ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ վաղ առավոտյան, Հայաստանի ներքաղաքական կյանքը փոթորկվեց Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունից հետո: Վերջինս նշել էր. «Իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի եւ կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով հայրենիքն ու Արցախը: Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ»: Դրան հաջորդեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը. «Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ… Օնիկ Գասպարյանը կա՛մ պետք է ինքնակամ հեռանա, կա՛մ ՀՀ նախագահը պետք է ստորագրի նրա ազատման միջնորդությունը»:

Նախքան Նիկոլ Փաշինյանի հրավիրած հավաքը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի անդամներ Նիկոլ Փաշինյանի մոտ են կանչվել, այդ թվում եւ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եւ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, եւ քննարկել են նախ արտահերթ ընտրությունների գնալու հարցը, ապա վերլուծել են, թե ինչու ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը դուրս եկավ ՀՀ իշխանությունների դեմ: Իշխող ուժի մոտ համոզում կա, որ ռուսական կողմից է եղել ճնշում Օնիկ Գասպարյանի վրա, ինչն էլ հանգեցրել է նման զարգացումների, սակայն իրենք չպետք է տրվեն ռուսական ճնշումներին։

Ու այս իրավիճակում ուշագրավ զուգադիպությամբ արձագանքեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն` հայտարարելով. «Թուրքիան դեմ է աշխարհի ցանկացած երկրում իշխանության բռնազավթման փորձերին։ Դա վերաբերում է նաեւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին»։

Ընդդիմությունն էլ հայոց բանակին աջակցելու նպատակով երեկվանից փակեց Բաղրամյան պողոտան եւ սկսեց շուրջօրյա նստացույց Բաղրամյան պողոտայում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ու մինչ մեր երկրում իշխանության կռիվ է, կառավարությունն էլ չի պատրաստվում ո՛չ հրաժարական տալ, ո՛չ էլ արտահերթ ընտրությունների գնալ առկա լարվածությունը թոթափելու համար, մեր հարեւան, բայց ոչ բարեկամ Ադրբեջանի կառավարության եւ «Անգլո Աժիան Մայնինգ» (Anglo Asian Mining plc) ընկերության միջեւ համաձայնություն է ձեռք բերվել, որ բրիտանական ընկերությունը սկսելու է շահագործել Սոթքի, Կաշենի եւ Վեջնալի (Զանգելան) հանքավայրերը։ Սրանք, նկատենք, մինչեւ արցախյան սեպտեմբերից սկսված պատերազմը շահագործվել են հայկական «Գեոպրոմայնինգ Գոլդ» (Սոթք) եւ «Վալլեքս Գրուպ»  (Կաշեն) ընկերությունների կողմից, որոնք այդ տարածքներում կատարել էին մեծ ներդրումներ (մոտ 250 միլիոն ԱՄՆ դոլար)։ Բայց պատերազմում կրած մեր խայտառակ պարտությունից երեք ամիս անց մեր պահանջատիրության բացակայության պայմաններում Ադրբեջանը բրիտանական ընկերությանը տվել է ընդերքօգտագործման համար անհրաժեշտ թույլտվությունները: Դե ինչ, սպասենք նորանոր տապալումների:

 

 

 

Երեկ՝ մինչեւ օրվա վերջ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այդպես էլ չստորագրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված միջնորդությունը, որով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պետք է ազատվի աշխատանքից: Նրան ազատելու որոշման մասին երեկ առավոտյան հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իսկ ի՞նչ է ասում ՀՀ մայր օրենքը այդ մասին. ՀՀ Սահմանադրության 133-րդ հոդվածը, որը սահմանում է հանրապետության նախագահի լիազորությունները Զինված ուժերի բնագավառում, նախատեսում է. «Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով նշանակում եւ ազատում է Զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը»: Այսինքն՝ ստացվում է՝ վարչապետը առաջարկել է ազատել Օնիկ Գասպարյանին, սակայն նախագահը դեռ չի ընդունել  այդ առաջարկը, եւ Գասպարյանը շարունակում է մնալ Զինված ուժերի շտաբի պետը: Բացի այդ, մայր օրենքի 139-րդ հոդվածի երկրորդ կետը սահմանում է, թե ինչ է լինում այն դեպքում, երբ նախագահը հրաժարվում է ստորագրել վարչապետի առաջարկը: «Հանրապետության նախագահը Սահմանադրության 131-137-րդ հոդվածներով, 155-րդ հոդվածի 3-րդ մասով, 166-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերով սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան»: Այսինքն՝ ՀՀ նախագահը կարող է վերադարձնել Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու միջնորդությունը. եթե Նիկոլ Փաշինյանը չընդունի վերադարձը, նախագահը կարող է այն ուղարկել ՍԴ, որտեղ ամիսներ անց միայն կքննվի սահմանադրականության հարցը: Այդ ընթացքում Օնիկ Գասպարյանը շարունակելու է մնալ Գլխավոր շտաբի պետ: «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ ստացվում է` Օնիկ Գասպարյանին կամայական ազատելը հեշտ գործ չէ, որքան էլ դրա մասին հնչեցնեն մարդաշատ հրապարակում. ի վերջո, կան իրավական գործընթացներ:

 

 

 

Չնայած ռուսական կողմից հնչում են հայտարարություններ, թե անհանգիստ են Հայաստանում տիրող իրավիճակով, սակայն միեւնույն ժամանակ այն համարում են մեր երկրի ներքին գործը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է մեկնաբանություն ստանալ ՌԴ խորհրդարանականներից եւ պարզել, թե ինչ դիրքորոշում ունեն Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Օրինակ՝ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը նշեց. «Տեղի ունեցող իրադարձությունները համարում եմ բացառապես ինքնիշխան Հայաստանի ներքին գործը»: Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել: Իսկ, օրինակ, Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց. «Հայաստանում վերջին իրադարձությունները չեն անդրադառնա ՌԴ-ի հետ նրա հարաբերությունների վրա: Ժողովուրդը այդպես չի ցանկանում, բայց ցանկացած դեպքում այնտեղ երբեք չի գա որեւէ հակառուսական ուժ: Միշտ կգտնվեն մարդիկ, որոնք կարող են Մոսկվային մեղադրել ինչ-որ բանում, բայց Հայաստանի մեծ մասը շահագրգռված է Ռուսաստանի հետ բարեկամությամբ ու համագործակցությամբ»: Հավելենք, որ այստեղ տեղի ունեցող իրադարձություններին անդրադարձել է նաեւ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը եւ ասել, թե անհանգստությամբ եւ ուշադրությամբ են հետեւում այստեղ տեղի ունեցող զարգացումներին:

 

 

 

Երեկ, երբ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարեց՝ վե՛րջ թավիշին, ուժային կառույցներում շունչները պահած սպասում էին, թե երբ են ստանալու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, տեղակալներին, գեներալներին ու գնդապետներին ձերբակալելու որոշումները: «ժողովուրդ» օրաթերթը ուժային կառույցների իր աղբյուրներից պարզեց, որ ե՛ւ ՀՀ դատախազությունից, ե՛ւ ՀՀ քննչական կոմիտեից, ե՛ւ ԱԱԾ-ից ՀՀ կառավարության սուրհանդակներին հստակ հասկացրել են, որ չեն ենթարկվելու անօրինական որեւէ հրամանի: Ավելին, բացատրել են, որ ռազմական դրության պայմաններում որեւէ դեպքում Օնիկ Գասպարյանին կամ որեւէ այլ զինվորականի չեն ձերբակալի, չեն միջնորդի ձերբակալության համար, հետեւաբար ՀՀ կառավարությունը հասկացել է, որ ուժային կառույցներից միայն փոքրիշատե իրենց վերահսկողության տակ է մնացել ՀՀ ոստիկանությունը, սակայն ոստիկանությունն էլ զինվորականներին ձերբակալելու իրավունք չունի, ռազմական ոստիկանությունն էլ դժվար թե գնա այդ համարձակության: Օ. Գասպարյանը, նրա տեղակալները եւ հայտարարությանը միացած հինգ կորպուսների հրամանատարները կշարունակեն պաշտոնավարել եւ ապահովել մեր երկրի սահմանների անձեռնմխելիությունը, տարածքային ամբողջականությունը, իսկ ներքաղաքական զարգացումները դեռ կշարունակեն ծավալվել:Հավելենք, որ ուժային կառույցների աշխատակիցների պնդմամբ՝ զինված հեղաշրջման փորձ չի եղել, քանի որ ԳՇ պետը, բացի հայտարարությունից, որեւէ քայլ չի արել, զինված գործողություն չի արել իշխանության յուրացման համար, հետեւաբար ապօրինություն կլինի նրան ձերբակալելը։

 




Լրահոս