Մի քանի օր է, ինչ համացանցն ակտիվորեն քննարկում է Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանին, որը նախ հայտարարել էր, թե կապ չունի՝ ով է սկսել արցախյան պատերազմը, ապա արդեն լրագրողների հետ զրույցում Շուշի քաղաքն անվանեց Շուշա, այնուհետեւ ուղղեց իրեն։
ArmLur.am-ը փոքրիկ ուսումնասիրություն կատարեց՝ փորձելով հասկանալ, թե ով է Անուշ Բեղլոյանը, ինչպես է հայտնվել խորհրդարանում եւ, որ ամենակարեւորն է, ում շահերն է պաշտպանում։ Նրա կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա մինչեւ պատգամավոր դառնալը՝ 2005-2009թթ. եւ 2016 թվականից, եղել է Հայաստանի ֆրանսիական համալսարանի դասախոս (գործարար հաղորդակցություն եւ հասարակայնության հետ կապեր), 2008-2014թթ.՝ «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար, 2014թ. մարտ-հոկտեմբեր` «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի մարկետինգի եւ հաղորդակցության դեպարտամենտի ղեկավար, 2015-2018թթ.՝ «Հանրային հաղորդակցության լաբորատորիա» ՍՊԸ գլխավոր գործադիր տնօրեն:
Բայց, որ ամենակարեւորն է, Անուշ Բեղլոյանը 2018թ. եղել է Եվրոպայի խորհրդի Արեւմտյան Բալկանների ու Թուրքիայի ստորաբաժանման շահերի պաշտպանության միջազգային փորձագետ Բոսնիա եւ Հերցեգովինայում: Միգուցե ներկայիս պատգամավորը դեռ գիտի, թե նախկին աշխատանքն է կատարում, եւ մոռացել է, որ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր է եւ ՀՀ շահերի սպասարկուն։ Հավելենք, որ Բեղլոյանը Ազգային ժողովում է հայտնվել խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանի երաշխավորությամբ, համարվում է նրա թիմակիցը եւ խորհրդարանական դիվանագիտության մեջ Արարատ Միրզոյանի հրամաններով Բեղլոյանին միշտ տրվել է ընդգծված առավելություն։
Փաստորեն, Անուշ Բեղլոյանը, որ Հայաստանում շատ օտարերկրյա պատվիրակություններ է ընդունել եւ այցեր կատարել, մինչեւ պատգամավոր դառնալը եղել է Թուրքիայի շահերի պաշտպանը։
Հետաքրքիր է՝ ՀՀ ԱԱԾ-ն տեղյակ է արդյոք այդ մասին, վերահսկվում է արդյոք այս ամենը, թե նորմալ է Թուրքիայի շահերը սպասարկող պատգամավոր ունենալը ՀՀ ԱԺ-ում։ Ինչո՞ւ ենք այսպիսի պնդում անում. որովհետեւ պատգամավորի պաշտոնական կենսագրության մեջ գրած է, որ 2018թ. նա եղել է ԵԽ Արեւմտյան Բալկանների ու Թուրքիայի ստորաբաժանման շահերի պաշտպանության միջազգային փորձագետ Բոսնիա եւ Հերցեգովինայում, ու չի ասվում, թե Թուրքիայի շահերի պաշտպանությունը որքան է տեւել. գուցե մինչեւ այսօ՞ր։
Սակայն հետաքրքիր է, որ իմքայլական պատգամավորը լրագրողների հետ զրույցում փորձել է հերքել եւ ասել, թե տարածաշրջանային օնլայն քննարկման ժամանակ հնչեցրած իր մտքերը խեղաթյուրված են մատուցվում: «Պետք է առաջ նայենք, ոչ թե վերադառնանք անվերջանալի քննարկմանը, թե ով էր առաջինը, ում պատմական հողերն են, որովհետեւ, ինչպես գիտեք, հնագույն պատմիչներին ու պատմական քաղվածքներին մեջբերումներ անելուց Հայաստանին հասնող չկա», – ասել էր Բեղլոյանը։
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել էր իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին՝ առաջարկելով քննարկել Բեղլոյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը կամ նվազագույնը սահմանափակել միջազգային կոնֆերանսներին եւ խորհրդարանական դիվանագիտության օղակներում նրա մասնակցությունը, քանի որ «կոնֆերանսի ժամանակ հնչեցրած նրա մտքերը հակասում են ՀՀ պետական շահին եւ վարվող արտաքին քաղաքականության սկզբունքներին»։ Ինքը Բեղլոյանը Գորգիսյանի գրառումը ոչ պրոֆեսիոնալ որակեց. «Պարոն Գորգիսյանը, լինելով երկու գումարումների փորձառու պատգամավոր եւ ունենալով բավականաչափ լավ կրթություն, չէր կարող չհասկանալ, որ այդպիսի հայտարարության տակ պետք է դնել սկզբնաղբյուրի հղումը, այլ ոչ թե ինձ վերագրվող խոսքեր պարունակող ինչ-որ լրատվամիջոցի նյութ»։
Ն.Հ.
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-5-ը աշխատանքային այց կկատարի Ղազախստանի Հանրապետություն: Վարչապետն Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին եւ «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովին: Նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ:
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ: Նշենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում էր Մովսես Հակոբյանը, որը ազատման դիմում էր ներկայացրել։
ՊԵՏՔ Է ՊԱՏԺԵԼ
Հայաստանում անհրաժեշտ է խստացնել այլ պետության օգտին լրտեսության եւ հայրենիքի դավաճանության համար պատիժը. այս մասին ասել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնության հեղինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից խորհրդարանի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը: Նա առաջարկել է մեծացնել այդպիսի հանցագործությունների կատարման համար պատժաժամկետը: «Այս հանցագործություններն իրենց ծանրության աստիճանով չի կարելի որեւէ կերպ համեմատել այլ հանցագործությունների հետ»,- ընդգծել է պատգամավորը՝ նշելով, որ պատիժը պետք է համապատասխանող լինի: Նրա կարծիքով՝ դեպքերը ցույց են տալիս, որ գործող իրավանորմատիվային ակտերը չեն կանխում դավաճանությունը կամ լրտեսությունը, ուստի, որպես նախազգուշական միջոց, անհրաժեշտ է որոշել Քրեական օրենսգրքի շրջանակում խիստ պատժի խստության չափը: Դրանից ելնելով՝ առաջարկվում է լրտեսության եւ հայրենիքի դավաճանության համար սահմանել 20 տարուց մինչեւ ցմահ բանտարկություն՝ գույքի բռնագանձման իրավունքով:
ԱԼԻԵՎԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դիմել է երկրի քաղաքացիներին` կոչ անելով դեռեւս զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ այցելելուց, քանի դեռ այնտեղ չի ավարտվել ականազերծման գործընթացը: «Ցավոք, պատերազմից հետո եւ վերջին օրերին այնտեղ տեղի են ունենում դժբախտ պատահարներ: Ես ուզում եմ դիմել Ադրբեջանի քաղաքացիներին, խնդրում եմ նրանց առանց թույլտվության չայցելել այնտեղ, քանի որ դա վտանգավոր է»,- ասել է Ալիեւը: Նա կոչ է արել հսկիչ-անցագրային կետերի աշխատակիցներին ուժեղացնել հսկողությունը դիտակետերում:
ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՆԱԽԱԳԻԾ
Armlur.am-ը տեղեկացավ, որ այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել: Խորհրդարան է գալու նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Հանձնաժողովում պետք է ներկայացվի աղմկահարույց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծերի փաթեթը, որը նախորդ ԱԺ հերթական նիստի ժամանակ չքննարկվեց:
Նշենք, որ 2020թ. դեկտեմբերի 3-ին այն՝ որպես անհետաձգելի եւ չզեկուցվող հարց, ընդգրկվել էր ՀՀ կառավարության օրակարգում եւ հավանության արժանացել, մինչդեռ մի շարք բուհեր` ներառյալ Երեւանի պետական համալսարանը եւ Երեւանի պետական բժշկական համալսարանը, պահանջել էին հետ կանչել օրենքի նախագիծը` դրա որոշ կետեր անընդունելի համարելով։ Նախագծի անցումային դրույթներում նշվում է. «Սույն օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչեւ սույն հոդվածի 12-րդ մասին համապատասխան հանրային բուհերում եւ հանրային գիտական կազմակերպություններում կառավարման խորհուրդների ձեւավորումը, այդ բուհերում ու գիտական կազմակերպություններում համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը հինգ տարուց ոչ ավելի ժամկետով նշանակում է ռեկտոր, տնօրեն»: Սա նշանակում է, որ բուհերի ռեկտորներին այսուհետ նշանակելու է նախարարը: Այն, որ սա հակասահմանադրական է, այլեւս քննարկման ենթակա չէ: Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետը հստակ սահմանում է. «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք՝ ներառյալ ակադեմիական եւ հետազոտությունների ազատությունը»:
Սակայն այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք եւս. արդյոք այս փոփոխությունը վերաբերելու է միայն թափուր մնացած ռեկտորների պաշտոնների՞ն, թե՞ նաեւ գործող ռեկտորների, որոնք նախարարի սրտով չեն լինի:
ՉԻ ԴԱԴԱՐԵՑՎԻ
Ռուսաստանի Դաշնությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեությունը չի դադարեցվելու. այս մասին փոխանցել է Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն: Ըստ նախարարության տեղեկության՝ օտարերկրյա պետություններում գործող Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները շարունակում են իրենց բնականոն գործունեությունը՝ ուղղված նստավայր պետություններում Արցախի Հանրապետության եւ նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, տարբեր բնագավառներում փոխշահավետ կապերի զարգացմանն ու առաջմղմանը եւ օրենքով սահմանված այլ գործառույթների։