ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը Արցախում հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերած, ինչպես նաև այլ վարկային պարտավորություններ ունեցող քաղաքացիների վարկային խնդիրների հարցով դիմել էր դիմել էի ՀՀ կենտրոնական բանկի նախագահին, ավելի ուշ նաև՝ Արցախի նախագահին: Պատգամավորը տեղեկացնում է, որ ստացել է վերոնշյալ հարցերի պատասխանները.
«2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունից հետո բազմաթիվ դիմումներ եմ ստացել Արցախում հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերած, ինչպես նաև այլ վարկային պարտավորություններ ունեցող մեր հայրենակիցների վարկային խնդիրների հարցով: Մարդիկ օրինակ Քարվաճառում հիփոթեքային վարկավորմամբ տուն էին ձեռք բերել, սակայն եռակողմ հայտարարության համաձայն Քարվաճառը հանձնեցինք, և նրանք ստիպված էին լքել իրենց բնակարանները, այրել դրանք և հայտնվել դրսում՝ ձեռնունայն։
Բազմաթիվ մեր քաղաքացիների համար հրատապ այս խնդրով դիմել էի ՀՀ կենտրոնական բանկի նախագահին, ավելի ուշ նաև՝ Արցախի նախագահին: Կենտրոնական բանկից ստացված տեղեկության համաձայն փորձ է արվում գտնել հաճախորդների համար փոխշահավետ լուծումներ՝ իրականացնելով վարկային պարտավորությունների համապատասխան վերանայումներ և զիջումներ:
Իսկ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարը տեղեկացրեց, որ Կառավարությունը խնդիրը կարգավորելու ծրագրի նախագիծ է ներկայացրել, համաձայն որի՝
– Կառավարության կողմից ներկայացվել է քաղաքացիներին պետական աջակցության ծրագրի նախագիծը, համաձայն որի
– պատերազմական գործողությունների հետևանքով ԱՀ վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում վարկային միջոցներով ձեռք բերված կամ վերանորոգված գույքի սեփականատերերի համար ներվելու կամ փոխհատուցվելու են բոլոր տեսակի վարկերը և փոխառությունները՝ բիզնես վարկերի դեպքում՝ հետագայում գույքի նկատմամբ պետական սեփականության իրավունքի գրանցման պայմանով:
– Տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց գույքը մասամբ մնացել է այդ համայնքներում կամ ոչնչացվել է, նախատեսվում է պարտավորությունների ներում կամ կորստին համամասնորեն փոխհատուցում:
– Նախագծի հաստատման դեպքում առաջիկայում պետական աջակցությունից կօգտվեն ֆիզիկական և իրավաբանական այն անձինք, որոնք ունեն մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը ստացած հիփոթեքային, բիզնես և սպառողական վարկեր և փոխառություններ:
– Արցախում փաստացի ապրող քաղաքացիներին փոխհատուցվելու են պետության կողմից հիփոթեքային վարկերի համար 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2023թ. հոկտեմբերի 1-ը ժամանակացույցով նախատեսված բոլոր վճարումները՝ մինչև 30 մլն դրամ չափով:
– Բիզնես վարկերի, փոխառությունների կամ լիզինգի համար 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 31-ը հաշվարկված տոկոսագումարները հատուցվելու են, իսկ մինչև 2021թ. հուլիսի 1-ը ժամանակացույցով նախատեսված մայր գումարների վճարումները բաշխվելու են վարկի հետագա ժամկետի վրա:
– Նախատեսվում է նաև բոլոր բիզնես վարկերի սուբսիդավորում՝ ըստ ոլորտների, առավել օպտիմալ տոկոսադրույքների սահմանմամբ:
– Ֆիզիկական անձանց՝ մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը ստացած սպառողական վարկերի (օվերդրաֆտ) և փոխառությունների մասով՝ նախատեսվում է 3 տարի ժամկետով փոխհատուցել պարտավորությունները՝ առավելագույնը 3 մլն դրամ չափով: Ըստ նախագծի՝ աջակցությունից կօգտվեն միայն ԱՀ-ում փաստացի բնակվող շահառուները:
Պետական աջակցության ծրագրով լրացուցիչ արտոնություններ են նախատեսվում նաև ԱՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ շփման գծում մարտական հերթապահություն, հատուկ առաջադրանք կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած), անհայտ բացակայող համարվող, 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամ դարձած ֆիզիկական անձանց կամ նրանց ընտանիքների անդամների, պատերազմական գործողությունների մասնակիցների կամ նրանց ընտանիքների վարկային պարտավորությունների մասով»:
Ստորև՝ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի պատասխան գրությունը.