Լուսանկարն արվել է Երեւանում
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի եւ Փափազյան փողոցի խաչմերուկում ճակատ-ճակատի բախվել են BMW եւ Lada Priora մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ 1-ին կուրսի առաջին կիսամյակում սովորողն իրավունք ունի արդյոք օգտվելու ուսման վարձի զեղչից: Եթե այո, ապա խնդրում եմ ներկայացնել կարգը:
Լիդա Պետրոսյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Պետրոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված եւ ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող 1-ին կուրսի ուսանողներին, ըստ սահմանված չափերի, համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում տրամադրվում է պետության կողմից ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի մասնակի փոխհատուցում:
Բակալավրի եւ ինտեգրացված կրթական ծրագրով սովորողների համար հաշվի են առնում ընդունելության քննություններից ստացած գումարային գնահատականը, իսկ մագիստրատուրայի ուսանողների համար՝ բակալավրի կրթական ծրագրի միջին որակական գնահատականը /ՄՈԳ/:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չֆինանսավորվող ուսումնական հաստատություններում կրթաթոշակի հատկացման մասին որոշումն ընդունում է հիմնադիրը:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
ՀԱՐՑ. Ո՞ր դեպքերում գործատուն կարող է իր նախաձեռնությամբ լուծել աշխատողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը:
Արփինե Մաթեւոսյան (36 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ գործատուն կարող է իր նախաձեռնությամբ լուծել աշխատողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը հետեւյալ դեպքերում.
1) կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման եւ օրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու) դեպքում,
2) արտադրության ծավալների եւ (կամ) տնտեսական եւ (կամ) տեխնոլոգիական եւ (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման եւ (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի եւ (կամ) հաստիքների կրճատման դեպքում,
3) աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում,
4) աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում,
5) աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում,
6) աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում,
7) աշխատողի երկարատեւ անաշխատունակության հետեւանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 140 օր, եթե օրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը եւ պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով),
8) աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու դեպքում,
9) անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում,
10) պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարվելու կամ խուսափելու դեպքում,
11) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի՝ վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կազմակերպության լուծարման հետեւանքով աշխատանքային պայմանագիրը լուծելիս չեն կիրառվում 114-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները: