ՓՈՂ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ, ԱՐԴՅՈՒՆՔ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությանը հատկացված նոր վարչական մասնաշենք, ծանոթացել աշխատանքային պայմաններին եւ աշխատանքների ընթացքին։ Ինչպես հայտնի է, 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ամենաբարձր մակարդակով հայտարարվեց կոռուպցիայի դեմ պայքարի, ապօրինի ճանապարհով հարստացածների գույքը բռնագանձելու մասին, եւ այս նպատակով արդեն 2020 թվականին Գլխավոր դատախազությունում ձեւավորվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերից մինչեւ նոյեմբեր ստացել է շուրջ 200 նյութ, որոնք վերաբերում են հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույք ունեցող 405 անձի։ Դատախազությունը, սակայն, չի բացահայտում, թե հանրությանը հայտնի որ անձանց գույքն է հայտնվել իրենց խոշորացույցի տակ։ Վարչությունն էլ համակարգում է գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ քննարկվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակներում իրականացվող ուսումնասիրությունների վարույթների ընթացքին, աշխատանքների կազմակերպմանը, առկա խնդիրներին եւ դրանց լուծման եղանակներին առնչվող հարցեր: Միեւնույն ժամանակ, հաղորդագրության համաձայն, Արթուր Դավթյանը վարչության դատախազներին հանձնարարել է է՛լ ավելի մեծ հետեւողականությամբ եւ ակտիվությամբ իրականացնել իրենց գործառույթները բավարար ապացուցողական բազայի հիման վրա հնարավորինս շուտ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հացեր ունենալու եւ դատարան ուղարկելու համար: Հենց այս հաղորդագրությունից էլ հասկանալի է դառնում, որ գլխավոր դատախազը, ըստ էության, դժգոհ է վարչության կատարած աշխատանքներից եւ առաջիկայում է՛լ ավելի ակտիվություն է ակնկալում եւ սպասում, որ պետք է գործեր ուղարկվեն դատարան, ինչը մինչեւ այժմ չի եղել: Այսինքն՝  թեեւ դատախազությունն այդքան նյութ է ստացել, սակայն դրանք պատշաճ քննության չեն անցել ու դատարան չեն ուղարկվել, եւ աշխատանքի ծավալը չի գոհացրել դատախազին: Հավելենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության պետը, այսինքն՝ Սրբուհի Գալյանը, ստանում է 660 հազար դրամ աշխատավարձ:  Վարչության պետի տեղակալը ստանում է 630 հազար, իսկ ավագ դատախազն էլ՝ 600 հազար դրամ աշխատավարձ: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության դատախազի աշխատավարձի գործակիցը 8.50-ն է, եւ նա ստանում է մոտ 570 հազար դրամ աշխատավարձ: Սակայն այս ամենից հետո արդյունք չունենք:

 

 

 

Այսօր՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում կայանալու է 17 կուսակցությունների համատեղ հանրահավաքը: Այս հանրահավաքին ընդդիմադիր ուժերը պատրաստվել են շատ երկար եւ հստակ պլանավորել, թե ով ինչ գործողություն պետք է իրականացնի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 17 կուսակցություններն արդեն վաղուց իրենց մեջ պլանավորել էին, թե ով ինչ պետք է անի, որ ուժը քանի անձի ներկայություն պետք է ապահովի Ազատության հրապարակում: Մենք տեղեկացանք, որ այդ առումով առյուծի բաժինը ԲՀԿ-ինն ու ՀՀԿ-ին է, եւ հենց նրանք են խոստացել, որ ապահովելու են բազմամարդ հանրահավաք, որպեսզի իշխանություններին ապացուցեն, որ վարչապետի հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների գնալու պահանջ իսկապես առկա է: Սակայն մենք տեղեկացանք, որ արտառոց դեպքեր այսօր չեն գրանցվի, լինելու է սովորական հանրահավաք, որն ուղեկցվելու է ընդդիմության առաջնորդների ելույթներով։ Հրապարակում կլինի նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը եւս ելույթ կունենա: Նկատենք, որ արդեն երկու օր է՝ ՀՀԿ-ականների մասով նոր բացահայտումներ են արվում. մեղադրանք առաջադրվեց Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին, երեկ էլ խուզարկություն է իրականացվել նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանի բնակարանում: Ընդ որում, վերջիններս այս ամենը կապում են հենց այսօրվա հանրահավաքի հետ, սակայն նաեւ հայտարարում են, որ պայքարը շարունակվելու է:

 

 

 

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը վերջին տարիներին կոշտ քաղաքականություն է որդեգրել եւ խստացրել է մասնավոր բժշկական բուհերի ընդունելությունը հետբուհական շարունակական կրթության տրամադրման հարցում։  Սակայն,ցավոք, որակյալ բժշկական կադրերի՝ աշխատաշուկա ելքի պայքարում 2 գերատեսչությունների պայքարը՝ ԿԳՄՍ եւ Առողջապահության նախարարություն, տարբերվում է։  Բանն այն է, որ ԿԳՄՍ-ն իր ենթակայության հաստատությունում խիստ չափորոշիչներ է սահմանել, իսկ Առողջապահության նախարարությունը հնարավորություն է տալիս մասնավոր բուհերի շրջանավարտներին հնարավորինս հեշտ մուտք գործել բժշկական պրակտիկ դաշտ։ Հայաստանում մասնավոր բժշկական բուհեր ավարտած շրջանավարտների՝ աշխատանքի անցնելու միակ հնարավորությունը շարունակական հետբուհական կրթություն ստանալն է: Նմանատիպ կրթություն Հայաստանում տրամադրում են 2 հաստատություն՝ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ու Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող, ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը: Հավելենք, որ ԵՊԲՀ-ն բավական խիստ է մասնավոր բուհերի շրջանավարտների ընտրության հարցում. մասնավոր բուհերից ԵՊԲՀ 2017թ. դիմել են 150 անձ, սակայն ընդունվել են 40-ը, 2018 թ. դիմել են 132 անձ, ընդունվել են 13-ը: Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ մասնավոր բուհերից 2017 թ. ընդունվել են 128 շրջանավարտ, իսկ 2018 թ.՝ 124 հոգի: Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը պատրաստվում է հարցումներ ուղարկել ԵՊԲՀ եւ ԱԱԻ՝ ճշտելու, թե ինչ պատկեր է գրանցվել 2019 եւ 2020 թվականներին։

 

 

 

Վալերիանայի հաբերը, որը հանրության շրջանում հայտնի է որպես «սրտի դեղին հատիկներ», արդեն մի քանի ամիս է, ինչ հայաստանյան դեղատներում չկան, սպառված են։ Խոսքը բաց դեղին հատիկների մասին է, որոնք մշտապես ներկրվել են Բելառուսից։ «Ժողովուրդ» օրաթերթը շրջեց մի քանի դեղատներով եւ հետաքրքրվեց, թե ինչն է դեղի դեֆիցիտի պատճառը։ Պարզվեց՝ պատերազմից հետո վալերիանայի հաբերը սպառվել են դեղատներում։ Դեղատների աշխատողների խոսքերով՝ այժմ հայաստանյան թվով մի քանի դեղատուն վաճառքի ունի այդ «դեղին հատիկներից», այն էլ՝ ռուսական արտադրության եւ բավականին թանկ։ Մեզ հայտնի դարձավ, որ ռուսական արտադրության վալերիանայի հաբերն ունեն մուգ գույն եւ արժեն 350 դրամ, իսկ նախկին բաց գույն ունեցող վալերիանայի հաբերի մեկ շիշն արժեցել է 150-200 դրամ։ Ի դեպ, տեղեկացնենք, որ վալերիանայի կանաչ գույն ունեցող հատիկները, որոնք նախատեսված են քնելուց առաջ օգտագործելու համար, արժեն 350-400 դրամ եւ ռուսական արտադրության են։

 




Լրահոս