ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանը երեկ հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաեւ Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ վարչապետի հայտարարությունը: «Հայաստանի վարչապետն առկա փաստերի եւ տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել», – ասել է Մանե Գեւորգյանը:
Հիշեցնենք՝ նույն այս ձեւակերպումն էր ավելի վաղ օգտագործել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը` հայտարարելով, թե ՀՀ վարչապետին մոլորության մեջ են գցել, եւ իրականում պատերազմի ժամանակ «Իսկանդեր»-ներ չեն օգտագործվել:
Նկատենք, որ «Իսկանդեր»-ների մասին Հայաստանի վարչապետի՝ օրեր առաջ արած հայտարարությունն իրականում մեծ աղմուկ էր բարձրացրել Մոսկվայում: Ռուսական դաշնային հեռուստաալիքները երեկ իրենց լրատվական ամփոփիչ ծրագրերում ծավալուն ռեպորտաժներով անգամ անդրադարձել են Հայաստանում ստեղծված իրավիճակին, թե՛ Առաջին ալիքը, թե՛ «Ռոսիա 24»-ը շեշտում են, որ հայաստանյան այսօրվա խորը ճգնաժամի հիմքում ռուսական «Իսկանդեր»-ների մասին երկրի վարչապետի հայտարարությունն է:
Հավելենք, որ ռուսական թե՛ դաշնային, թե՛ Կրեմլից անկախ լրատվամիջոցները ակտիվ լուսաբանում են հայաստանյան իրադարձությունները, նույնիսկ ուղիղ եթերում ցույց տալիս բոլոր երթերը, որ անցնում են այս օրերին Երեւանում:
Հայաստանում ստեղծված իրավիճակի եւ Փաշինյանի հայտարարությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ:
-Պարո՛ն Զատուլին, հետեւո՞ւմ եք Հայաստանում տիրող զարգացումներին, ի՞նչ տեսակետ ունեք:
-Այն, ինչ կատարվեց Հայաստանում, Նիկոլ Փաշինյանի հեռանալու ձգձգումն է վարչապետի պաշտոնից: Նա կառչած է աթոռից, փորձում է իրար դեմ հանել ընդդիմության առաջնորդներին: Եվ, որ ամենակարեւորն է, նա կատեգորիկ կերպով չի տեսնում իր մեղքն այն բանում, ինչ կատարվել է Հայաստանի եւ Արցախի հետ: Նա վախենում է, սակայն այդ վախն արդեն սխալ է: Եվ Հայաստանի ապագայի համար այսօր կանգնած են ներքաղաքական չլուծված հարցերը: Հարցը չի վերաբերում Փաշինյանի հանդեպ հաշվեհարդարին: Հարցն այն է, որ հայ ժողովրդի ոգու եւ Հայաստանի պաշտպանունակության բարձրացումը հնարավոր չէ ներկայիս կառավարության պայմաններում: Սա հասկանում են բոլոր այն գիտակից մարդիկ, որոնք հասկանում են, թե ինչ է կատարվել Հայաստանում:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ իրավիճակը լարվեց հատկապես Փաշինյանի կողմից «Իսկանդեր»-ի մասին հայտարարությունից հետո:
-Հենց այդ հայտարարությունն է եղել Փաշինյանի վերջին կաթիլը այս անգամ արդեն ռուսական զենքի եւ հայ զինվորականների մասին, եւ դա էլ լցրեց բոլորի համբերության բաժակը: Սակայն իրավիճակը եկել է նաեւ Փաշինյանի համառությունից եւ նրա ցանկությունից, որ չի ցանկանում այս քաղաքական ճգնաժամը լուծել: Նա հայտարարել է, որ միայն ժողովուրդն է իրավասու լուծել իշխանության հարցը, որ պետք է արտահերթ ընտրություններ անցկացնել: Եվ Հայաստանի Սահմանադրությամբ միայն մի տարբերակ կա արտահերթ ընտրությունների գնալու. դա վարչապետի հրաժարականն է, սակայն հենց Փաշինյանը դեռ պատրաստ չէ որեւէ ընտրության: Նա միայն հիմարացնում է հայ հասարակությանը: Նա հասկանում, է, որ եթե ժողովրդին թողնեն որոշում կայացնելու հնարավորություն, ապա իշխանություն նա այլեւս չի տեսնի: Հասկանալի է, որ այսպես երկար շարունակվել չի կարող: Սակայն հիմա արդեն անհանգստություն է պատճառում մի կողմից Փաշինյանի քայլերը, մյուս կողմից՝ բանակի դիրքորոշումը:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը մարտի 1-ին հայտարարություն է ընդունել Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքների իրավական կարգավիճակի վերաբերյալ:
Այս մասին արտահերթ նիստում ներկայացրել է ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի անկախությունը հռչակվել է՝ ԽՍՀՄ օրենսդրության եւ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա: Արցախի Հանրապետությունը 1992-94 թթ. հետ է մղել Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ագրեսիան՝ ուղեկցված միջազգային, հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով: Արցախի Հանրապետությունը՝ որպես հակամարտության կողմ, տարբեր ձեւաչափերով մասնակցել է 1992-2020 թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին տարածաշրջանային կայունության ապահովման եւ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով:
Ադրբեջանի Հանրապետությունը, խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ համանախագահ պետությունների առջեւ ստանձնած՝ ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու պարտավորությունները, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին լայնածավալ ռազմական գործողություն է ձեռնարկել Արցախի Հանրապետության դեմ, որին զոհ են գնացել հազարավոր մեր հայրենակիցներ ինչպես խաղաղ բնակչության շրջանում, այնպես էլ Պաշտպանության բանակի շարքերից, միտումնավոր ոչնչացվել են Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքներ ու մշակութային ժառանգությունը:
Հիմք ընդունելով վերը նշված իրողությունները՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է՝ մինչ այս պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված, օկուպացված Ադրբեջանի Հանրապետության կողմից:
Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան եւ նշված տարածքների բռնազավթումը որեւէ իրավական ազդեցություն չեն կարող ունենալ ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության կարգավիճակի եւ սահմանների որոշման գործընթացում»:
ԳՆԴԱՊԵՏ Է ՄԻԱՑԵԼ
ArmLur.am-ի տեղեկություններով` ՀՀ ԶՈՒ ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը բացակա է եղել, ուստի դրա պատճառով չի միացել Գլխավոր շտաբի հայտարարությանը: Ըստ ArmLur.am-ին հասած լուրերի` նա զանգահարել է իր գեներալ ընկերներին եւ ասել, որ միանում է հայտարարությանը: Ինչպես հայտնի է, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի՝ օրերս տարածած հայտարարությանը ոչ բոլոր բարձրաստիճան սպաներն են միացել: Հիշեցնենք, որ Գլխավոր շտաբի գրեթե ողջ ղեկավար կազմը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի հրաժարականը, որից հետո վարչապետը հայտարարեց, որ սա համարում է ռազմական հեղաշրջման փորձ, եւ կոչ արեց աջակիցներին հավաքվել Հանրապետության հրապարակում: Ուսումնասիրելով ԳՇ բարձրաստիճան սպաների կազմը՝ պարզեցինք, որ հայտարարությանը չի միացել 4 պաշտոնյա, նրանք են ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը եւ ՀՀ ԶՈՒ ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը:
ՈՐՍ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ
Այս տարի եւս Հայաստանում կիրականացվի սիգի փորձարարական որս: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է այս տարի իրականացնել նախորդ տարի մեկնարկած սիգ փորձարարական որսի 2-րդ փուլը: Մեզ հայտնի դարձավ, որ Սեւանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանվել է այս տարվա մարտի 15-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը: Ավելին, սիգի փորձարարական որսի համար նախարարությունն իր պահանջներն է սահմանել: Այսինքն՝ սիգի որսը պետք է իրականացվի Սեւանա լճի ամբողջ տարածքով, դնովի ցանցերով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա եւ օրվա լուսային ժամերին: Բայց, չնայած սրան, Շրջակա միջավայրի նախարարության սահմանած փորձարարական որսը խիստ մտահոգում է բնապահպաններին. նրանց կարծիքով՝ արդյունաբերական արդյունահանման համար սահմանված ժամկետները սխալ են։ Ըստ մասնագետների՝ նախորդ տարի արդյունահանման ընթացքը սխալ է կազմակերպվել, ինչն ի վերջո հանգեցրել է սիգի պաշարների կտրուկ կրճատման, հնարավոր է՝ անգամ վերացման։ Փաստորեն, Շրջակա միջավայրի նախարարությունն ականջալուր չէ բնապահպանների ահազանգերին: Մյուս կարեւոր նորությունը. այս տարվա համար Սեւանա լճում կարասի եւ խեցգետնի համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել: Այս դեպքում նախարարութանը չի անհանգստացրել խեցգետնի պաշարները՝ չնայած այն բանին, որ Սեւանա լճում խեցգետին չկա, վերջին երկու տարում խեցգետնի պաշարները զգալի նվազել են: