ՀՀ ազգային ժողովը հայտարարությամբ դատապարտեց Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց հայրենադարձմանը խոչընդոտելը: ԱԺ անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի եւ Վարդան Աթաբեկյանի ներկայացրած հայտարարության նախագիծը խորհրդարանն ընդունել է միաձայն՝ 120 «կողմ» ձայներով: Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն արձանագրում է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Թուրքիայի ուղղակի աջակցությամբ եւ ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված եւ 44 օր տեւած ագրեսիայի ավարտից հետո անցել է շուրջ երեք ամիս, սակայն Ադրբեջանում գերության մեջ են գտնվում զինվորականներ եւ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ կանայք, որոնց անհապաղ հայրենադարձումը ռազմական գործողությունների ավարտից հետո միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված հրամայական պահանջ է:
Այդուհանդերձ, Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքով ողջ միջազգային հանրության հանդեպ ստանձնած պարտավորությունները, խախտելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կիրառված միջանկյալ միջոցների պահանջները, թաքցնում է իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիների եւ ներկալված քաղաքացիական անձանց իրական թիվը եւ անթույլատրելի կերպով ձգձգում է նշված անձանց, այդ թվում՝ կանանց անհապաղ հայրենադարձման մարդասիրական գործընթացը՝ փաստացիորեն վերածելով վերջիններիս պատանդների՝ զրկված դատական պաշտպանության որեւէ արդյունավետ միջոցից: «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնեւի կոնվենցիայի 118-րդ հոդվածի համաձայն՝ «Ռազմագերիներն ազատվում եւ հայրենադարձվում են անմիջապես ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո»: «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնեւի կոնվենցիայի հոդված 113-ի 1-ին մասը սահմանում է նաեւ. «Ներկալումը պետք է դադարի, որքան հնարավոր է, շուտ՝ ռազմական գործողություների ավարտից հետո»:
«Բռնությամբ անհետացած անձանց պաշտպանության մասին» 2007թ. փետրվարի 6-ի միջազգային կոնվենցիան սահմանում է, որ ոչ ոք չպետք է ենթարկվի բռնությամբ անհետացման նույնիսկ պատերազմական իրավիճակում: Գերիների առկայության փաստի ժխտումը կամ անհետացած անձի ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունները թաքցնելը համարվում է միջազգային հանցագործություն: Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետում ամրագրված է. «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»: Հայկական կողմերը ամբողջությամբ իրականացրել են միջազգային մարդասիրական իրավունքից բխող իրենց պարտավորությունները, մինչդեռ Ադրբեջանը հետեւողականորեն հրաժարվում է հայրենադարձել իր մոտ ապօրինաբար պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին եւ պահվող այլ անձանց: Ավելին՝ Ադրբեջանը, շինծու քրեական հետապնդման ապօրինի գործընթաց նախաձեռնելով, փորձում է զրկել իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց Ժնեւի կոնվենցիաներով սահմանված կարգավիճակից՝ չտրամադրելով վերջիններիս նշված կոնվենցիաներով նախատեսված իրավունքները, արտոնությունները եւ այլ երաշխիքները:
ՀՀ ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանում հայատյացության ու կազմակերպված թշնամանքի քաղաքականության պայմաններում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց հայրենադարձմանը խոչընդոտելը եւ արձանագրում, որ գերիներին չվերադարձնելու Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի վարքագիծը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի անկյունաքարային դրույթները, կոպտորեն ոտնահարում է Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ խաթարելով ժամանակակից միջազգային հարաբերությունների բուն էությունը եւ վտանգելով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային եւ տարածաշրջանային համակարգերի նկատմամբ վերաբերմունքը:
Ելնելով վերը նշվածից՝ ՀՀ Ազգային ժողովը կոչ է անում բոլոր միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ողջ միջազգային հանրությանը եւ միջազգային եւ տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպություններին խիստ գնահատականի եւ դատապարտման արժանացնել Ադրբեջանի վերը նշված վարքագիծը»:
ՀԵՐՈԻՆԻ ԽՄԲԱՔԱՆԱԿ` ԽՄՈՐԻՉԻ ՓԱԹԵԹՆԵՐՈՒՄ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը վերջին 7 տարում Հայաստանով թմրանյութի տեղափոխման խոշորագույն դեպքն է բացահայտել:
Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից ArmLur.am-ին տեղեկացրել են, որ նշված վարչության աշխատակիցները բացահայտել են թմրանյութի տեղափոխման բացառիկ դեպք: Երեւանի մաքսային պահեստներից մեկում կատարված մաքսային հսկողության արդյունքում որպես խմորիչ հայտարարագրված 18600 կգ բեռի կազմում հայտնաբերվել է հերոինի առանձնապես խոշոր խմբաքանակ` 33 արկղ։ Փաթեթավորման հետ միասին շուրջ 365 կիլոգրամ կշռող հերոինի շուկայական արժեքը մոտ 45 մլն ԱՄՆ դոլար է: Սա 2014 թվականից հետո Հայաստանի իրավապահ մարմինների հայտնաբերած խոշորագույն դեպքն է, որն իր բնույթով աննախադեպ է ամբողջ տարածաշրջանում: Խմորիչի փաթեթավորմամբ հերոինն Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի տարածքով նախատեսված էր տեղափոխել Արեւմտյան Եվրոպա:
Հանցավոր սխեման բացահայտվել է լայնածավալ եւ բազմակողմանի վերլուծական աշխատանքների ու համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում: Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում իրենց դերն են կատարում ՊԵԿ շնագիտական կենտրոնի կինոլոգներն ու ծառայողական շները, որոնք նույնպես ներգրավվել են այս խոշոր դեպքի բացահայտման աշխատանքներում: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման փուլում ակտիվ մասնակցություն են ունեցել նաեւ ՀՀ ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 եւ 266 հոդվածների հատկանիշներով: Տարբեր քաղաքացիություններ ունեցող 6 անձ ձերբակալվել է։ Ազգային անվտանգության ծառայության հետ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը շարունակվում է գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ թմրանյութի տեղափոխման հանցավոր սխեմաներ կազմելուց եւ զգուշացնում` վարչությունը շուրջօրյա պայքարում է միջազգային ապօրինի թմրաշրջանառության դեմ` միշտ մեկ քայլ առաջ լինելով իրավախախտներից:
ԳՆԱԼՈՒ Է ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական վարույթ է հարուցել Երեւան քաղաքի դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի գործողությունների հետ կապված, Հատուկ քննչական ծառայությունում էլ հարուցվել է քրեական գործ: Ի՞նչ փուլում են այս գործերը, եւ ի՞նչ է պատրաստվում անել դատավոր Պետրոսյանը. այս հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է դատավորի հետ:
-Տիկի՛ն Պետրոսյան, Ձեր նկատմամբ կարգապահական վարույթի գործով նիստը հետաձգվեց, քանի որ Դուք լքեցիք դատական նիստը, եւ նիստը կիրականացվի այն ժամանակ, երբ Դուք ներկա կգտնվեք: Պատրաստվո՞ւմ եք ներկա գտնվել ԲԴԽ հերթական նիստին եւ, առհասարակ, ստացե՞լ եք հերթական նիստի օրվա մասին ծանուցում:
-Բարձրագույն դատական խորհրդում իմ նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում դատական նիստի վայրի եւ ժամանակի մասին չեմ ծանուցվել, ընդ որում՝ այդ ծանուցումը պետք է լինի նիստից առնվազն 5 օր առաջ:
-Դուք ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունների դադարեցման հարցով դիմել եք վարչական դատարան. ի՞նչ փուլում է գործը, եւ, ըստ Ձեզ, դատարանը համարձակություն կունենա՞ ԲԴԽ անդամի՝ իշխանության թեկնածուի դեմ որոշում կայացնել եւ Ձեր հայցը բավարարել:
-Վարչական դատարան ներկայացված հայցի կապակցությամբ դեռեւս որեւէ դատական ակտ չեմ ստացել: Հետեւողական եմ լինելու մինչեւ իրավական գործընթացի ավարտը:
-Տիկի՛ն Պետրոսյան, ՀՔԾ-ում Ձեր մասով քրեական գործ կա, Ձեզ դեռ մեղադրանք առաջադրված չէ: Ձեզ կանչե՞լ են հարցաքննության, թե՞ ոչ:
-ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով ստացել եմ հսկող դատախազի պատասխանն առ այն, որ ՀՔԾ քննիչին ցուցում է տրվել ինձ տրամադրելու քրեական գործի հարուցման որոշումը, ինչը ստանալուց հետո փաստաբանի հետ կձեռնարկվեն բողոքարկման անհրաժեշտ միջոցները:
-Ի վերջո, Ձեր շուրջ տեղի ունեցող գործընթացներն իրավական հիմք ունե՞ն, թե՞ Ձեզ ցանկանում են կա՛մ վախեցնել, կա՛մ պատժել:
-Թե՛ կարգապահական վարույթը եւ թե՛ քրեական գործը դիտարկում եմ բացառապես որպես ճնշման փորձ՝ իմ կողմից ԲԴԽ ընտրված անդամի լիազորությունները դադարած ճանաչելու իրավական գործընթացը կանխելու ուղղությամբ:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ