ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՕՐԻՆԱԽԱԽՏ Է ԵՎ ԱՆԿԱՐՈՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ 2020 թվականի աշնանը պետք է խորհրդարանում ներկայացվեր 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի եզրակացությունը, սակայն մինչեւ այժմ այն չկա, եւ ստացվում է՝ հանձնաժողովը ե՛ւ դե ֆակտո, ե՛ւ դե յուրե ոչ միայն գոյություն չունի, այլեւ  անիմաստ աշխատանքով է զբաղված եղել: Նախ՝ նշենք՝ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր 2019 թվականի մայիսի 31-ին վեց ամիս ժամկետով: Ապա արդեն դեկտեմբերի 10-ին, միաձայն քվեարկությամբ, երկարացվեց քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը, քանի որ գործունեության ժամկետն ավարտվել էր, սակայն հանձնաժողովը չէր ավարտել աշխատանքները։ Իսկ, ահա, «ԱԺ կանոնակարգ» օրենքի 20-րդ հոդվածի համաձայն. «Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչեւ վեց ամիս է, որը կարող է մեկ անգամ հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ վեց ամսով»: Նույն «ԱԺ կանոնակարգ» օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի լիազորությունները ավարտվում են՝

1) Ազգային ժողովի նիստում նրա զեկույցի քննարկումն ավարտվելու պահից,

2) հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում, եթե մինչ այդ զեկույցը չի ներկայացվել Ազգային ժողովի քննարկմանը:

Սա էլ իր հերթին ենթադրում է, որ քննիչ հանձնաժողովի լիազորությունները վաղուց ավարտված են, սակայն զեկույցն այդպես էլ չկա։ Մինչդեռ «ԱԺ կանոնակարգ» օրենքի հոդված 25-ը հստակ սահմանում է, թե ինչպես պետք է ներկայացվի զեկույցը. «Քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաեւ դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները», ապա՝ «Զեկույցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում»: Սակայն այս ընթացքում զեկույց չի ներկայացվել գոնե ԱԺ հերթական նիստում: Սա ակնհայտ օրենքի խախտում է, եւ աներկբա է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը  չի կարողանում պահպանել եւ պաշտպանել «ԱԺ կանոնակարգ» օրենքի դրույթները: Բանն այն է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի հինգերորդ հոդվածն էլ սահմանում է. «Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը եւ ապահովում նրա բնականոն գործունեությունը»: Այսինքն՝ չնայած աշնանը պետք է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից ներկայացվեր ապրիլյան հանձնաժողովի զեկույցը հենց Արարատ Միրզոյանին եւ քննարկվեր այն ԱԺ լիագումար նիստում, սակայն դա տեղի չի ունեցել, ինչը նշանակում է, որ Արարատ Միրզոյանն իր պաշտոնեական պարտականությունները ի զորու չէ կատարել եւ չի ապահովում խորհրդարանի բնականոն գործունեությունը:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հանձնաժողովում քննարկվել է աղմկահարույց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծերի փաթեթը, որը նախորդ ԱԺ հերթական նիստի ժամանակ չքննարկվեց: Այն հանձնաժողովին ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: ԵՊՀ-ում եւ այլ բուհերում անձնական օգտագործման ռեկտորներ ունենալու միտքը հանգիստ չի տալիս հեղափոխական, ապաքաղաքական կրթության ջատագով իշխանություններին։ Մեր տեղեկությունների համաձայն՝ տեւական ժամանակ է՝ իշխանության ներկայացուցիչները քննարկում էին՝ ինչպես վարվել նախագծում առկա սկանդալային մի կետի հետ կապված, ըստ որի՝ նախագծի ընդունումից հետո նախարարն է նշանակելու հայաստանյան բոլոր բուհերի ռեկտորներին: Երեկ հանձնաժողովում եկել են այն եզրահանգման, որ առավելագույն ձայներ հավաքած երեք հոգու անունը ուղարկում են նախարարին, եւ նրանցից մեկին նշանակում է նախարարը: Այսկերպ իշխանության ներկայացուցիչները որոշել են, իբրեւ թե, մեղմել իրավիճակը, բայց սա եւս նշանակում է, որ կրկին նախարարն է որոշում, թե իր համար ով է ցանկալի թեկնածուն, ու ըստ այդմ էլ նշանակումն իրականացնում է: Նշենք, որ 2020 թ. դեկտեմբերի 3-ին այն՝ որպես անհետաձգելի եւ չզեկուցվող հարց, ընդգրկվել էր ՀՀ կառավարության օրակարգում եւ հավանության արժանացել, մինչդեռ մի շարք բուհեր` ներառյալ Երեւանի պետական համալսարանը եւ Երեւանի պետական բժշկական համալսարանը, պահանջել էին հետ կանչել օրենքի նախագիծը` դրա որոշ կետեր անընդունելի համարելով։ Այս շաբաթ մեկնարկելու է ԱԺ հերթական նստաշրջանը, որի օրակարգում պետք է հարցը ընդգրկվի։ Թե ԱԺ ամբիոն հասնելով՝ նախագիծն ինչ փոփոխությունների կենթարկվի՝ դժվար է այս պահին ասելը:

 

 

 

 

Երեւան քաղաքի՝ 2020 թվականի բյուջեն ի սկզբանե, նախատեսվածի համեմատ, պակաս է լինելու 603 մլն դրամով: Պատճառը նախորդ տարվա ընթացքում կառավարության կողմից սուբվենցիաներ չտրամադրելն ու ծրագրերի անկատար մնալն է եղել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի ավագանու փետրվարի 9-ի նիստում փոփոխություն է կատարվելու Երեւանի քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին որոշումներից մեկում: Այդ նիստի օրակարգում լինելու է 17 հարց, որոնցից մեկն էլ հենց բյուջեի նախագծում փոփոխություններն են լինելու: Մասնավորապես, փոփոխությամբ նախատեսվում է պետության կողմից Երեւանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների՝ 2020 թվականի բյուջեն կրճատել 342 մլն դրամով, իսկ Երեւան համայնքի 2020 թվականի բյուջեի նպատակային հատկացումները (սուբվենցիաներ)՝ 261 մլն դրամով, որի արդյունքում Երեւան համայնքի 2020 թվականի բյուջեի եկամտային եւ ծախսային մասերը համապատասխանաբար կնվազեն 603 մլն դրամով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոսքը սուբվենցիաների մասին է, որ պետք է կառավարությունը տրամադրեր ծրագրի իրականացման համար, սակայն չի իրականացվել, եւ գումարներն էլ չեն տրվել, որի պատճառով էլ բյուջեում այդպիսի փոփոխություններ կլինեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այստեղ մեղավորությունը նաեւ Ֆինանսների նախարարությանն է, որն ուշացրել է նախագիծը եւ նոր խնդիրների հանգեցրել:

 

 

Հայաստանում ծնվածների թիվն ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում եթե 2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ծնվածների թիվը կազմել է 36 հազար 574, 2019 թվականին՝ 36 հազար 41, ապա 2020-ի նույն ժամանակահատվածում այն ավելացել է՝ դառնալով 36 հազար 448: Բացի այս, պակասել է նաեւ մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 606-ից հասնելով 450-ի: Իսկ, ահա, մահացածների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 9185-ով: Մյուս բացասական նորությունը. Հայաստանում սկսել են քիչ ամուսնանալ: Եթե 2019-ին գրանցվել են 15 հազար 561, ապա 2020-ին ամուսնությունների քանակը կազմել է 12 հազար 179: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում նախորդ տարվա հունվար-դեկտեմբերին ամուսնալուծության դեպքերը կազմել են 3155, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ամուսնալուծությունները պակասել են 725-ով: Մի շարք մասնագետների խոսքերով՝ այսօր երիտասարդները նախընտրում են քաղաքացիական ամուսնության տարբերակը:

 




Լրահոս