ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕԴԱՆԱՎԸ, ՉԳԻՏԵՍ ԻՆՉՈՒ, ՀԱՅՏՆՎԵԼ Է ԻՐԱՆՈՒՄ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Boeing տիպի օդանավի անհետացումից մեկ շաբաթ անց որոշել է կրկին հայտարարություն տարածել եւ պարզաբանում ներկայացնել: Նկատենք, որ Իրանում ինքնաթիռի հայտնվելու խորհրդավոր պատմությունը դեռ պարզված չէ: Էստոնիայից Ուկրաինա թռչող ինքնաթիռը, չգիտես ինչու, հայտնվել է Իրանի օդային տարածքում, որտեղ հետագայում տեխնիկական վայրէջք է կատարել: Իսկ երեկ էլ խորհրդարանում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, թե բանակցություններ են տարվում Իրանում հայտնված Boeing-ը Երեւան վերադարձնելու շուրջ:

 

Իսկ ի՞նչ է պարզաբանում Քաղավիացիայի կոմիտեն: Նշվում է, որ նրանք թույլտվություն են տվել 2021 թվականի փետրվարի 12-ից մինչեւ 2021 թվականի փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում կատարել թռիչք Տալլին-Կիեւ երթուղիով, սակայն օդանավի անձնակազմը, ի հակառակ իրեն նախապես տրված թույլտվության եւ չպահպանելով Կոմիտեի կողմից տրամադրված թույլտվության վերջնակետը, թռիչք է իրականացրել դեպի Վառնայի  օդանավակայան, այնուհետեւ ուղղություն է վերցրել դեպի Շարժա, սակայն վայրէջք է կատարել Իրանի Մեհրաբադ օդանավակայանում:

«Նշենք նաեւ, որ ավիաընկերությունը նույնպես Կոմիտեին տեղեկացրել է, որ նախատեսված թռիչքուղու փոփոխությունը տեղի է ունեցել առանց վերջիններիս համաձայնության եւ գիտության։ Հարկ ենք համարում նշել, որ օդանավը շահագործող ավիաընկերությունն է պատասխանատու թռիչքի կազմակերպման ու թույլտվությունների ստացման գործընթացի, ինչպես նաեւ թռիչքի վերգետնյա սպասարկման համար: Կոմիտեի կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ ստեղծված իրավիճակի հանգամանքները, պատճառները պարզելու համար, մասնավորապես՝ կապ է հաստատվել Բուլղարիայի Հանրապետության, Էստոնիայի Հանրապետության,  Տաջիկստանի Հանրապետության, Միացյալ Արաբական Էմիրությունների, Իրանի Իսլամական Հանրապետության ավիացիոն իշխանությունների, ինչպես նաեւ «Եվրոկոնտրոլ» կազմակերպության հետ: Ըստ թռիչքային անձնակազմի եւ Իրանի Իսլամական Հանրապետության ավիացիոն իշխանությունների հավաստիացման՝ Թեհրանի Մեհրաբադ միջազգային օդանավակայանում օդանավի վայրէջքը կատարելու պատճառը կրել է տեխնիկական բնույթ, մասնավորապես՝ առաջացել են օդանավի վառելիքի հետ կապված խնդիրներ։ Համաձայն Քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիայի 13-րդ հավելվածի (ավիացիոն պատահարների եւ միջադեպերի քննություն), ինչպես նաեւ «Ավիացիայի  մասին» ՀՀ օրենքի պահանջների՝ Կոմիտեում իրականացվում է քննություն վերը նշված հանգամանքների ուսումնասիրության նպատակով»:

Նկատենք, որ, համաձայն վարձակալության պայմանագրի, ավիաընկերությունը հանդիսանում է օդանավ շահագործողը, հետեւաբար օդանավի շահագործման, թռիչքային անվտանգության, տեխնիկական սպասարկման, ավիացիոն անվտանգության, անձնակազմի եւ օդանավի հետ կապված այլ հարցերով պատասխանատուն հանդիսանում է ավիաընկերությունը:

Հավելենք, որ դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, եւ իրականացվում է նախաքննություն: Ավելին,  Կոմիտեի համապատասխան ներկայացուցիչները գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում օդանավը Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հետ կապված հարցերը քննարկելու եւ հետագա գործողությունները կազմակերպելու նպատակով:

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հենց այդ հարցերի հետ կապված մարտի 2-ին մեկնել էր Իրան եւ բանակցություններ է վարում: Թե դրանք ինչով կավարտվեն, դեռ վաղ է ասել:

Ն.Հ.

 

 

 

ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ ԿՍՏԵՂԾՎԻ

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում կստեղծվի Արցախյան ազատամարտում զոհվածների եւ անհայտ կորածների հուշահամալիր: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հաստատվել է հուշահամալիրի ստեղծման աշխատանքների համակարգման աշխատանքային խմբի անհատական կազմը:

 

 

 

ՓՈԽՄԱՐԶՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

Վայոց ձորի փոխմարզպետ, գնդապետ Արայիկ Մուրադյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Այսօր մեր հայրենիքի առջեւ լուրջ մարտահրավերներ են ծառացած, եւ, ազգովի համախմբվելու, սխալները գիտակցելու, առկա խնդիրները լուծելու եւ առաջ շարժվելու փոխարեն, մեր երկրի իշխանությունները զբաղված են ջրբաժաններ կառուցելով՝ այս օրհասական պահին «իմ եւ քո»-ի մեթոդաբանությամբ ժողովրդին պառակտելով։ Ես՝ որպես բանակի ձեւավորման ակունքներում կանգնած զինվորական, ողջ կյանքս նվիրել եմ հայրենիքիս պաշտպանությանը: Մասնակից լինելով պետականաշինության գործին, անընդունելի համարելով երկրում ստեղծված իրավիճակը՝ հրաժարվում եմ Վայոց ձորի մարզպետի տեղակալ-աշխարհազորային զորամիավորման ղեկավարի պաշտոնից եւ հայտարարում եմ, որ միանում եմ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությանը եւ իմ զորակցությունն եմ հայտնում ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին»,-հայտարարել է նա։

 

 

 

 

ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ

Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտվել են: Այս մասին հայտնել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։ «Շուռնուխի բնակելի տների նախագծերը կավարտենք մինչեւ մարտի վերջ, ճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտված են։ Շինարարությունն ընթանում է, հիմա իրականացվում են պայմանագրերի կնքման աշխատանքները, այսօր էլ նորից խոսել եմ շինարարի հետ։ Կմեկնենք տարածք, ավելի կակտիվացնենք, որպեսզի մինչեւ տարվա վերջ հանձնարարությունները կատարվեն»,-ասել է Ա. Ղուլարյանը։ Հիշեցնենք, որ Շուռնուխ գյուղով անցնող Մ2 ավտոմայրուղու ներքեւի հատվածում գտնվող տներից անցել են Ադրբեջանի հսկողության ներքո: Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2021 թվականի բյուջեի մասին օրենքում՝ լուծելու Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում սահմանազատման հետեւանքով իրենց բնակելի նշանակության գույքերի տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդիրը:

 

 

 

ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ՊՆ-Ի ՄՈՏ

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նախկին զինվորները մարտի 6-ին՝ ժամը 13:00-ին, հանրահավաք են անելու ՊՆ շենքի մոտ՝ ի աջակցություն Գասպարյանին:

 

 

 

 

ԱԿՑԻԱ՝ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌՋԵՎ

Երեկ Երեւանում մի խումբ հադրութցիներ Հադրութը վերադարձնելու պահանջով ակցիա են իրականացրել Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առջեւ: Ակցիան կազմակերպել է «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպությունը։ «Մենք խնդրում եւ պահանջում ենք բոլոր դեսպանատներին մեզ վերադարձնել մեր հայրենի հող Հադրութը: Մեր հավաքի նպատակը համապատասխան բովանդակությամբ նամակ հանձնելն է ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներին: Այս ցույցերն ու ակցիաները մենք իրականացնելու ենք շարունակական, մինչեւ հասնենք մեր նպատակին: Այստեղ հավաքվել են նաեւ տեղահանվածներ Շուշիից, Քաշաթաղից։ Խնդիրներ շատ ունենք, բայց պահանջը հիմնականում այն է, որ մեզ վերադարձնեն մեր հայրենի հողը, որը Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի կազմում էր: Մինչ այժմ մի քանի անգամ նամակներ ենք հանձնել դեսպաններին, սակայն առայժմ ոչ մի արձագանք չկա։ Այս անգամ նամակով մենք պահանջել ենք հանդիպում դեսպանի հետ, որպեսզի ներկայացնենք մեր գլխավոր պահանջը»,-նշել է «Հանուն Հադրութի» ՀԿ վարչության անդամ Իրա Թամրազյանը:

 

 

 

ԳՆԱՃ

Այս տարվա փետրվարին, հունվարի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 0.6 տոկոս գնաճ: Ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը թանկացել են 2.4 տոկոսով: Բանջարեղենի շուկայում փետրվարին, հունվարի համեմատ, արձանագրվել է 2.9 տոկոս գնաճ: Թանկացում արձանագրվել է նաեւ ոչ պարենային ապրանքների շուկայում. այստեղ մեկ ամսվա ընթացքում գրանցվել է 1 տոկոս գնաճ: Օրինակ՝ փետրվարին, հունվարի համեմատ, թանկացել են գորգերը, ապակե ամանեղենը, կահույքը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ կոշիկի շուկայում արձանագրվել է 0.5 տոկոս գնաճ, իսկ հագուստը թանկացել է 1.5 տոկոսով: Ի դեպ, տեղեկացնենք, որ բավականին թանկացել են մաքրող, լվացող միջոցները. այս շուկայում արձանագրվել է 2 տոկոսի չափով գնաճ: Մասնագետների խոսքերով՝ հագուստի, կոշիկի եւ մաքրող, լվացող միջոցների թանկացման պատճառը թուրքական ապրանքների ներմուծման 6-ամսյա արգելքն է: Օրեր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խորհրդարանում հայտարարեց, որ մտադիր է հանդես գալ այն երկարացնելու առաջարկով։ Բացի այս, փետրվարին, հունվարի համեմատ, բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են 2.3 տոկոսով։ Հայաստանյան բենզալցակայաններում «Ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում է 410 դրամով, «Պերմիումը»՝ 430 դրամով: Միայն նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ բենզինի շուկայում արձանագրվել է 5.4 տոկոս գնաճ:

 

 

 




Լրահոս