետեւանքով վերջինս մահացել է։ Գ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ի մասով. նա գտնվում է կալանքի տակ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս