ՀՀ-ԵՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՄՏԱՎ ՈՒԺԻ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ից ուժի մեջ է մտնում Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ), որը քաղաքական շատ ավելի խորը համագործակցություն է ենթադրում Հայաստանի եւ եվրոպական ընտանիքի միջեւ։

 

Ողջունելով, իրենց իսկ բնորոշմամբ, այս կարեւոր հանգրվանը՝ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներն արձանագրում են՝ այն համընկավ Հայաստանում սկսված դժվարին փուլին, որից դուրս գալու լավագույն ելքը հավատարմությունն է ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին։

«Հայաստանի համար այժմ դժվար ժամանակներ են, այդուհանդերձ Եվրոպական Միությունը շարունակում է կանգնած լինել հայ ժողովրդի կողքին։ Եվրամիություն-Հայաստան երկկողմ համաձայնագրի կիրարկումը մեզ թույլ կտա ամրապնդել մեր գործակցությունը տնտեսության, կապի, թվայնացման եւ էկոլոգիական բարեփոխումների ոլորտներում, որոնք առանցքային են Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնման եւ երկարաժամկետ դիմակայման համար», – հայտարարել է Եվրամիության հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյն՝ ընդգծելով՝ ներկայիս անհանգիստ օրերին խաղաղության պահպանումը, ժողովրդավարության եւ սահմանադրական կարգի նկատմամբ հարգանքն առանցքային նշանակություն ունեն։

Անցած շաբաթա վերջին, երբ Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջեց վարչապետի եւ կառավարության հրաժարականը, վարչապետ Փաշինյանն էլ այդ քայլը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց, պաշտոնական Բրյուսելը զսպվածության կոչ արեց բոլոր կողմերին՝ հորդորելով խուսափել ցանկացած գործողությունից, որ կարող է է՛լ ավելի սրել իրավիճակը։

Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ Զինված ուժերը պետք է չեզոքություն պահպանեն քաղաքական հարցերում եւ մնան քաղաքացիական վերահսկողության ներքո. հայտարարել էր Միության արտգործնախարարության խոսնակը՝ հավելելով՝ ժողովրդավարական ու սահմանադրական կարգի պահպանումը միակ ճանապարհն է, որով Հայաստանը կարող է արդյունավետորեն հաղթահարել այն մարտահրավերները, որոնց առջեւ կանգնած է։ Արտգործնախարար Ջոզեպ Բորելն իր հերթին ընդգծել է. «Այսօրվանից ուժի մեջ մտնող նոր համաձայնագիրը վկայում է, որ Հայաստանը հավատարիմ է ժողովրդավարական սկզբունքներին եւ օրենքի գերակայությանը, ինչպես նաեւ բարեփոխումների ավելի լայն օրակարգին»։

Հենց այդ բարեփոխումների իրականացման գործում էլ, ըստ Բորելի, Բրյուսելն աջակցել է եւ կշարունակի աջակցել Երեւանին։

«Համաձայնագրի նպատական է քաղաքական, տնտեսական, առեւտրի ոլորտներում նպաստել Հայաստանի բարեփոխումների հետ կապված մարտահրավերների հաղթահարմանը եւ մարդկանց կյանքում մտցնել դրական փոփոխություններ»,- հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ այս համաձայնագիրը ստորագրվել էր 2017թ.-ին։ Դրա վավերացման համար պահանջվել էր մոտ 3 տարի։ Հայաստանի կառավարության հաղորդմամբ՝ պաշտոնական Երեւանը մոտ 8 տարի ժամանակ ունի փաստաթղթի բոլոր դրույթներն իրականացնելու համար։ Ակնկալվում է, որ այդ բարեփոխումների ավարտին հայաստանյան տարբեր ոլորտներ՝ սկսած տրանսպորտից մինչեւ սպառողների իրավունքների պաշտպանություն, կմոտեցվեն Եվրամիության չափորոշիչներին։

Ն.Հ.

 

 

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԳՈՀ Է

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գոհունակություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի այն հայտարարության առնչությամբ, որ վարչապետին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: «Շատ կարեւոր է, որ ճշմարտությունն այս հարցում վերականգնվել է»,- նշել է Պեսկովը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաեւ Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունը: Այս հարցը պարզաբանել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը: «Հայաստանի վարչապետն առկա փաստերի եւ տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Ավելին, վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական եւ ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում եւ այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական արդյունաբերության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում եւ մտադիր է քայլեր ձեռնարկել այն է՛լ ավելի խորացնելու ուղղությամբ»,-նշել է Գեւորգյանը:

 

 

 

ԱՌԱՋԱՐԿԻ Է ՍՊԱՍՈՒՄ

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների առնչությամբ արված իր առաջարկի համար սպասում է վարչապետ Փաշինյանի արձագանքին՝ շեշտելով երկիրն այս իրավիճակից դուրս հանելու համար պատրաստ է զիջումների, սակայն միակողմանի զիջումների պատրաստ չէ: Մարուքյանն իր առաջարկի վերաբերյալ իշխանական պատգամավորների արձագանքները պաշտոնական չի համարվում, նա սպասում է Նիկոլ Փաշինյանի առաջարկին:

 

 

 

ՏԱՐԱԿԱՐԾԻՔ ԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ փետրվարի 18-ին հարցում էր ուղարկել Կառավարություն եւ ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով հերքել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աղմկալի հայտարարություններից մեկը: Հարցումից մեկ օր առաջ Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» տված հարցազրույցի ժամանակ, խոսելով «թալանի եւ լափելու» մասին, սկանդալային հայտարարություն էր արել։ Ըստ նրա՝ պատերազմի ժամանակ կառավարությունը, շրջանցելով ՊՆ-ին, գնել է զրահաբաճկոն 600 դոլարով։ Եվ այստեղ ուշագրավ է, թե ինչպես են հարցումներին արձագանքում երկու կառույցները:  Փետրվարի 24-ին «Ժողովուրդ» օրաթերթը ստացավ կառավարության պատասխանը, որով նրանք մեր հարցադրումը պետական գաղտնիք էին համարում: «Նշված հարցադրումների կապակցությամբ հայտնում ենք, որ, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, այդ կատեգորիայի ծառայությունների եւ ապրանքների գնումները ներառվում են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ», -ասված էր պատասխանում: Սակայն հետաքրքիր է, որ երեկ էլ ստացել ենք Պաշտպանության նախարարության պատասխանը, որով նրանք ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում տեղեկությունները, ո՛չ էլ պետական գաղտնիք համարում, ինչպես դա արեց կառավարությունը: Պաշտպանության նախարարությունը, մեր հարցմանը ի պատասխան, լրացուցիչ ժամանակ խնդրեց, այսինքն՝ ենթադրվում է, որ պատասխան կլինի: Սակայն նկատենք, որ Պաշտպանության նախարարությունը վերջին շրջանում մի քաղաքականություն է որդեգրել, որով բոլոր հարցումների համար լրացուցիչ ժամանակ է խնդրում:

 

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

Երեկ ArmLur.am-ը գրել էր, որ հայրենի իշխանությունները բանակցությունների մեջ են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: ՀՀ վարչապետին հաջողվել է հանդիպել Արմեն Սարգսյանի հետ եւ քննարկել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու դիմումը: Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ, կարծես թե, նրանք լեզու են գտել այդ հարցում: Ավելին, իմքայլական պատգամավորներին հրահանգել են դեռեւս նախագահի մասին վատ արտահայտություններ չանել, նրան որեւէ կերպ «չկպնել», եթե ինչ-որ հայտարարություններ են անում: Բայց դեռեւս հստակ չէ, թե կոնկրետ ինչ քայլերի կգնա Արմեն Սարգսյանը: Ավելի ուշ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն տարածեց. «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են: Քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը վատառողջ է, վարչապետը տեսակցելու նպատակով այցելել էր նրան: Բնականաբար, հանրապետության նախագահն ու վարչապետն անդրադարձել են նաեւ երկրի ներքաղաքական իրավիճակին: Տարածվող այլ տեղեկությունները բացարձակապես սուտ են եւ փորձ են ավելի սրելու առանց այն էլ լարված իրավիճակը»:




Լրահոս