ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏԱՊԱՐՏԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում ադրբեջանաթուրքական ագրեսիայի եւ սանձազերծված պատերազմից հետո ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 8-ին՝ հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրով դռնփակ ռեժիմով հրատապ քննարկումից հետո, ընդունեց միջազգային հանրությանը, կառույցներին ուղղված ուղերձ՝ կոչ անելով պահանջել Ադրբեջանից անհապաղ հայկական կողմին հանձնել գերիներին, դադարեցնել նրանց նկատմամբ խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը: Սակայն այդ հայտարարությունից անցել է արդեն երկու ամիս, իսկ ադրբեջանական կողմում, տարբեր տվյալների համաձայն, հարյուրից ավելի գերիներ կան, սակայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո գերի ընկածներին ազերիները ռազմագերի չեն համարում, այլ հանցագործներ: Եվ, ահա, անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Վարդան Աթաբեկյանն ու Աննա Գրիգորյանը երեկ շրջանառության մեջ են դրել նախագիծ՝ «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձմանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ»: Այս նախագծով անկախ պատգամավորները նպատակ ունեն միջազգային հանրության ճնշումն ակնկալել ադրբեջանցիների նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախագծի համահեղինակ, անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշեց, թե նախատեսում են քննարկումն անցկացնել փակ ռեժիմով: «Այն կանցկացնենք դռնփակ, որպեսզի քննարկումը չդառնա քաղաքական շահարկումների առարկա: Մեր նպատակը երկրի թիվ մեկ մանդատը ունեցող մարմնի կողմից դատապարտող հայտարարության ընդունումն է, այլ ոչ թե գերիների թեմայով աղմուկ կազմակերպելը», – հավելեց նա: Մեջբերենք հայտարարությունից մի հատված. «ՀՀ Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանում հայատյացության ու կազմակերպված թշնամանքի քաղաքականության պայմաններում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց հայրենադարձմանը խոչընդոտելը եւ արձանագրում, որ գերիներին չվերադարձնելու՝ Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի վարքագիծը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, ուստի պետք է արժանանան միջազգային կառույցների, միջազգային հանրության եւ իրավապաշտպան կազմակերպությունների խիստ գնահատականին եւ դատապարտմանը»:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պետք է հանդիպում ունենա «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների հեղինակների հետ: Ինչպես հայտնի է, նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը Համազասպ Դանիելյանի, Հայկ Կոնջորյանի, Սարգիս Խանդանյանի, Վահագն Հովակիմյանի եւ Թագուհի Ղազարյանի հետ առաջարկում է կարգավորել ԶԼՄ դաշտը՝ լրատվամիջոցներին արգելելով տեղեկություն հրապարակելուց հղում տալ անանուն աղբյուրների: Նախագծով անանուն աղբյուր են համարվում այն բոլոր դեպքերը, երբ համացանցում գրանցված դոմեյնը, հոսթինգ ունեցող կայքը, համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվը կամ ալիքը տնօրինողների նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից: Հենց այս կարգավորումն է առաջացրել ոլորտի ներկայացուցիչների մտահոգությունները: Թաթոյանի հետ հանդիպումից հետո ուշացած լսումներ կկազմակերպվեն նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Հավելենք, որ Արման Թաթոյանը մինչ օրենքի հեղինակներին հանդիպելը քննարկում էր ունեցել մեդիա ներկայացուցիչների հետ եւ քննադատել նախագիծը՝ ասելով. «Թերի է նախագծերի փաթեթի հիմնավորումը: Այն չի արտահայտում իրական խնդիրների լուծման ռազմավարությունը, նախագծերի լուծումները ներկայացված չեն միջազգային փորձի ու չափանիշների տեսանկյունից, քննարկված չեն գործնական խնդիրներն ու այն, թե հատկապես ինչու է ընտրած առաջարկվող մոդելը, եւ ինչպես է այն լուծելու առկա խնդիրները»: Կարճ ասած, անհեռատես, չկիրառվող նախագիծ է ներկայացվել, որի իրական նպատակը «Տելեգրամ» ալիքների տարածվածության դեմ պայքարն է, ինչն այս օրենքը այդպես էլ չի արդարացնելու:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանություններն արդեն ԵԽ Վենետիկի հանձնաժողով են ուղարկել «Ընտրական օրենսգրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ մեր տեղեկությունների՝ մարտին եվրահանձնաժողովը նիստ ունի, որի ժամանակ էլ, ամենայն հավանականությամբ, կքննարկվի ՀՀ ԸՕ փոփոխությունները, ու եվրոպական այդ կառույցը կներկայացնի իր դիրքորոշումը: Իշխանությունները նպատակ ունեն մինչեւ խորհրդարանի գարնանային նստաշրջանի ավարտը նախագիծը քննարկել, ընդունել եւ ունենալ իրենց «սրտի» Ընտրական օրենսգիրքը, ինչի համար էլ շտապողականություն են դրսեւորել այս հարցում: Իշխանություններն առաջին հերթին նպատակ ունեն ձերբազատվելու «կայուն մեծամասնություն» ձեւակերպումից, որը եղել է նախորդ իշխանությունների կողմից սահմանադրական փոփոխությունների ժամանակ ներմուծված տերմին: Բայց գործող իշխանություններին այդքան հեշտ չի լինելու «կայուն մեծամասնություն» տերմինը հեռացնել ԸՕ-ից, քանի որ այն ամրագրված է Սահմանադրությամբ, ու պետք է Սահմանադրական փոփոխություններ եւս իրականացնել: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները նպատակ ունեն սահմանադրական փոփոխությունները իրականացնել արդեն խորհրդարանական ընդդիմության միջոցով: Բանակցություններ կվարեն, ու եթե իշխանություններին հաջողվի մինչեւ ամառ ԸՕ այս փոփոխություններն իրականացնել Վենետիկի հանձնաժողովի «ok»-ը ստանալուց հետո, ապա կմտածեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանականության ու տարբերակների մասին: Իսկ մինչեւ ընտրական օրենսգիրքը չկարվի նոր իշխանությունների հագով, նրանք չեն պատրաստվում ընտրություններ իրականացնել:

 

 

 

Արարատի եւ Արմավիրի մարզերում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը վերջապես ներկայացրել է իր աշխատանքների վերաբերյալ զեկույց: Նախ՝ ընդգծենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ փետրվարի 10-ին գրել էր, որ այս հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվել էր, սակայն այդպես էլ եզրակացություն չէր ներկայացվել, ինչը «ԱԺ կանոնակարգ» օրենքի խախտում է: Ավելին՝ 2020 թվականին հանձնաժողովը նիստ էր գումարել ընդամենը մեկ անգամ, իսկ 2019-ին էլ՝ 5 անգամ: Եվ, ահա, զեկույցը վերջապես ներկայացվել է: «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է այն, որը կազմված է 31 էջից, որում ներկայացված են կատարված աշխատանքները եւ հանձնաժողովի կողմից եւս 12 առաջարկ: Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի ղեկավարած հանձնաժողովն իրենց աշխատանքների ոչ արդյունավետությունը փորձում է ներկայացնել ուրիշի մեղքի տեսքով: Օրինակ՝ նրանք եզրակացության մեջ նշում են, թե դժվարություններ են ունեցել ԾԻԳ-երի աշխատանքն ուսումնասիրելու հարցում, քանի որ փաստաթղթերը ուշ են տրամադրվել: Իսկ առավել շատ խնդիրներ հանձնաժողովը հայտնաբերել է շինարարական մրցույթներում: Տեսնենք` արձանագրված խնդիրները իշխանություններն ինչպես կլուծեն:

 




Լրահոս