ՀԱՎԱՏԱՐԻՄ Է «ԹՓԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ ԹԱՔՆՎԵԼՈՒ» ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական Журналисткая правда պարբերականն անդրադարձ է կատարել «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի «անարդյունավետության» վերաբերյալ Փաշինյանի սկանդալային հայտարարությանն ու օրեր անց ասածի համար խոսնակի միջոցով «ներողություն խնդրելու փորձին»: Ինչպես պարբերականը նկատում է, օրեր առաջ Փաշինյանի արած «անհեթեթ» հայտարարությունից հետո երկրում խոշորագույն ներքաղաքական ճգնաժամ է սկսվել, որը, քիչ էր մնացել, վերածվեր ռազմական հեղաշրջման:

 

Այս համատեքստում հեղինակն ընդգծել է իր սխալը մինչեւ վերջ պաշտպանելու Փաշինյանի պատրաստակամությունը: «Ասաց հիմարություն, եւ ոչ ոք իրավունք չունի նույնիսկ կասկածելու նրա փորձագիտական ճշմարտացիությանը: Կասկած հայտնեց ԳՇ պետի տեղակալը, եւ վերջ. դու ազատված ես, գեներա՛լ: Վարչապետի խոսքը կասկածի ենթակա չէ»,- հեգնանքով գրել է պարբերականի լրագրողը:

«Եվ, ահա, տաքացած վարչապետը խոստովանում է, որ սխալվել է «Իսկանդեր»-ի հարցում. ընդամենը մեկ հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահի հետ: Վլադիմիր Պուտինը կարողանում է հանգիստ խոսքով եւ ողջամիտ փաստարկով համոզել նույնսիկ այդպիսի տաքացած տղաներին: Դե, իհարկե, այդ ամենը գաղտնի է եղել»,- շեշտում է աղբյուրը՝ նկատելով, որ «երեւում է՝ Փաշինյանի ականջից մի քիչ քաշել են, որ շատ երես չառնի»:

Պարբերականն ուշադրություն է հրավիրում նաեւ այն հանգամանքի վրա, որ Փաշինյանն անձամբ չի ընդունել իր մեղքը եւ ներողություն չի խնդրել, այլ իր խոսնակին է հանձնարարել ինչ-որ բան ասել. «ասա, որ ինձ սխալ են զեկուցել, իսկ ես այնքան միամիտ եմ, հավատում եմ ամենին, ինչ ասում են»:

«Ներողություն խնդրե՞լ է արդյոք Տիրան Խաչատրյանից, որը ճիշտ էր, իսկ ինքը՝ ոչ, եւ վերականգնե՞լ է արդյոք նրան իր պաշտոնում. ո՛չ»,- գրում է հեղինակը:

«Ցնցվելու աստիճան հետաքրքիր մարդ է: Ցանկացած բարդ իրավիճակում հավատարիմ է մնում «թփերի հետեւում թաքնվելու» ռազմավարությանը: Չգիտես ինչու, հենց նման կադրերը, նման «խիզախ հեղափոխականներն» են հայտնվում գահին «գունավոր հեղափոխություններից» հետո. հարցրեք Յուշչենկոյին եւ Սաակաշվիլին: Հետո՝ դեպի թփուտներ»,- եզրափակում է հեղինակը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ` պահանջելով վարչապետ Փաշինյանի եւ նրա կառավարության հրաժարականը։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարել է, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել, որն ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։ Սահմանված ժամկետում Արմեն Սարգսյանն այն չի ստորագրել։ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է այն ուղարկել նախագահին։ Եռօրյա ժամկետում նախագահը կա՛մ պետք է ստորագրի, կա՛մ ուղարկի ՍԴ։ Բարձր դատարանը իր հերթին դիմումը մուտքագրելու պահից տասնօրյա ժամկետում կայացնելու է որոշում։

 

 

 

ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

Ռուսաստանը մեկ ամսով մինչեւ ապրիլի 1-ը երկարաձգել է հայաստանցիների մուտքի թույլտվությունը. պայմանը կորոնավիրուսի բացասական թեստն է եւ «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» հավելվածում գրանցվելը։ Ըստ Ռուսաստանի կառավարության կայքում տեղադրված որոշման՝ այս հնարավորությունից կարող են օգտվել Եվրասիական միության անդամ պետությունների քաղաքացիները, եթե Ռուսաստան ժամանեն Հայաստանից կամ Բելառուսից։

 

 

 

ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ 40-ԱՄՅԱԿԸ

Երեւան քաղաքի խորհրդանիշներից մեկը` Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի  մետրոպոլիտենը, շուտով կնշի իր հոբելյանական 40-ամյակը։ 1962-1964թթ. մշակված Երեւանի նոր հատակագծի համաձայն` մետրոպոլիտենի միջոցով ազգաբնակչության տրանսպորտային սպասարկումն ամենաարդյունավետն էր դիտվում եւ համապատասխանում էր մայրաքաղաքի զարգացման հեռանկարին: Ի պատիվ այն ժամանակվա իշխանությունների՝ 1971 թվականին ստացվեց ստորգետնյա արագընթաց տրամվայի շինարարության թույլտվությունը, ապա 1977 թվականին նաեւ համաձայնություն տրվեց, որ այն վերափոխվի մետրոպոլիտենի շինարարության:

 

 

240 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում մարտի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր հաստատված դեպքերի թիվը կազմում է 172 456, որոնցից 163 738-ը` առողջացած, 3200-ը` մահվան ելքով: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4700 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 736 590 թեստավորում: Մարտի 1-ին կատարվել է 2951 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք: Առկա է 227 առողջացած եւ 5 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 818 է:

 

 

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՎԵՐՍԿՍԵԼ ԵՆ

Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական 4 ջոկատ մարտի 2-ին վերսկսել է զոհված զինծառայողների աճյունների եւ անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները: Այս մասին տեղեկացրել է Արցախի ՆԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը՝ մանրամասնելով, որ որոնողական աշխատանքները վերսկսվել են Հադրութի շրջանում, Վարանդայի (Ֆիզուլի) եւ Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններում: Մինչ այս որոնումները դադարեցվել էին փետրվարի 15-ից՝ ադրբեջանական կողմի պահանջով: Զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնումների արդյունքում հայտնաբերվել են 1485 զոհված զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) եւ քաղաքացիական անձանց աճյուններ:

 

 

 

ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐ

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր նշել: ««Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Ռուստամ Բաքոյանը: «Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ կատարվել են փոփոխություններ: Սեպտեմբերի վերջին շաբաթը փոխել ենք հոկտեմբերի առաջին կիրակիով: Սրա շուրջ քննարկումներ եմ ունեցել նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, եւ եկել ենք ընդհանուր հայտարարի, որ հոկտեմբերի առաջին կիրակին Հայաստանում նշվի որպես ազգային փոքրամասնությունների օր»,- ասել է նա: Անդրադառնալով օրվա փոփոխության պատճառներին՝ պատգամավորն ասաց՝ հնարավոր էր, որ ամեն 7 տարին մեկ այդ օրը լիներ սեպտեմբերի 27-ը: «Իսկ ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչնեը երբեք չեն կարողանա նշել որպես տոն, մինչեւ մենք չունենանք համապատասխան հաղթանակ»,- նշել է նա:

 




Լրահոս