ՀՀ գլխավոր դատախազությունը քննարկել է 2020թ.-ին հանրապետությունում հանցավորության շարժընթացը, դրա դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների աշխատանքն ու դատախազության գործունեության արդյունքները: Նիստին մասնակցել են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, ՀՀ դատախազության ստորաբաժանումների ղեկավարները:
2020թ.-ի ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26.468 դեպք՝ նախորդող տարվա 26?850-ի դիմաց: Դեպքերը նվազել են 382-ով կամ 1.4%-ով, Երեւանում՝ 1069-ով կամ 7.1 %-ով:
Առանձնապես ծանր հանցագործության դեպքերն աճել են 4?2%-ով, բացահայտումը կազմել է 54,9%: Ծանր հանցագործության դեպքերը, սակայն, նվազել են 9?2 %-ով: Սա պայմանավորված է հիմնականում բնակարանային գողությունների դեպքերի կտրուկ՝ 25.8%-ով նվազմամբ, ինչի վրա ազդել են ինչպես 2020թ.-ի հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմով կիրառված սահմանափակումներն ու կանոնները, այնպես էլ նախորդող տարիներին ՀՀ դատախազության նախաձեռնությամբ այս ոլորտում կատարված կանխարգելիչ մի շարք կարեւոր միջոցառումներ: 2020թ.-ին հանրապետությունում գրանցվել է սպանության 50 դեպք՝ 2019թ.-ի 47-ի դիմաց, սպանության փորձի 39 դեպք՝ 30-ի փոխարեն:
7.9%-ով նվազում է արձանագրվել առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու դեպքերի շարժընթացում: Արձանագրվել է ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի 633 դեպք՝ նախորդող տարվա 613-ի դիմաց, այսինքն՝ նման դեպքերն ավելացել են 20-ով կամ 3.3%-ով: ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված՝ ՀՀ-ում վերջին 10 տարվա միտումների ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինքնասպանություն կատարած անձանց կազմում բացարձակ գերակշիռ մաս են կազմում գործազուրկները եւ թոշակառուները: Զգալիորեն՝ 10.7%-ով նվազել են ՃԵԿ խախտմամբ կատարված հանցագործությունների դեպքերը, որոնց բացահայտումը կազմել է 82.1%: Սակայն, դրա հետ մեկտեղ, մահվան ելքով դեպքերի քանակն աճել է 1.3%-ով: Էական աճ է արձանագրվել ապօրինի ծառահատումների դեպքերի բացահայտման առումով. եթե 2019թ.-ին այդ հանցակազմով հարուցվել է 282 քրեական գործ, ապա 2020թ.-ին՝ 369-ը, այսինքն՝ աճը կազմել է 31%: Սա պայմանավորված է նման դեպքերի հայտնաբերման ուղղությամբ իրավապահ եւ հսկողություն իրականցնող այլ իրավասու մարմինների հետեւողականությամբ:
Զգալիորեն աճել են ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ ապօրինի շրջանառության այլ դեպքերը: Եթե 2019թ.-ին արձանագրվել է նման բնույթի 586 դեպք, ապա 2020թ.-ի ընթացքում՝ 641, այսինքն՝ դեպքերը աճել են 9.4%-ով: Սա պայմանավորված է 2020թ.-ի արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում եւ դրանից հետո դեպի ՀՀ ապօրինի կերպով զենք-զինամթերքի տեղափոխման բազմաթիվ դեպքերի հայտնաբերմամբ:
Նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստված 1819 նյութից 1241-ով հարուցվել են քրեական գործեր: Կոռուպցիոն 183 քրեական գործ՝ 410 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Նախնական քննության եւ դատական քննության ընթացքում միայն ավարտված կոռուպցիոն գործերով բացահայտվել է պատճառված ընդհանուր 7.8 մլրդ ՀՀ դրամի վնաս, վերականգնվել 4.6մլրդ ՀՀ դրամի վնաս, որը մոտ 2.5 մլրդ դրամով կամ շուրջ 223%-ով ավելի է՝ 2019թ.-ի համեմատ:
Դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ձեռնարկված միջոցառումներով, ուսումնասիրություններով, հարուցված հայցերով, քրեական գործերով եւ քննչական մարմիններ ուղարկված նյութերով, նաեւ ներգործության միջոցներով՝ բացահայտված պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 21,4 մլրդ ՀՀ դրամ, վերականգնվել է 1.8 մլրդ ՀՀ դրամի վնաս: ՀՀ գլխավոր դատախազը, անդրադառնալով հանցավորության վիճակին, մտահոգություն է հայտնել, մասնավորապես, սպանությունների եւ սպանության փորձերի դեպքերի աճի կապակցությամբ՝ հանձնարարելով դատախազական հսկողության գործիքակազմի կիրառմամբ ուշադրություն դարձել հատկապես օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով կանխարգելիչ գործողությունների ձեռնարկմանը, նախկինում կատարված հանցագործության դեպքերի հնարավոր շարունակության դրսեւորումների բացահայտմանը:
«105 ՌՈՅԱԼ»-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Փետրվարի 24-ին համացանցում տարածվել է տեղեկատվություն այն մասին, որ Մեծ եղեռնի 105-րդ տարելիցի կապակցությամբ «Դարի ղողանջ» հիմնադրամը նախաձեռնել է «105 ռոյալ» նախագիծը, եւ նշվում է, որ այն իրականացվում է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարության մասնակցությամբ: Այդ կապակցությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ 2019թ.-ի երկրորդ կեսին «Դարի ղողանջ» հիմնադրամի տնօրենը դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ «105 ռոյալ» նախագծի իրականացման հարցում աջակցելու խնդրանքով: Հաշվի առնելով նախագծի համահայկական բնույթը՝ ԱԳՆ-ն համաձայնություն էր տվել իր իրավասությունների շրջանակներում աջակցելու նախագծի իրագործմանը: Այդ համատեքստում 2019թ.-ի վերջին ամիսներին եւ 2020թ. սկզբում ԱԳՆ-ի եւ հիմնադրամի միջեւ ծավալվել է համագործակցություն՝ տարբեր երկրների հայկական համայնքներում նախագծի վերաբերյալ իրազեկման շուրջ: Սակայն 2020թ. ընթացքում, պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ, համագործակցությունը ժամանակավորապես կասեցվել էր, իսկ 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի եւ հետպատերազմական շրջանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ համագործակցությունն ընդհանրապես դադարեցվել է, ինչի մասին տեղեկացվել է նաեւ «Դարի ղողանջ» հիմնադրամի տնօրենը: Իրաքի, Ռումինիայի եւ Իսպանիայի հայ համայնքների ջանքերով նախապատերազմյան շրջանում հիմնադրամին է փոխանցվել 3 ռոյալի համար անհրաժեշտ գումար՝ 12000 ԱՄՆ դոլար։ ԱԳՆ եւ «Դարի ղողանջ» հիմնադրամի տնօրենի միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի շրջանակում մանրամասն հաշվետվություն է ներկայացվելու փոխանցված միջոցների տնօրինման վերաբերյալ:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Երեկ Փաստաբանների պալատը հայտարարել է, որ հաշվի առնելով հանրային տիրույթում առկա լայնածավալ տեղեկությունները առանձին գործատուների, այդ թվում՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր կազմակերպությունների կողմից աշխատողներին հավաքներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ, որոնք ուղեկցվում են նաեւ աշխատանքից ազատելու սպառնալիքներով, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում ձեւավորվել է փաստաբանների խումբ նշված աշխատողներին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով:
Փաստաբանների պալատն ընդգծել է, որ աշխատողին որեւէ եղանակով հավաքների մասնակցելուն հարկադրելը հակաօրինական է:
ԽԱՅՏԱՌԱԿ ՆՇԱՆԱԿՈՒՄ
Փետրվարի 22-ին լրացել է 2005 թվականից Դիլիջան քաղաքը ղեկավարած, 2016 թվականից խոշոր Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի լիազորությունների ժամկետը։ Փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել Դիլիջան քաղաքը եւ Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Հովք, Աղավնավանք, Խաչարձան գյուղերը միավորող Դիլիջան խոշոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել 1984թ. ծնված Դավիթ Սարգսյանին։ Դ. Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի եղբորորդի, ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի մտերիմ ընկերն է։ Դ. Սարգսյանը սահմանադրական հանրաքվեի (որը չկայացավ) Դիլիջանի շտաբի ղեկավարն է եղել։ Դ. Սարգսյանը 2016թ.-ից Դիլիջան համայնքի ավագանու անդամ է: Նա խոշոր համայնքի ավագանու նիստերից ամենաշատ բացակայածն է, 5 տարում բացակայել է ավագանու 39 նիստերից։ Մոտ մեկուկես, երկու տարի առաջ Դավիթ Սարգսյանի եւ իր եղբայր Սասունի կողմից Հաղարծին գյուղում՝ միջպետական ավտոճանապարհի եզրին, առանց շինթույլտվության, ավտոլվացման կետ է կառուցվել, որն այժմ էլ գործարկվում է։ 2019թ. օգոստոսին Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սաթրոսյանը նրանց գրավոր զգուշացրել է, որ համայնքապետարանի առաջին իսկ պահանջի դեպքում այդ ավտոլվացման կետը պետք է քանդվի։ Ապօրինի կառույցի վերաբերյալ ակտ է կազմվել, սակայն համայնքապետարանի կողմից Դավիթ Սարգսյանը չի տուգանվել։ Խոշոր համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատար Դ. Սարգսյանը բարձրագույն կրթություն չունի, նա ավարտել է Դիլիջանի պետական քոլեջը։ Իր անձնական գործում Դ. Սարգսյանը ջնջումներով է գրել իր ավարտած ֆակուլտետի՝ Տնտեսագիտականի անվանումը։ Նա Դիլիջանի պետական քոլեջում իր ուսումնառության տարեթվերը նշել է 2001-2006, սակայն քոլեջում ուսումնառությունը երկու տարի է։ Նույն անձնական գործում նա փոքրատառով է գրել Դիլիջան քաղաքի անվանումը։ Սակայն համացանցում ամենամեծ աղմուկը բարձրացել է այն բանից, որ Դ. Սարգսյանն անձնական գործում իր սեռի վերաբերյալ նշել է՝ արու։ Այդ առթիվ համացանցում մեծ աղմուկից հետո Դ. Սարգսյանը հայտարարություն է տարածել, որ այդ ձեւաթուղթը կեղծված է՝ չնշելով, թե ինչն է այնտեղ կեղծված, ում կողմից։ Դիլիջան համայնքի արդեն նախկին ղեկավար Արմեն Սանթրոսյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ համարելով, որ Դ. Սարգսյանին համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելը սահմանադրական կարգի խախտում է, համայնքի ղեկավարի լիազորությունները դադարելուց հետո համայնքի ղեկավարը պետք է շարունակի պաշտոնավարել, մինչեւ ՏԻՄ նոր ընտրություններ կանցկացվեն:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ