ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄՈՏ ԱՇԽԱՏՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հանրության մի ստվար զանգված խորը հիասթափություն ապրեց։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց Օնիկ Գասպարյանի հրամանագիրը, եւ նա իրավունքի ուժով կազատվի պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները տեղեկացրին, որ Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. մինչ օրս նա գիշերում էր ՀՀ ՊՆ գլխավոր շտաբում։ Դա, սակայն, ոչ թե նշանակում է նահանջ, այլ կարճ դադար։ ԳՇ անդամները սպասում են առավոտյան Գասպարյանի գալուն եւ նոր հրահանգներին։

Իսկ ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի անակնկալ որոշմանը, ապա նկատենք, որ նախօրեին, երբ նախագահը հանդիպել էր վարչապետ  Փաշինյանին, հանդիպումից առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները սոցիալական ցանցերում եւ հարցազրույցներում իսկական գրոհ էին սկսել ՀՀ նախագահի դեմ։ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանն անգամ նախորդ օրը դիտարկում էր նախագահին անվստահություն հայտնելու տարբերակները: Դրան զուգահեռ Արմեն Սարգսյանին գովեստի խոսքեր էին հղում ընդդիմության առաջնորդները:

Վարչապետը նախագահի հետ հանդիպումից հետո sms էր ուղարկել իր թիմակիցներին՝ «անջատելով» քննադատությունները, եւ զարմանալի չէր, որ երեկ արդեն իրավիճակը 180 աստիճանով փոխվեց։ Նիկոլ Փաշինյանի պահանջը կկատարվի.

Օնիկ Գասպարյանը, ամենայն հավանականությամբ, կդադարի լինել ԳՇ պետ մարտի 4-ից: Մնացած քայլերը լիրիկայի ժանրից են՝ Սահմանադրական դատարան, օրենքի սահմանադրականություն եւ այլն։

Իսկ թե ինչ են պայմանավորվել նախագահը, վարչապետը, ապա նաեւ վարչապետն ու ընդդիմության լիդերները, առաջիկայում կպարզվի։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունները, նպատակ ունենալով փոխել ՀՀ Սահմանադրությունը, ամեն ինչ անում են, որպեսզի խորհրդարանում կարողանան քվեարկություն ապահովել: Բանն այն է, որ խորհրդարանը պետք է 88 կողմ ձայնով քվեարկի սահմանադրական փոփոխություններին, որի համար իշխանականները, այս օրերից սկսած, որոշել են խորհրդարանի անկախ պատգամավորների հետ լեզու գտնել, լավ հարաբերություններ փորձել ստեղծել: Երեկ մեր թղթակիցը նկատել է, որ, կարծես թե, այդ գործին լծել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արման Բոշյանին: Պատգամավորը անկախ օրենսդիր Տիգրան Ուրիխանյանի հետ տեւական ժամանակ խորհրդարանի այգում քայլում ու զրուցում էր, կարծես թե ինչ-որ բան էր նրան համոզում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է այս հարցերի շուրջ զրուցել ԱԺ իմքայլական պատգամավոր Արման Բոշյանի հետ: «Մենք Ազգային Ժողովի պատգամավորներ ենք, ովքեր ունեն մտահոգություններ տարբեր հարցերի վերաբերյալ, մենք, այո, մեր գործընկերների հետ քննարկում ենք եւ պարտավոր ենք քննարկել ընթացիկ իրավիճակը, մեր պատկերացումները, մեր մոտեցումները, համադրել դրանք իրար հետ ու փորձել լուծումներ գտնել»,- հանդիպման վերաբերյալ ասաց Արման Բոշյանը: Ըստ պատգամավորի՝ իրենք միշտ են նման քննարկումներ ունեցել իրենց գործընկերների հետ: «Քննարկումները շարունակվելու են, ու ես կարծում եմ, որ մենք անպայման լուծումներ գտնելու ենք»,-եզրափակեց պատգամավորը:

 

 

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի լարված հարաբերությունների մասին խոսակցությունները չեն դադարում, դրան զուգահեռ էլ, նկատենք, Մարությանը վերջերս քաղաքապետարանում աշխատանքի է ընդունել վարչապետի կողմից աշխատանքից ազատված անձի: Խոսքն աշխատակազմի քարտուղարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արա Գաբրիելյանի մասին է, որը եղել է ՊԵԿ փոխնախագահ եւ ազատվել է աշխատանքից Նիկոլ Փաշինյանի հրամանով: Նկատենք, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում բացակայում  է Գաբրիելյանի մասին տեղեկությունը, չկա անգամ լուսանկար: Եվ, մեր տեղեկություններով, հենց Արա Գաբրիելյանը չի թողնում, որ իր պաշտոնական կենսագրությունն ու լուսանկարը տեղադրեն կայքում՝ հաշվի առնելով նաեւ իր ոչ այնքան մաքուր անցյալը: Երբ Փաշինյանի հրամանով Գաբրիելյանն ազատվեց այդ պաշտոնից, նշվում էր, թե ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը դժգոհ է մաքսային բլոկի ղեկավարներից ու պահանջել է, որ նրանք ազատման դիմումներ ներկայացնեն: Սակայն, բացի այդ, դժգոհություն ուներ Նիկոլ Փաշինյանը: Նկատենք նաեւ, որ  Արա Գաբրիելյանն ԱՄՆ-ում դատապարտվել է GPS-ի միջոցով 35-ամյա նախկին ընկերուհուն հետապնդելու համար։ Տեղեկությունների համաձայն՝ Արա Գաբրիելյանը մինչ դատապարտվելը բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ իր կեցությունը երկարաձգել է կեղծ փաստաթղթերի հիման վրա, տարիներ շարունակ հայկական տարբեր հեռուստաընկերություններում աշխատել է որպես մոնտաժող։ Գաբրիելյանը Հայաստան է վերադարձել 2015-ին եւ սկսել աշխատել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող «Յուքոմ» ընկերությունում:

 

 

 

Հայաստանի սահմանամերձ մարզերում բնակարանների գները նվազել են: Սա, ըստ ամենայնի, պատերազմի թողած հետեւանքն է. մարզային այս քաղաքներում բնակարանների պահանջարկը նվազել է, մարդիկ անհանգստացած են եւ չեն շտապում սահմանամերձ քաղաքներում բնակարաններ գնել: Արձանագրենք, որ վերջերս սահմանամերձ դարձած Գեղարքունիքի մարզի բոլոր քաղաքներում էլ բնակարանների գները նվազել են: Նույն պատկերն է նաեւ Սյունիքի մարզում. այստեղ եւս բնակարանների գների անկում է արձանագրվել: Օրինակ՝ Գորիսում անցյալ տարվա նոյեմբերին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 141 հազար դրամով, իսկ դեկտեմբերին՝ 140 հազար դրամով, Կապանում գինն իջել է 3100 դրամով: Մեղրիում մեկ ամսվա ընթացքում բնակարանն էժանացել է 1600 դրամով: Քաջարանում բնակարանի գինը նվազել է 1500 դրամով. այստեղ մեկ քմ-ն նոյեմբերին կազմել է 98 հազար դրամ, դեկտեմբերին՝ 96 հազար 500 դրամ: Հայաստանի մյուս սահմանամերձ Տավուշում բնակարանների գները եւս նվազել են. Դիլիջանում մեկ ամսվա ընթացքում բնակարանի գինը նվազել է 1800 դրամով, Իջեւանում` 1500 դրամով, իսկ Նոյեմբերյանում բնակարանի գինը նվազել է 500 դրամով:




Լրահոս