«Մտավորականությունն այսօր շատ մեծ դեր ունի, արել եւ անում ենք մեր անելիքը»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախկին նախարար Սերժ Սրապիոնյանը՝ անդրադառնալով երկրում առկա իրավիճակին:
«Ես նկատում եմ, որ մեր շարքերը գնալով ստվարանում են: Մեզ են միանում այն մտավորականները, որոնք արտաքուստ թվում էին ավելի անտարբեր, ավելի մի տեսակ թմբիրի մեջ: Ես այն համոզմունքն ունեմ, որ մեր հասարակությանը հանրային հիպնոսի մեջ են գցել առանձին ճշմարտանման խոսքերով, մեղադրանքներով: Կարծում եմ՝ հասարակությունն աստիճանաբար արթնանում է խորը թմբիրից, քանի որ, դժբախտաբար, հարվածը շատ ուժգին էր եւ ցավոտ, եւ եթե երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնողը հիմնականում զգուշացնում էր, թե ցավոտ զիջումներ ենք ունենալու, ցավոտ խնդիրների ենք առնչվելու, որեւէ մեկս չէր պատկերացնում, թե այդ ցավոտության աստիճանն ինչպիսին էր լինելու: Եվ եղավ այն, ինչ եղավ: Այս պարագայում ես կարծում եմ, որ կուսակցությունները չէ, որ պետք է կարողանան երկիրն այս դժվարին վիճակից հանել: Ես կարծում եմ՝ այս վիճակից հանողները պետք է լինեն հենց մտավորականները: Ինչո՞ւ եմ այդպես կարծում. քանի որ 20-րդ դարի սկզբին, երբ մեզ մատուցվեց, այսպես կոչված, անկախ հանրապետություն, երբ անդրպետությունը քանդվել էր, եւ մենք մնացել էինք միայնակ, եւ տարօրինակ կերպով ամբողջ պետության ղեկավարման ծանրությունը չունենալով՝ հարյուրամյակների ընթացքում մտավորականությունը գնաց այդ ռիսկին, իսկ թե ինչու առաջին հանրապետությունը չգոյատեւեց, սա արդեն ուրիշ խնդիր է, եւ պատմաբաններն այդ հարցին կպատասխանեն: Խնդիրն այն է, որ նվիրումի աստիճանով մտավորականներն ավելի սթափ գտնվեցին եւ ավելի ոգով ու ավելի լավ էին ճանաչում սեփական ժողովրդին»,- նշում է սփյուռքի նախկին նախարար Սերժ Սրապիոնյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ այսօր մտավորականները պետական ղեկին գալու նպատակ չեն հետապնդում, նպատակը հակազգային վարչախմբից ազատվելն է. «Այո, չեմ վախենում այս բառն ասելուց, եթե անգամ քաղաքական բնութագիր ստանա իմ գնահատականը, համար առաջին նպատակն այս հակազգային վարչախմբից ազատվելն է: Ակնհայտ է, որ այս վարչախումբը ծառայում է գրեթե բոլորին, բացի սեփական ժողովրդից: Արդեն այն, որ համարձակվում են, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, այս կամ այն երկրի պետության գործակալը լինելու մասին լուրերը, սա ոչ միայն զգուշացում է, սա ուղղակի ահազանգ է, տագնապ, եւ այս տագնապից ազատվելու միակ ճանապարհը այդ վարչակազմի հեռանալն է, քանի որ, ինչքան էլ նրանք փորձեն ապացուցել, որ իրենք գործակալներ չեն, այլ հայրենասերներ են, լավագույն ապացույցը նրանց ապաշնորհ գործունեությունն է, որի արդյունքում երկիրը հայտնվել է այս ծայրագույն իրավիճակում»:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ «ՅՈՒՆԵՍԿՕ»-Ի ՀԵՏ
Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված հոդվածներն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարեւելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի (Սոֆիայի կենտրոն) 2021 թվականի «Կենսունակ ժառանգություն» պարբերականում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի տեղեկատվության վարչությունից, մասնավորապես հրապարակվել են «Այրոգի» ստվերների թատրոնի ղեկավար Արմեն Կիրակոսյանի «Հայկական ստվերների թատրոնի պատմությունից» եւ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի կրթության գծով տնօրեն Էլիզաբեթ Շիրինյանի «Ինքնության այբուբեն. իմ հայկական այբուբենը» հոդվածները:
Հոդվածներում ներկայացվում են հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության բազմազանությունը եւ այդ շրջանակում առանձնացող ինքնատիպ դրսեւորումները (էջ 101-111), ինչպես նաեւ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի եւ Հովհաննես Թումանյանի թանգարանի գործունեությանը վերաբերող ակնարկներ (էջ 33-36)։
Հայկական ստվերների թատրոնի մասին պատմող հոդվածում անդրադարձ է արվում ժողովրդական թատրոնի այդ տեսակի պատմությանը, ձեւավորման ընթացքին եւ արդի զարգացումներին։ Հայոց այբուբենին նվիրված հետաքրքրական հոդվածը ներկայացնում է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Հայ գրերն իմ գրչով» կրթական ծրագիրը: Այն անցկացվում է Գրիգոր Խանջյանի եռամաս որմնանկարի ցուցադրությամբ՝ ունկնդիր աշակերտի ուշադրությունը հրավիրելով «Հայոց այբուբեն» հատվածին, որը բացահայտում է յուրահատուկ ոճով ու գույներով առանձնացող թռչնատիպ տառերի զարմանահրաշ աշխարհը։
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Սոֆիայի կենտրոնի հետ համագործակցում է 2013 թվականից եւ ակտիվորեն մասնակցում է կենտրոնի կազմակերպած ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված միջոցառումներին` այդ համագործակցությունը դիտարկելով որպես հայկական մշակութային ժառանգության տարածման եւ միջազգային հանրահռչակման լայն հնարավորություն։
ՈՉ-ՈՔԻ ԽԱՂ
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Դուբայում ընթացող հավաքի երկրորդ ստուգողական խաղում ոչ-ոքի խաղաց ռուսական ՊՖԼ-ն ներկայացնող «Ռոդինայի» հետ՝ 1:1: Երեւանյան ակումբի կազմում հաշիվը 11-րդ րոպեին բացեց պերուացի հարձակվող Ջեյսոն Մարտինեսը: Մոսկովյան ակումբը պատասխան գոլը խփեց 84-րդ րոպեին: Հավաքի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» 0:2 հաշվով պարտվել էր Եկատերինբուրգի «Ուրալին»: Մինչեւ փետրվարի 12-ը կայանալիք հավաքի ընթացքում Դավիդ Կամպանյայի գլխավորած թիմն ընկերական հանդիպումներ կանցկացնի նաեւ ռուսական «Զենիթի» (փետրվարի 4) ու լատվիական «Ռիգայի» (փետրվարի 11) հետ: Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին «Ռոդինայի» հետ ստուգողական հանդիպում էր անցկացրել նաեւ Երեւանի «Փյունիկը»՝ հաղթելով նվազագույն հաշվով: