ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՍՈՒՏ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ որ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ, հեղափոխական երիտասարդները հայտարարում էին, թե ամենուր լինելու են հեղափոխական փոփոխություններ, եւ մարդիկ տեսնելու են, թե ինչպես են տարիներով չլուծված հարցերը լուծում ստանալու: Ավա՜ղ, սխալվեցինք:

 

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը եղել է «Կիլիկիա» ավտոկայանում՝ պարզելու՝ արդյոք հեղափոխությունից 3 տարի անց արդեն ունենք եվրոպական չափանիշներով ավտոկայան: Նախկինում տրանսպորտի, իսկ այսօր ԲՏ նախարար Հակոբ Արշակյանը, իսկ այժմ էլ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը մեծ թափով ավտոկայանի նախկին անձնակազմին վերից վար փոխեցին՝ այդպես հայտարարելով, թե արդարություն են վերականգնում եւ փրկում կայարանը կործանումից՝ տանելով դեպի զարգացում: Բայց այն, ինչ արձանագրեցինք, իրականում հիասթափեցնող էր:

Կհիշեք՝ դեռեւս 2019 թվականին այդ ավտոկայանի հակասանիտարական վիճակին անդրադարձել է անգամ ներկայիս Բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը (2019-ին տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար էր): Նախարարը ուղիղ հեռարձակմամբ հայտարարել էր. «Ահավոր հակասանիտարական վիճակ է հատկապես զուգարաններում, տասնյակ տարիների ընթացքում որեւէ աշխատանք չի իրականացվել»: Այսպիսով, ավտոկայանի ճակատագիրը փրկելու համար Արշակյանը Ռոման Համբարձումյանին նշանակեց տնօրեն:

Այս ինքնագոհ երիտասարդը հայտարարում էր, թե ներդնելու է էլեկտրոնային միասնական տոմսային համակարգ, վերացնելու է ավտոկայանի հակասանիտարական վիճակը: Բայց ինչպես փորձն է ցույց տալիս, նման մեծամիտ հայտարարություններ անողները սովորաբար անգործունակ են լինում եւ ընդամենը օդում պղպջակ արտադրողներ են:

Ամեն դեպքում, նախարարների նշանակած կադրերի աշխատանքի արդյունավետության մասին հայտարարությունների հետքերով գնալով՝ «Ժողովուրդ» օրաթերթը «Կիլիկիա» ավտոկայանում արձանագրեց, որ Ռոման Համբարձումյանն իր աշխատանքային մի քանի ամիսներում միայն զուգարանն է նորոգել: Այսինքն՝ մի քանի ամիս էր պետք ավտոկայանի փրկչին զուգարան նորոգելու համար: Բայց զավեշտը դեռ այսքանով չի ավարտվում. «Արմլուր» լրատվականը պարզեց, որ զուգարան նորոգած Ռոման Համբարձումյանն այդ գործը արել է՝ ոչ ի շահ քաղաքացու, այլ կոմերցիոն նպատակներով: Այսօր զուգարանից օգտվելու համար ե՛ւ վարորդները, ե՛ւ քաղաքացիները 100 դրամ են  վճարում ավտոկայանում:

Բայց այդ ընթացքում զուգարան նորոգած Ռոման Համբարձումյանը միայն ավտոկայանի տնօրենը չի եղել. նա միաժամանակ «Veolia Armenia» ԵՏԱՏ Կենտրոն տեղամասի պետ էր: Այսինքն՝ միաժամանակ 2 աշխատանք ուներ եւ, բնականաբար, չէր կարող 2 տեղ աշխատանք ունեցող մարդը զուգարան նորոգելուց բացի այլ բան հասցնել: Համենայնդեպս, վարորդները մեզ հետ զրույցում նկատեցին, որ Համբարձումյանին շատ են տեսել «ջրմուղի մեքենայով» ավտոկայան գալիս ու շուտ գնալիս:

Ահա այսպես երիտասարդը մեծապես տապալել է իր աշխատանքը, խոստումները չի կատարել, քանի որ էլեկտրոնային միասնական տոմսային համակարգի մասին ավտոկայանում ժպիտով էին խոսում:

«Կիլիկիա» ավտոկայանի պետ Սամվել Խաչատրյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ ինքը պաշտոնավարման 3 ամիսների ընթացքում հասցրել է մի շարք խնդիրներ լուծել. «Ամբողջ ավտոկայանը այժմ լուսավորվում է. խոսքը դրսի արտաքին լուսավորման մասին է: Նախկինում ավտոկայանի դահլիճում մութ է եղել, այժմ լուսավոր է: Ավտոկայանի տանիքն է մասնակի վերանորոգվել, նախկինում ջուրը չռռում էր: Մասնակի վերանորոգում արեցինք,  այդ ջրերը կտրեցինք»:

Այսպիսով, Ռոման Համբարձումյանը արդեն 3 ամիս է՝ ավտոկայանի տնօրենը չէ, փոխարինող ունի, բայց գործող իշխանությունը ոչ թե պատժել է ձախողած տնօրենին, այլ մոռացության մատնել:

Բայց զուգարան նորոգած Ռոման Համբարձումյանին նրա թշնամիները չեն մոռացել, եւ նույնիսկ տնօրենի պաշտոնը չկարողացավ օգնել՝ խուսափելու վրեժխնդրությունից: Դեռեւս 2019 թվականի  մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Ռոման Համբարձումյանի սեփական տան բակում անհայտ անձինք այրեցին նրա ավտոմեքենան: Ովքեր էին, ինչու՝ այդպես էլ լայն հանրությունը չիմացավ: Թերեւս դրա համար էլ «Վիոլիա ջուր»-ի ավտոմեքենայով էր երթեւեկում:

Ս. Հ.

 

 

 

ԿՍԱՀՄԱՆՎԻ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՏՈՒԳԱՆՔ

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Իմ քայլի» պատգամավորների հեղինակած օրենքի նախագծին, որով սպառողների վարկավորման կամ ավանդների ներգրավման գործառույթի իրականացման համար նախատեսված կարգավորումները խախտելու համար բանկերի նկատմամբ կսահմանվեն տուգանքի ավելի բարձր չափեր:

 

Բաբկեն Թունյանի եւ Արտակ Մանուկյանի՝ «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովի նիստում ներկայացրեց համահեղինակ Արտակ Մանուկյանը:

Այժմ գործող օրենքներով սպառողներին վարկավորման կամ ավանդների ներգրավման գործառույթի իրականացման համար նախատեսված կարգավորումները խախտելու համար սահմանված են տուգանքի հետեւյալ չափերը` առաջին անգամ խախտման համար` 100 հազար, երկրորդ անգամ` 200 հազար, իսկ երեք եւ ավելի խախտման համար` 500 հազար ՀՀ դրամ: Տուգանքը գանձվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:

Պատգամավորներն առաջարկում են սահմանել ավելի բարձր տուգանքներ: Նրանք առաջարկում են սահմանել, որ բանկի կողմից օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում մեկ անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք` մինչեւ 500 հազար դրամ, բայց ոչ պակաս, քան 300 հազար դրամ: Իսկ 365 օրվա ընթացքում երկու անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք` 1 մլն դրամ, բայց ոչ պակաս, քան 500 հազար դրամը, երեք եւ ավելի անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք` մինչեւ 2 մլն, բայց ոչ պակաս, քան 1 մլն դրամը:

«ԿԲ-ն այս գործիքակազմը որպես վերջին աստիճանի գործիք է կիրառում»,- ասել է Մանուկյանն ու հավելել է, որ նախագծի նպատակն է սպառողների իրավունքների պաշտպանության ավելի բարձր մակարդակ ապահովելը՝ շեղումների համար ավելի մեծ չափով պատժելով:

ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի խոսքով՝ իրենք պաշտպանում են օրենսդրական այս նախաձեռնությունը: Հանձնաժողովի նիստում երկար քննարկումներից հետո նախագծերի փաթեթը ստացավ դրական եզրակացություն:

 

 

 

ԱՀԱԶԱՆԳԵՐ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ստանալ ահազանգեր ծնողներից եւ ուսուցիչներից թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Բողոքների վերլուծությունը ցույց է տալիս, որ ծնողներն ու ուսուցիչները բավարար տեղեկացված չեն համացանցի վտանգներից ու խնդիրներից։ Վերջերս համացանցում լայն տարածում են գտել երեխաների կյանքի եւ առողջության համար վտանգավոր խաղեր, որոնք անկառավարելի տարածում են ստացել ամբողջ աշխարհում եւ մեծ սպառնալիք են երեխաների, հատկապես՝ դեռահասության տարիքում գտնվող երեխաների առողջ զարգացման համար: Ցավոք, մեր երկրում նույնպես տարածում են գտել այդպիսի խաղեր։ Նշվածը պահանջում է երեխաների ծնողների, այլ օրինական ներկայացուցիչների, ուսուցիչների կողմից առավել մեծ ուշադրություն եւ զգոնություն, հստակ կանխարգելիչ միջոցներ, այդ թվում՝ ուղղված երեխաների համար թվային միջավայրում անվտանգության մեխանիզմների կատարելագործում: Երեխաները նույնպես պետք է իմանան, թե ինչպես խուսափեն վտանգներից կամ ինչպես պաշտպանեն իրենց համացանցում, քանի որ նորարարական տեխնոլոգիաների միջավայրը գրավիչ ազդեցություն ունի երեխաների վրա: Թվային միջավայրում երեխաների պաշտպանության վերաբերյալ օգտակար խորհուրդներ երեխաներն ու նրանց ծնողները, ինչպես նաեւ ուսուցիչները կարող են գտնել «Թվային միջավայրում երեխաների իրավունքները հարգելու, պաշտպանելու եւ իրացնելու համար» ուղեցույցում, որն ընդունվել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից: Տվյալ ուղեցույցը պարունակում է առաջարկություններ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունների համար: Ուղեցույցի հայերեն թարգմանությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է դեռեւս 2018 թվականին: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար կազմակերպում է սեմինարներ ուսուցիչների համար՝ ուշադրություն դարձնելով թվային միջավայրում երեխաների անվտանգության վերաբերյալ ինֆորմատիկայի ուսուցիչների իրազեկվածության բարձրացմանը։ Այդ դասընթացներին արդեն իսկ մասնակցել է շուրջ 100 ուսուցիչ:

 

 

 

ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ 2-ՐԴ ՓՈՒԼԸ

Ռուս խաղաղապահ զորախմբի ռազմաբժիշկները արդեն սկսել են Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահներին «Սպուտնիկ-V»-ով պատվաստելու երկրորդ փուլը: Այս մասին հայտնում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է հասցվել պատվաստանյութի մոտ 2 հազար չափաբաժին։ Այդ թիվը բավական է խաղաղապահների ամբողջ անձնակազմին պատվաստելու համար։ Պատվաստանյութը առաքվում է հատուկ թերմոկոնտեյներներով, որոնք ապահովում են փոխադրման ժամանակ պատվաստանյութի անվտանգությունը։

 

 




Լրահոս