Փետրվարի 2-ին հրապարակվել է «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» (Economist Intelligence Unit – EIU) հետազոտական եւ խորհրդատվական ընկերության 2020թ. ժողովրդավարության համաթիվը, որտեղ Հայաստանը վատթարացրել է իր ցուցանիշը՝ 86-ից իջնելով 89-րդ հորիզոնական։
Ընկերության ժողովրդավարության համաթիվը գնահատում է ժողովրդավարության մակարդակը 165 անկախ պետություններում եւ երկու տարածքներում։ Հայաստանի 2020 թվականի ժողովրդավարության ինդեքսը 5.35 է, որը ձեւավորվել է ընտրական գործընթացների (7.50), կառավարության գործունեության (5.00), քաղաքական մասնակցության (6.11), քաղաքական մշակույթի (3.13), քաղաքացիական ազատությունների (5.00) ցուցանիշների հիման վրա։
Այսպիսով, Հայաստանը ժողովրդավարության ինդեքսով աշխարհում զբաղեցրել է 89-րդ տեղը՝ նախորդ տարվա 86-րդի փոխարեն (Հայաստանի 2019 թվականի ժողովրդավարության ինդեքսը 5.54 էր): Ընդ որում` Հայաստանը շարունակում է համարվել «հիբրիդային ռեժիմ» ունեցող պետություն։
Զեկույցում Հայաստանի վերաբերյալ տրվել է առանձին գնահատական. «Հայաստանի միավորը 2020 թվականին զգալիորեն նվազել է այն բանից հետո, երբ երկիրը շրջանցեց տարածաշրջանային միտումը եւ զգալի առաջընթաց գրանցեց 2018-19 թվականներին։ Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ պատերազմի արդյունքում Հայաստանի կառավարությունը ռազմական դրություն հայտարարեց, որը զգալիորեն սահմանափակեց քաղաքացիների ազատությունները՝ ներառյալ արտահայտվելու ազատությունը։ Անգամ պատերազմի ավարտից հետո ռազմական դրությունը շարունակվեց եւ օգտագործվեց որպես առիթ՝ հակակառավարական ցույցերը ցրելու եւ ընդդիմության առաջնորդներին ձերբակալելու համար»։
Հետաքրքիր է, որ նախորդ տարի Նիկոլ Փաշինյանը երկու անգամ խոսել էր «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ»-ի 2019թ. ժողովրդավարության ինդեքսում Հայաստանի գրանցած ցուցանիշների մասին եւ հայտարարել, թե այդ առումով առաջընթաց կա։ «Փաստ N 68. Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» հետազոտական եւ խորհրդատվական ընկերության կողմից հրապարակված «Ժողովրդավարության համաթիվ 2019» զեկույցում Հայաստանն իր դիրքը բարելավել է միանգամից 17 հորիզոնականով՝ առաջ անցնելով հարեւան բոլոր երկրներից: Նախորդ զեկույցում զբաղեցրած 103-րդ տեղից Հայաստանը հայտնվել է 86-րդ տեղում», – նշել էր նա:
2020 թվականի հունվարի 23-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը երկու «լավ լուր» էր ներկայացրել, որոնցից մեկն առնչվում էր այս ընկերության կողմից հրապարակված զեկույցին։ Փաշինյանն ասել էր. «Ուրեմն, «Միջազգային ժողովրդավարության ինդեքս-2019» զեկույցի համաձայն՝ Հայաստանը շարունակել է առաջընթաց գրանցել ժողովրդավարության ոլորտում։ 2019 թվականի արդյունքներով՝ Հայաստանը ստացել է 5.54 միավոր՝ նախորդ 4.79 միավորի փոխարեն, եւ 17 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը՝ նախորդ 103-րդ տեղի փոխարեն 167 երկրների շարքում զբաղեցնելով 86-րդ հորիզոնականը։ Այսպիսով, մենք կարող ենք արձանագրել, որ միջազգային զեկույցների համաձայն՝ Հայաստանը համարվում է տարածաշրջանի ամենաժողովրդավարական պետությունը»։
Նշենք նաեւ, որ տարբեր մասնագիտական շրջանակներ՝ իրավաբաններ, քաղաքագետներ, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, պատերազմական օրերին եւ դրանից հետո բղավում էին այն մասին, որ ռազմական դրության ռեժիմի պահպանումը եւ մարդու իրավունքների սահմանափակումները հատկապես պատերազմից հետո արդարացված չեն եւ նպատակ ունեն լռեցնելու քննադատությունն ու Նիկոլ Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսներին։ Փաստորեն, միջազգային կառույցները հիմա այլ բան են արձանագրում:
Ն. Հ.
ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Արցախի փրկարար ծառայության 5 ջոկատ վերսկսել է զոհվածների աճյունների եւ ողջ մնացած զինծառայողների որոնումները՝ Հադրութի, Վարանդայի (Ֆիզուլի) եւ Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններով: Ծառայության փրկարարական ջոկատները երկօրյա դադարից հետո վերսկսել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների, միաժամանակ անհետ կորածների փրկարար-որոնողական աշխատանքները: Աշխատանքներին մասնակցում են նաեւ զինծառայողների հարազատները:
158 ԴԵՊՔ
Հայաստանում փետրվարի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 158 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 726-ի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 659 181, վերջին մեկ օրում` 2858 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 4488 պացիենտ. մեկ օրում նվազել է 149-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 159 350 անձ, վերջին մեկ օրում՝ 305 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 3109 է: