ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վենետիկի հանձնաժողովի «դաբրո»-ին սպասելիս. ինչ ծրագրեր ունեն իշխանությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանություններն արդեն Վենետիկի հանձնաժողով են ուղարկել «Ընտրական օրենսգրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ մեր տեղեկությունների՝ մարտին հանձնաժողովը նիստ ունի, որի ժամանակ էլ պետք է հարցը քննարկեն ու ներկայացնեն իրենց դիրքորոշումը: Իշխանությունները նպատակ ունեն մինչեւ այս խորհրդարանի նստաշրջանի ավարտը նախագիծը քննարկել, ընդունել ու ունենալ իրենց սրտով Ընտրական օրենսգիրք ինչի համար էլ շտապողականություն են դրսեւորել այս հարցում:

Եւ, ահա, ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունները նպատակ ունեն ձերբազատվելու «կայուն մեծամասնություն» ձեւակերպումից, որը եղել է նախորդ իշխանությունների կողմից Սահմանադրական փոփոխությունների ժամանակ ներմուծված տերմին: Ու դեռեւս 2015 թվականի հուլիսի 15-ին հրապարակված նոր Սահմանադրությամբ՝ եթե կուսակցությունը 54 տոկոս ձայն է հավաքում, ապա նրան «բոնուսներ» են տրվում, ու մի քանի պատգամավորներ խորհրդարան են մտնում: Ըստ մեր տեղեկությունների՝ նախորդ իշխանություններն այդ ամենն արել են այն բանի համար, որ ունենան «պահուստային» պատգամավորներ, եթե չկարողանան ինչ-որ հարցում քվերակություն ապահովել, ապա օգնության պետք է հասնեին այդ պատգամավորները՝ ապահովելով իրենց սրտի քվեարկությունը:

Բայց, արի ու տես, այս իշխանություններին «կայուն մեծամասնությունը» պետք չէ, ու որոշել են ազատվել այդ տերմինից: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանություններին այդքան հեշտ չի լինելու «կայուն մեծամասնություն» տերմինը հեռացնել, քանի որ այն ամրագրված է Սահմանադրությամբ, ու պետք է սահմանադրական փոփոխություններ իրականացնել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն այն փոփոխել ԱԺ ընդդիմության միջոցով, եթե նրանք համաձայնեն խորհրդարանում հարցը քննարկել ու քվեարկել: Իսկ եթե խորհրդարանի ընդդիմությունը չհամաձայնի, ապա իշխանությունները ստիպված կլինեն համակերպվել այդ ձեւաչափով ընտրություններին մասնակցելուն:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ նոր Ընտրական օրենսգքրի համաձայն՝ անցողիկ է համարվում 4 տոկոս ձայն հավաքած կուսակցությունը՝ նախորդ 5-ի փոխարեն: Մեր տեղեկությունների համաձայն՝ այս իշխանությունները մեծ տեղ են տվել դաշինքներին: Եթե երկու կուսակցություն դաշինք են կազմել, ապա նրանք խորհրդարանում կհայտնվեն, եթե հավաքեն 8 տոկոս ձայն, երեք դաշինք կազմած կուսակցությունները պետք է հավաքեն 9 տոկոսի շեմը, իսկ 4 դաշինքի դեպքում պետք է հաղթահարեն 10 տոկոսի շեմը: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք նաեւ, որ հայրենի իշխանությունները ցանկանում են, որ խորհրդարանում ոչ թե 3 խմբակցություն լինի, ինչպես այսօրվա խորհրդարանն է, այլ լինի 4 խմբակցություն:

Իշխանությունները նաեւ Ընտրական օրենսգրքից հանել են ռեյտինգային ընտրակարգով ընտրությունների անցկացումը, քանի որ, նրանց կարծիքով, ճիշտ ձեւաչափը համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացումն է:

Մեր տեղեկություններով՝ եթե իշխանություններին հաջողվի մինչեւ ամառ այս փոփոխություններն իրականացնել Վենետիկի հանձնաժողովի «դաբրոն» ստանալուց հետո, ապա դրանից հետո նոր նրանք կմտածեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Իսկ մինչեւ Ընտրական օրենսգիրքը չկարվի նոր իշխանությունների հագով, նրանք չեն պատրաստվում ընտրություններ իրականացնել: Նշենք, որ փետրվարի 13-ին ԱԺ-ում այս հարցի հետ կապված «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ էր անցկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ժամանակ միայն քննարկվել էր այս փոփոխությունները եւ այն հանձնաժողով ուղղարկելու հարցը: Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներին հորդորել էր ակտիվ աշխատել այս ուղղությամբ իրենց ցանկալի նպատակին հասնելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս