ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻՆ ԱՂՔԱՏԱՑՆՈՒՄ ԵՆ՝ ԱՂՔԱՏՆԵՐԻՆ ՉՀԱՐՍՏԱՑՆԵԼՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ներդրումային միջավայրը բարելավելու, գործարարությունը խթանելու եւ մեր երկրում արարելու հնարավորություն տալու փոխարեն, պատերազմում պարտված եւ մեր երկիրը հուսալքության ծայրագույն աստիճանի հասցրած իշխանությունը նոր հարձակում է պատրաստում խոշոր գործարարների դեմ: Բանն այն է, որ հունվարի 20-ին խորհրդարանում 82 կողմ, 0 դեմ եւ 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որը չենթարկվող գործարարներին պատժելու գործիք է:  Այս նախագծերի փաթեթով նախատեսվում է քրեական պատիժ, ոչ ավել, ոչ պակաս, շահույթ ստանալու համար: Այո, այո, հենց այդպես էլ ֆիքսված է: Օրենքում ասվում է. «Մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը կամ հակամրցակցային համաձայնությունը կամ տնտեսական գործունեության համակարգումը, որի արդյունքում անձանց, կազմակերպություններին կամ պետությանը պատճառվել է խոշոր վնաս, կամ ապրանքային շուկայի մասնակիցը ստացել է խոշոր չափով շահույթ,

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»:

Ու տարօրինակ համառությամբ իշխող խմբակցությունը անցկացրել է ՏՄՊՊՀ այս վիճահարույց նախաձեռնությունը առաջին ընթերցմամբ, որի մասով

բացասական եզրակացություն է ներկայացրել անգամ ԱԺ փորձագիտական եւ վերլուծության վարչությունը:

Նշված աբսուրդից բացի, նախագծով հանձնաժողովն իրեն վերապահում է գործառույթներ, որոնց իրավունքը չունի, եւ այնպիսի տպավորություն է, թե այս օրենքում փոփոխությունն արվում է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանին խոշոր գործարարներին անարգել պատժելու լծակներ տալու համար: «Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթների ընթացակարգերի մանրամասն նկարագրությունը որոշակիորեն փոխում են տնտեսական մրցակցության պաշտպանության պետական քաղաքականության հայեցակարգը. այն տնտեսական քաղաքականության մշակման եւ տնտեսական մրցակցության պաշտպանության կանխարգելիչ ինստիտուտի հայեցակարգից վերափոխվում է, այսպես կոչված, «տնտեսական ոստիկանության» հայեցակարգի». ԱԺ փորձագիտական եւ վերլուծության վարչությունն այս ձեւակերպմամբ պաշտոնապես եկել է այն եզրակացության, որ ՏՄՊՊՀ-ն իրեն չպետք է վերապահի տնտեսական ոստիկանության գործառույթ: Բայց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի մշտական նիստի ժամանակ ինքնագոհ հայտարարել էր. «Մենք հենց պատժիչ, պատժող կառույց ենք: Ես դա շատ կարեւորում եմ: Մենք պատասխանատվության ենթարկող կառույց ենք, ուզում եմ՝ հստակ ֆիքսենք սա: Ես ուզում եմ դա հստակ ֆիքսենք, ես միայն պատժում եմ: Ես կարող եմ ուղեցույցներ տամ, ասեմ՝ եթե այսպես անենք, խնդիրներ չի լինի, սակայն սա կոնկրետ պատժող, նույնիսկ դաժան պատժող կառույց է»: Գործարարներին պատժելու միտքը այնքան էր ուրախացրել ՏՄՊՊՀ նախագահին, որ նա մոռացել էր, թե օրենքով ինչ իրավասություններ ունի իր ղեկավարած կառույցը, եւ նոր կարգավորումները ոչ այլ ինչ, քան ինքնիրավչություն, չեն կարող դիտվել: Հատուկ մեջբերում ենք ՏՄՊՊՀ ֆիքսված գործառույթները. «Վերահսկողություն է իրականացնում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության պահպանման նկատմամբ, դիմում է դատարան՝ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտման դեպքերի կապակցությամբ»:

Այսպիսով, եթե այս օրինագիծը նաեւ երկրորդ ընթերցմամբ ընդունվի, կնշանակի նոր մահակ գործարարների գլխին: Ու սա կազմակերպվել է հավանաբար ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից, քանի որ հենց նրա հովանավորյալն է դրամաշնորհներով հայտնի անցյալ ունեցող Գեղամ Գեւորգյանը:

 

 

 

 

Չնայած յոթերորդ գումարման Ազգային ժողովը մշտապես հպարտացել է քննիչ հանձնաժողովների առատությամբ՝ իբրեւ հետեւողականության դրսեւորում, այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ իրականում դրանք կարծես թե ձեւական բնույթ են կրում: Թերեւս վաղուց հայտնի ճշմարտություն է, որ եթե ուզում ես որեւէ հարցի խորը քննությունը տապալել, ստեղծիր հանձնաժողով եւ խնդիրը կլուծվի: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը եւ ապահովում նրա բնականոն գործունեությունը»: Այսինքն՝ առաջին հերթին հենց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պետք է հետեւի խորհրդարանի աշխատանքների պատշաճ կատարմանը, սակայն դրա փոխարեն հակառակ երեւույթի ենք ականատես լինում: «Ժողովուրդ» օրաթերթը կանդրադառնա Արարատի եւ Արմավիրի մարզերում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքին: Ազգային ժողովի պաշտոնական կայքի համաձայն՝ այս քննիչ հանձնաժողովը վերջին անգամ նիստ է անցկացրել 2020 թվականի ապրիլի 17-ին, եւ, պաշտոնական հաղորդագրության համաձայն, այդ օրը հանդիպում է եղել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի հետ: 2019 թվականին էլ հանձնաժողովը 5 նիստ է անցկացրել: Սակայն, ըստ էության, որեւէ բացահայտում այդպես էլ չի եղել: Հավելենք, որ հանձնաժողովի գործունեության ժամկետը արդեն ավարտվել է, սակայն հաշվետվությունը դեռեւս ներկայացված չէ։

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ ամեն գնով պաշտպանում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան չհեռացնի իր պաշտոնից: Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո իշխանական ֆրակցիայի շատ անդամներ պահանջել են ազատել պաշտոնից Գրիգորյանին, սակայն նույն ֆրակցիայի դրամաշնորհային անցյալ ունեցող հատվածը կուլիսներում ընդվզել է, որ եթե նման բան լինի, իրենք, ի նշան բողոքի, կլքեն խմբակցությունը: Որպես դրամաշնորհային անցյալ ունեցող Արմեն Գրիգորյանին սատարողներ նշվում են «Էրատո»  ջոկատի անդամ Մերի Գալստյանի, Մարիա Կարապետյանի, Լենա Նազարյանի, Սոս Ավետիսյանի, Թագուհի Ղազարյանի, Սարգիս Խանդանյանի, Արթուր Հովհաննիսյանի, Սուրեն Գրիգորյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Հերիքնազ Տիգրանյանի եւ այլոց անունները: Ահա այսպես՝ դեմարշի արդյունքում քաղաքական իշխանությունները նահանջել են եւ որեւէ քայլի չեն դիմում: Ի դեպ, իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ այնպիսի տպավորություն է, թե այս պատգամավորները առանձին խմբակցություն են կազմել խմբակցության ներսում. նրանք շատ հարցերում միասնական որոշումներ են կայացնում ու դրանք, որպես վերջնական ելք, ներկայացնում են խմբակցությանը, ու, հետաքրքիր օրինաչափությամբ, բոլոր որոշումները ի կատար են ածվում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցերի շուրջ զրուցել Սոս Ավետիսյանի եւ Մերի Գալստյանի հետ, սակայն վերջիններս կտրականապես մերժեցին մեր հարցերին պատասխանել: Նախկինում մարդու իրավունքների, խոսքի ազատության եւ այլ արժեքների համար դրամաշնորհներով պայքարողները պատգամավոր դառնալուց հետո գլխիվայր շուռ են եկել:

 

 

 

Հայաստան գազի ներկրման ծավալները մեկ տարվա ընթացքում ավելացել են: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ «մայրուղային խողովակաշարային»  բեռնափոխադրումների ծավալները աճել են 1.8 տոկոսով: Ավելին՝ բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում պաշտոնական վիճակագրությունը արտահանման եւ ներկրման տարանջատում չի անում, քանի որ ընդհանուր խոսքը գնում է միայն ներկրման մասին, եւ այն էլ՝ կոնկրետ մեկ տեսակի ապրանքի գազ: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան անցյալ տարի, 2019 թվականի համեմատ, թեկուզ չնչին, բայց ավելացել է: Մյուս կողմից՝ պաշտոնական տվյալներով՝ անցյալ տարի Հայաստանում բեռնափոխադրումների ծավալների չնչին աճ է արձանագրվել: Ընդհանուր բեռնափոխադրումները, 2019-ի համեմատ, աճել են 0.7 տոկոսով եւ կազմել 14 մլն 822 հազար տոննա: Բեռների արտահանումը նվազել է 14.4 տոկոսով, ներմուծումը՝ 15.1 տոկոսով, փոխարենը 10.6 տոկոսով աճել է երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը:

 




Լրահոս