Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն եւ հակառակ ուղղությամբ իրականացվող թռիչքների ավիատոմսերի գների բարձրացումների մասին մամուլում առկա հրապարակումներն ու թեժ գծով ստացված բողոքները, սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն է իրականացրել այդ ոլորտում: Պարզվել է, որ ավիատոմսերի գների բարձրացումը, մի կողմից, պայմանավորված է օտարերկրյա խոշոր ավիափոխադրող ընկերությունների կողմից կիրառվող թվային ավտոմատացված համակարգերի տնտեսական գործոնների վերլուծման արդյունքների հետ, իսկ մյուս կողմից՝ զգալի բարձր պահանջարկով պայմանավորված՝ ՀՀ ավիափոխադրող կազմակերպության՝ «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ի՝ առավել էժան արժեք ունեցող ավիատոմսերի սպառմամբ։
Մասնավորապես, ՀՀ ռեզիդենտ «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ 2021 թվականի փետրվարի 1-ին ՀՀ քաղաքացիների համար Ռուսաստանի Դաշնության օդային սահմանները բացվելու կապակցությամբ այդ ուղղությամբ տոմսերի նկատմամբ պահանջարկը կտրուկ աճել է, որի հետեւանքով տոմսերի իրացման էլեկտրոնային համակարգում առկա ցածր գներով տոմսերը, որոնք դասակարգված են ըստ աճման կարգի՝ սահմանափակ քանակով, մինչեւ փետրվարի 1-ը գրեթե ամբողջությամբ սպառվել են, եւ վաճառքում հասանելի են եղել միայն բիզնես կարգի ավիատոմսեր:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության ռեզիդենտ ընկերություններին, ապա հարկ է նշել, որ վերջիններիս գործունեության նկատմամբ վերահսկողությունը դուրս է հանձնաժողովին օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակից եւ գտնվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լիազորությունների ներքո:
Այնուամենայնիվ, hանձնաժողովը նախկինում եւս առնչվել է ավիատոմսերի գների բարձրացման երեւույթին, ինչի կապակցությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործընկերների միջոցով փորձել է պարզել ավիատոմսերի գների ձեւավորման մեխանիզմները, ինչպես նաեւ դրանց գների բարձրացումների պատճառները: ԵՏՀ ուսումնասիրության շրջանակում արձանագրվել է, որ ավիաընկերությունների կողմից ավիատոմսերի սակագների ենթադասերի արդյունավետ կիրառման նպատակով օգտագործվում են եկամտաբերությունը կառավարող ծրագրային հավելվածներ: Ավիաընկերություններն ինքնուրույն են սահմանում սակագների խմբեր, որոնց շրջանակներում կարող են սահմանվել մի քանի ենթադասեր: Եկամտաբերության կառավարման ծրագրերը նախատեսում են ընտրված ուղղությամբ թռիչքների համար օդանավի նստատեղերի բաշխում՝ ըստ սակագնային դասերի, դրանց արժեքի սահմանում՝ կախված թռիչքի ուղղությունից, եւ այլն:
Բացի այդ, ավիափոխադրողների կողմից օգտագործվում են նաեւ ամրագրման, վաճառքի, նստատեղերի բաշխման, տոմսերի էլեկտրոնային գրանցման, ուղեբեռի գրանցման եւ այլ ծրագրեր: Նշված ծրագրերը աշխատում են փոխկապակցված կերպով, եւ մեկից մյուսին փոխանցվում են անհրաժեշտ տվյալներ:
Ընդ որում, հարկ է նշել, որ վերոգրյալ ծրագրերն ավտոմատացված են եւ գրեթե զուրկ մարդկային ազդեցության գործոններից։
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է
Կոորդինատների որոշման հարցը դուրս է մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունից, բայց միայն կոորդինատային մեխանիկանան մոտեցումը հիմք ընդունելը բավարար չէ: Այս մասին հայտնել են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: «Կոորդինատների որոշման հարցը դուրս է մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունից, բայց միայն կոորդինատային մեխանիկական մոտեցումը հիմք ընդունելը բավարար չէ. այս գործընթացում եւս պետք է հիմք ընդունել մի շարք հիմնարար գործոններ, այդ թվում` սահմանային բնակիչների իրավունքների երաշխավորման հրամայականն ու պատերազմի բացահայտ սպառնալիքները, այն հայատյաց քաղաքականությունը, որը պետական մակարդակով իրականացվում է հայերի նկատմամբ: Սա նաեւ նշանակում է, որ անթույլատրելի է խաղաղ բնակիչների իրավունքների տեսանկյունից նրանց անմիջական հարեւանությամբ ադրբեջանական զինվորականների առկայությունը»,- տեղեկացրել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են հստակեցնել Սյունիքի սահմանները: Հայաստանի իշխանությունները վկայակոչում են «խորհրդային սահմանները», մինչդեռ ադրբեջանական կողմին երբեւէ դրա վերահսկողության տակ չգտնված տարածքներ են փոխանցվում:
Կարեւոր է նաեւ, որ Ադրբեջանը ԱԴՀ-ի իրավահաջորդն է, այլ ոչ թե ԱզԽՍՀ-ի, համապատասխանաբար, դրա համար սա եւս անօրինական գործընթաց է: Սակայն հստակություն է մտցնում ծանոթությունը ԱԴՀ-ի քարտեզների հետ, որոնցում Զանգեզուրը ներառված է Ադրբեջանի կազմում:
Սահմանը ճշտվում է ոչ թե համատեղ հանձնաժողովների աշխատանքի արդյունքներով, ինչպես ընդունված է ամբողջ քաղաքակիրթ աշխարհում, այլ GPS-ի միջոցով: Անհասկանալի է մնում նաեւ, թե որտեղից են հայտնվել աշխարհագրական կոորդինատները, որոնց այդքան եռանդով որոնում են դիրքավորման գլոբալ համակարգի օգնությամբ: Որոշակի հստակություն է մտցրել իրավիճակի մեջ վերջերս սոցցանցերում հրապարակված հուշագիրը, որը, իբր, ստորագրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այնտեղ նշված են սահմանների աշխարհագրական կոորդինատները: Հայաստանի Հանրապետության իշխանությունները որեւէ կերպ չեն արձագանքել փաստաթղթի հրապարակմանը:
136 ՆՈՐ ԴԵՊՔ
Փետրվարի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169 391 դեպք, որոնցից 161 348-ը` առողջացած, 3150-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4101 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 687 715 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 3075 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 136 դեպք: Ունենք 243 առողջացած եւ 3 մահվան դեպք:
ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն եւ Պատարա գյուղերի միջեւ ընկած տարածքում մեկնարկել են նոր բնակավայրի կառուցման աշխատանքները: Ասկերանի Ջրաղացներ, Մոշխմհատ, Մադաթաշեն եւ Սղնախ գյուղերից տեղահանված մեր քաղաքացիների համար նախատեսված նոր բնակավայրը կունենա ավելի քան 644 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերես: Նախատեսվող 116 առանձնատներից առաջինները պատրաստ կլինեն առաջիկա մի քանի ամսվա ընթացքում. բնակավայրի շինարարությունն ամբողջությամբ ավարտին կհասցվի մինչեւ 2022 թվականի դեկտեմբեր: Առանձնատները, որոնց նախագծի համար օրինակ է ծառայել Քաշաթաղի Աղավնոն, կլինեն 2-4-սենյականոց: Յուրաքանչյուր առանձնատանը կհատկացվի 1500 քառակուսի մետր տնամերձ հողատարածք: Գլխավոր ճանապարհի հարեւանությամբ կկառուցվի նաեւ շուկա:
ԱՊՕՐԻՆԻ ԱՎՏՈԼՎԱՑՄԱՆ ԿԵՏ
Դիլիջան համայնքի մաս կազմող Հաղարծին գյուղի բնակիչը, որը չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի, «Ժողովուրդ» օրաթերթին բողոքել է, որ Հաղարծնի բնակիչ, Դիլիջան համայնքի ավագանու անդամ Դավիթ Սարգսյանը Հաղարծին գյուղի հարավային ծայրի՝ գյուղը շրջանցող, սողանքի պատճառով չգործող միջպետական ավտոճանապարհի վրա ապօրինի կերպով, առանց շինթույլտվության, ավտոլվացման կետ է կառուցել, այն աշխատեցնում է։
Բողոքողը տարակուսանք էր հայտնել, որ ապօրինի կառույց սարքածը Դիլիջան համայնքի ավագանու անդամ է։ Հաղարծնի բնակիչը հայտնել է, որ Դավիթ Սարգսյանը ԱԺ պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի եղբոր որդի Սիփան Փաշինյանի մտերիմ ընկերն է, Սահմանադրության հանրաքվեի (որը չկայացավ) ժամանակ եղել է «Այո»-ի տեղի շտաբի ղեկավարը։ Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայքում նշված է, որ 1984. ծնված Դավիթ Սարգսյանն ունի միջնակարգ մասնագիտական կրթություն, հանդիսանում է «Դավիթ Սարգսյան» ԱՁ-ի տնօրենը։ Հաղարծին գյուղում հանդիպեցի Դավիթ Սարգսյանի եւ նրա 3 եղբայրների հետ, որոնք այդ գյուղում ավտոպահեստամասերի, շինանյութերի խանութներ ունեն եւ քարե բլոկների արտադրություն։
Վերհիշյալ ավտոլվացման կետը կառուցված է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհից 4-5 մետր հեռավորությամբ։ Դավիթ Սարգսյանն ասաց, որ ավտոլվացման կետը գրանցված է անհատ ձեռներեց իր եղբայր Սասուն Սարգսյանի անվամբ, ինքն ու մյուս եղբայրները նրա հետ բաժնետեր են։ Նա սկզբում ասաց, որ ավտոլվացման կետը գործում է մեկուկես կամ երկու տարի։ Երբ ասացի, թե այդ ապօրինի կառույցը սարքվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, Դավիթ Սարգսյանը, իրեն հերքելով, ասաց, որ ավտոլվացման կետը վաղուց է կառուցված։ Նա նաեւ պահանջեց, որպեսզի ավտոլվացման կետի մասին հոդվածում չնշվի իր՝ ավագանու անդամ լինելը։ Նա ցույց տվեց Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի՝ 2019թ. օգոստոսի գրությունը, որով համայնքի ղեկավարը հայտնում էր, որ իր առաջին իսկ պահանջի դեպքում ապօրինի կառուցված ավտոլվացման կետը պետք է քանդվի։ Դավիթ Սարգսյանը հայտնեց, որ Դիլիջանի համայնքապետարանն իրենց այդ կապակցությամբ տուգանել է՝ մի դեպքում տուգանքի չափը նշելով 200 հազար, մեկ այլ դեպքում՝ 400 հազար դրամ։
Խնդրեցի տրամադրել համայնքի ղեկավարի գրության եւ տուգանքի փաստաթղթի լուսապատճենը, Դավիթ Սարգսյանի եղբայրներից մեկը Հաղարծին գյուղում այդ փաստաթղթերը լուսապատճենեց, սակայն մտքափոխ եղավ եւ դրանք չտրամադրեց։ Դավիթ Սարգսյանի եղբայրները լրագրողիս հետ իրենց պահում էին ոչ կոռեկտ՝ անընդհատ փորձելով պարզել, թե ով է իրենց վերաբերյալ բողոքել, սակայն այդպես էլ ոչինչ չիմացան։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ