Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել վարչական դատավարության արդյունավետությունը, նվազեցնել Վարչական դատարանի եւ Վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը, երաշխավորել ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը եւ դատավարական խնայողությունը: Օրենսգրքում ներդրվում են գրավոր ընթացակարգեր: Ինչպես նշել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, գրավոր ընթացակարգը վարչական դատավարությունում ներդնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նախեւառաջ այն հանգամանքով, որ Վարչական դատարանում չափազանց մեծ քանակով վիճարկվում են Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված տուգանքների վերաբերյալ որոշումները:
«Վարչական արդարադատության շուրջ 13 տարիների ընթացքում երկու վարչական դատավարության օրենսգիրք է ընդունվել եւ գործել, եւ երկուսով էլ գրավոր ընթացակարգ առհասարակ նախատեսված չի եղել, ինչը, մեր գնահատմամբ, էականորեն ազդում է դատարանի ծանրաբեռնվածության վրա: Բացի այդ, այն գործերը, որտեղ վեճը հնարավորինս պարզ է, մեր կարծիքով՝ բանավոր քննության անհրաժեշտություն չկա, եւ կարող ենք սահամանափակվել գրավոր ընթացակարգով: Բարձրագույն դատական խորհրդի հաղորդման համաձայն՝ վերջին տարիներին վիճարկման հայցերը, չորս հայցատեսակ կա վարչական դատավարությունով, ամենաշատը հենց վիճարկման հայցերն են, երբ վիճարկվում են վարչական մարմինների վարչական ակտերը: Շուրջ 566 տոկոսով ավելացել են: Եվ եթե 2018-2020թթ. վիճակագրությունը նայենք, այն գործերը, որոնցով մենք գրավոր ընթցակարգ ենք ներդնում, կազմում է ընդհանուր գործերի 80 տոկոսը եւ ավելին: Մասնավորապես՝ 2019թ. 7165 դատական ակտ է կայացվել վիճարկման հայցերով, եւ 5755 դատական ակտը վերաբերել է այն հոդվածներին, որոնց մասով առաջարկում ենք գրավոր ընթացակարգ ներդնել: 2020թ.՝ 4957, որից 3247-ը կրկին այս հոդվածներով է: Հետեւաբար, հիմք ընդունելով այս գործերի բնույթը եւ այս իրավախախտումներով գործի քննության համեմատաբար պարզ լինելը՝ մենք նպատակահարմար ենք համարում նշված գործերի քննության համար սահմանել բացառապես գրավոր ընթացակարգ, ինչպես առաջին ատյանում, այնպես էլ Վերաքննիչ դատարանում եւս հնարավորություն ընձեռնել ակտերի վերանայումն իրականացնել գրավոր ընթացակարգով»,-նշել է նախարարը:
Ըստ այդմ, նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.3-րդ հոդվածով, 123.5-րդ հոդվածի 1-2-րդ մասերով, 123.6-րդ, 124-րդ, 124.3-րդ, 124.4-րդ եւ 124.7-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության պարտադիր գրավոր ընթացակարգ, եթե առկա չեն գրավոր ընթացակարգը բացառող հիմքեր: Այլ վարչական գործերի քննության դեպքում եւս նախատեսվել է գրավոր ընթացակարգ կիրառելու վարչական դատարանի հայեցողություն: Վարչական վերաքննիչ դատարանին տրված է հնարավորություն Վարչական դատարանում գրավոր ընթացակարգով քննության արդյունքում կայացված դատական ակտերի վերանայումն իրականացնել գրավոր ընթացակարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական այս նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի եւ սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
ԱՎԱՐՏՎԵԼ Է ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԳՈՐԾԸ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ դատապարտյալի կողմից առանց իրացնելու նպատակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:
Քննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող 33-ամյա ցմահ դատապարտյալը 2020թ. մարտի 30-ին, առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար փորձել է ձեռք բերել խոշոր չափերի՝ 12,91 գրամ քաշով, տնայնագործական եղանակով պատրաստված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի շուրջ պայամանավորվածություն է ձեռք բերել քննությամբ դեռեւս չպարզված անձի հետ: Վերջինս տնայնագործական եղանակով պատրաստել է խոշոր չափի՝ 12,91 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը, որը քողարկված ձեւով դատապարտյալին իրացնելու համար տեղավորել է թեյի մեկանգամյա օգտագործման փաթեթների, այնուհետեւ՝ թեյի գործարանային տուփի մեջ, եւ այլ իրերի հետ փաթեթավորելով՝ պատրաստել հանձնուք, ինչը, ըստ պայմանավորվածության, պետք է փոխանցվեր դատապարտյալին:
Թմրամիջոց պարունակող հանձնուքը ՔԿՀ տեղափոխելու եւ այն իրեն փոխանցելու վերաբերյալ դատապարտյալը պայմանավորվածություն է ձեռք բերել իր ավտոմեքենայով տաքսի ծառայություններ մատուցող, ՔԿՀ-ում պահվող տարբեր անձանց համար ծանրոցներ տեղափոխող, Էջմիածին քաղաքի բնակչի հետ, որը հանձնուքն իր ավտոմեքենայով տարել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ եւ փորձել փոխանցել դատապարտյալին, սակայն ՔԿՀ-ի աշխատակիցները հանձնուքի զննման ժամանակ հայտնաբերել են թեյի փաթեթներում քողարկված թմրամիջոցը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ցմահ դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի (առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության փորձ) 2-րդ մասի 2-րդ կետով: Քրեական գործից անջատված մասը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Թմրամիջոցը պատրաստողի եւ իրացնողի մասով վարույթը կասեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:
ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ: Հայցադիմումը դատարան է ներկայացվել երեկ՝ մարտի 3-ին: Գործով որպես երրորդ անձ ներգրավված են վարչապետի աշխատակազմն ու Զինված ուժերի գլխավոր շտաբը: Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, 2021թ. փետրվարի 24-ին հրամանագրով Խաչատրյանին ազատել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից: Նշենք, որ Տիրան Խաչատրյանը պաշտոնանկ եղավ է «Իսկանդեր» հրթիռի՝ 10 տոկոս պայթելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ երկար ծիծաղելու համար։
ԱՌԱՆՑ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ
Կառավարությունը հավանություն է տվել Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով նախատեսվում է գրավոր ընթացակարգ ներդնել մի շարք գործերի քննության համար. դրանք հիմնականում ճանապարհային երթեւեկության անվտանգությանն առնչվող վարչական իրավախախտումների վիճարկմանն են վերաբերում: «Այն գործերը, որտեղ վեճը հնարավորինս պարզ է, բանավոր քննության կարիք չկա, կարելի է բավարարվել գրավոր քննությամբ»,-ասել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նիկոլ Փաշինյանն էլ հավելել է, որ, ըստ էության, մարդիկ, որոնք վիճարկել են ճանապարհային կանոնների խախտման համար իրենց նկատմամբ կայացված ակտերը, կարող են միայն փոստով ուղարկել հայցը եւ ներկա չգտնվել նիստին, քանի որ դատական նիստերը կանցկացվեն գրավոր ընթացակարգով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Վարչական դատարանում եւ Վարչական վերաքննիչ դատարանում գրավոր ընթացակարգի կիրառում նախատեսված չէ, ինչի արդյունքում տվյալ դատարանները գտնվում են գերծանրաբեռնված վիճակում, եւ հնարավոր չի լինում երաշխավորել գործի՝ ողջամիտ ժամկետում քննության սկզբունքը: Գրավոր ընթացակարգը վարչական դատավարությունում ներդնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նախեւառաջ այն հանգամանքով, որ Վարչական դատարանում չափազանց մեծ քանակով վիճարկվում են Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված տուգանքների վերաբերյալ որոշումները»: