ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՀԱՄԱԽՄԲԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 20-ին ի վերջո կայացավ «Հայրենիքի փրկության շարժման» կողմից հրավիրված հուժկու հանրահավաքը, որի ձեւն ու բովանդակությունը տեւական ժամանակ թեժ քննարկվում էր: Ընդդիմությունը պնդում է, որ հանրահավաքին մասնակցել է 40 հազար մարդ, իսկ իշխանությունն էլ դժկամորեն պնդում է՝ 12 հազար, եւ եւս 800 անձ ծածկերի տակ են եղել: Ամեն դեպքում, նույնիսկ վատ եղանակի պայմաններում, ցրտին եթե անգամ 12 հազար անձ է մասնակցել հանրահավաքին, ապա դա արդեն ազդակ է, ուրեմն պահանջ կա, ու այն որեւէ կերպ պետք է լսելի դառնա: Հիմա անդրադառնանք այն խնդրին, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում լայն զանգվածների կոնսոլիդացնել պայքարի իշխանությունների դեմ, եւ ինչու չի հաջողվում Նիկոլ Փաշինյանի օրինակով ապակենտրոն պայքար սկսել ինչպես մարզերում, այնպես էլ մայրաքաղաքում: Բանն այն է, որ այսօրվա ընդդիմությունը կրկնում է 20-25 տարի բոլոր ընդդիմադիրների թույլ տված սխալները. նրանք հրավիրում են հանրահավքներ, խոսում են կիրթ բառապաշարով , որը, բնականաբար, հասու չէ բոլոր քաղաքացիներին, որովհետեւ Հայաստանում, օրինակ, 2018/19 թվականներին բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել է 9 512, սովորել` 69 622, ավարտել` 15 540 մարդ: 2019/2020 ուստարվա ժամանակ ավարտել է 15 846 մարդ, ուսանողների ընդհանուր քանակն էլ եղել է 65 հազար 547-ը, իսկ, ահա, ընդունվել է արդեն  14 հազար 631-ը:  2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը եղել է 2 մլն 959 հազար մարդ: Այսինքն՝ կրթական այս միջավայրի պայմաններում միտինգային լոզունգներով անհնարին է հասնել հաջողությունների: Իսկ ո՞րն էր 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հաջողությունը. Փաշինյանը գնաց, քայլեց ու այդ ընթացքում բակ-բակ, տուն-տուն հասցրեց իր մեսիջները, որոնք մարդկանց համար հոգեհարազատ էին, ու իրենք այդ վճռականությունն արդեն տեսան Ռադիոտան դուռը կոտրելուց, ոստիկանության հետ համառ պայքարուց եւ այլն։ Իսկ այս ընդդիմությունը վերեւից է խոսում ժողովրդի հետ, ոչ թե հավասարը հավասարի պես, ինչի համար էլ հաջողության չեն հասնում: Երբ իրենք կփոխեն իրենց մարտավարությունը, աշխատելաոճը, հայտարարությունները, կասեն, որ նախ իրենք են սխալվել, ներողություն կխնդրեն, ամեն մարդ էլ սխալվելու իրավունք ունի։ Հիմա հանրությանը մեղադրելով՝ իրենք հաջողության չեն կարողանալու հասնել: Հետեւաբար հարց է առաջանում՝ մի՞թե հանրությունը չի հասկանում, որ մենք մեր հայրենիքն ենք կորցրել, հիմա քաղաքականապես ուրիշ իրավիճակ է, նախկինի ու ներկայի թեմա է՛լ չկա։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության զինված ուժերում որոշել են վերաձեւավորման աշխատանքներ իրականացնել, սակայն դրանք սկսել են միայն վերջերս: Մեր տեղեկություններով՝ նպատակ է առկա հիմքից փոխել բանակը, կազմավորել բոլորովին այլ զինված ուժեր, եւ, մեր տեղեկություններով, այդ աշխատանքներում մեծ դերակատարում  է ունենալու ռուսական կողմը: Բանն այն է, որ, «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ռուսական կողմից մասնագետներ են եկել, որոնք այժմ հայկական կողմի հետ իրականացնում են այդ աշխատանքները, եւ առաջիկայում փոփոխությունների ենք ականատես լինելու: Սակայն Պաշտպանության նախարարությունը խուսափում է պատասխանել հարցերի, եւ՝ ոչ միայն այս առնչությամբ: Օրինակ՝ «Ժողովուրդ» օրաթերթն արդեն հինգ տարբեր հարցումներ է ուղարկել Պաշտպանության նախարարությանը, սակայն օրենքի ժամկետի ավարտից հետո պատասխան ենք ստանում, թե իրենց լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ (30 օր) հարցերին պատասխանելու համար: Այս հարցումը եւս արժանացել է այդ ճակատագրին: Սակայն, չնայած դրան, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը երեկ ծավալուն հարցազրույց էր տվել «ՌԻԱ»-ին եւ խոսել նաեւ հայկական բանակում կատարվելիք փոփոխությունների, ռուսական ռազմաբազայի ընդլայնման եւ այլ հարցերի մասին:

 

 

 

ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, պարզվում է, քաղաքական այլ պլաններ ունի, իսկ իշխանափոխության իր ճանապարհային քարտեզը՝ այլ տրամաբանություն: Սերժ Սարգսյանի մտերմիկ շրջապատի եւ ընտանեկան միջավայրի մարդիկ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցել են, որ Սերժ Սարգսյանը կարծում է՝ պետք է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին այդ պաշտոնում փոխարինի ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, այլ ոչ թե Կարեն Կարապետյանը կամ այլ մեկը: Հիշեցնենք, որ 2008-2014 թվականներին Տիգրան Սարգսյանը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ 2014 թվականի ապրիլին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Տիգրան Սարգսյանը հրաժարական էր ներկայացրել, ու նրան այդ պաշտոնում փոխարինել էր Հովիկ Աբրահամյանը, իսկ արդեն 2014 – 2016 թվականներին եղել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը։ 2016-2020 թվականներին եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը։ 2020 թվականից դարձել է Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահի տեղակալ։ Այս ընթացքում Սերժ Սարգսյանն աշխատում է Տ. Սարգսյանին Հայաստան վերադարձնել ու վարչապետի էստաֆետը նրան փոխանցել: Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է իր թիմից մեկին վարչապետի «աթոռին» վերադարձնելու համար, քանի որ այլ նպատակներ ունի: Ու ընդդիմադիր լիդերների առաջադրած վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Սերժ Սարգսյանի սրտով չէ, ավելին՝ վերջինս ներսում լուրջ քննադատում է նրան ու վարչապետի  պաշտոնում նրան չի էլ տեսնում:

 

 

Հայաստանում մասնավոր ուսումնական հաստատությունները հարվածի տակ են. կառավարությունը որոշել է օրինագիծ ընդունել մասնավոր կրթական ծառայություններն ԱԱՀ-ով կամ ավելացված շրջհարկով հարկելու վերաբերյալ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի՝ 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 1455-Լ որոշման հավելվածի համաձայն՝ կառավարությանը հանձնարարվել է մինչեւ 2021-ի մայիսի երկրորդ տասնօրյակը պատրաստել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, ըստ որի՝ հանրակրթություն եւ բարձրագույն կրթություն իրականացնող հաստատությունների գործունեությունը պետք է հարկվի ԱԱՀ-ով՝ 20 տոկոսի չափով։ Առաջիկայում կայանալիք այս փոփոխությունները մտահոգությունների եւ դժգոհության մեծ ալիք է բարձացրել մասնավոր նախադպրոցական հաստատությունների  պատասխանատուների շրջանում. մասնավոր դպրոցները ստիպված են լինելու 20 տոկոսով բարձրացնել ուսման վարձավճարները։ Եւ շատ ծնողներ անհանգստացած են, որովհետեւ այս փոփոխություններից հետո ստիպված են լինելու իրենց երեխաներին հանել մասնավոր դպրոցներից եւ տեղափոխել պետական դպրոց, մինչդեռ անկախ հայկական դպրոցների ասոցացիայի հաշվարկներով՝ ամեն տարի պետությունը մոտ 9000 երեխայի վրա տնտեսում է ավելի քան 1,2 միլիարդ դրամ, այսինքն՝ այդքան երեխա կրթություն է ստանում ոչ պետական դպրոցներում։ Ավելին, անկախ դպրոցների հայկական ասոցիացիան հարցում է անցկացրել աշակերտների ծնողների շրջանում։ Հարցման մասնակից ծնողներից շուրջ 50 տոկոսից ավելին հայտարարել է, որ երեխաներին կտանեն պետական դպրոց: Նույն պատկերն է նաեւ մասնավոր մանկապարտեզների դեպքում, ինչի շնորհիվ հատկապես կանայք կարողանում են աշխատել՝ նպաստելով ՀՀ տնտեսության զարգացմանը։ Իսկ այս փոփոխությունների արդյունքում շատ մանկապարտեզներ ուղղակի կփակվեն, պետական մանկապարտեզներում ազատ տեղեր չկան։ Ահա ծնելիությունը խթանելու կառավարության «լուրջ» ջանքերը։

 

 




Լրահոս