ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԹՎԵՐԻ ԱՃՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետը մինչ օրակարգային հարցերի քննարկումը անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին եւ նշել, որ վերջին օրերին կորոնավիրուսի թվերի որոշակի աճ է արձանագրվում, ինչն անհանգստացնող է:

 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել համավարակի ներկայիս իրավիճակի վերաբերյալ: «Վերջին ընթացքում մենք ունենք հիվանդացության աճ. երեկվա դրությամբ 2922 հետազոտությունից ունենք 491 դրական դեպք, ինչը հետազոտվածների 16 տոկոսն է: Եթե մենք հունվար, փետրվար ամիսների սկզբին ունեինք թեստավորվածների մեջ 5-7 տոկոսի դրական դեպքեր, ապա, ինչպես տեսնում ենք, հիմա արդեն 16 տոկոս է, եւ մեր կանխատեսումներով՝ հաջորդ շաբաթ այս թիվը կավելանա»,-նշել է նախարարը:

Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ պետք է վերադառնալ դիմակների եւ այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը. «Եթե մենք ուզում ենք պաշտպանել մեր հարազատներին, պաշտպանել մեզ նոր սահմանափակումների կիրառումից, ապա պետք է ամեն բան անենք, որպեսզի կանխենք հիվանդության տարածումը: Հատուկ ուշադրություն եմ ուզում դարձնենք, որ առաջիկա օրերին՝ Մարտի 8-ի հետ կապված, ունենալու ենք բավական շարժի ավելացում եւ՛ առեւտրային կենտրոններում, եւ՛ հյուրատներում, ուստի խնդրում եմ, հորդորում եմ եւ վերահսկողական մարմինների առանձնակի ուշադրությունն եմ հրավիրում. տրանսպորտում, առեւտրային կենտրոններում, հյուրատներում հստակ հսկողություն պետք է իրականացվի: Եվ, անկախ հսկողությունից էլ, մեր կարգապահությամբ պիտի ներդրում ունենանք պաշտպանելու մեր առողջությունը, մեր տնտեսությունը: Մենք այսօր արդեն իսկ վերսկսում ենք երկու հիվանդանոցների ծավալման աշխատանքները: Ներկայումս ունենք 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ը: Հընթացս կավելացնենք մահճակալների թիվը: Բայց անգամ եթե մենք ի վիճակի լինենք բոլորին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու, գիտեք, որ հիվանդացությունը մոտ 20 տոկոսի մոտ ունի ծանր ընթացք, իսկ 5 տոկոսի մոտ՝ ծայրահեղ ծանր ընթացք»:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն էլ հայտնել է, որ քննարկում է նախատեսված շահագրգիռ գերատեսչությունների հետ թիրախային վերահսկողությունն ուժեղացնելու համար: «Ինչպես մեր սեփական փորձը ցույց տվեց, մենք լավ հաջողություններ ենք ունեցել՝ դա անելով ամռանը, նաեւ աշնանն ենք կարողացել դիմանալ: Հույս ունեմ՝ այս անգամ էլ կկարողանանք դիմակայել նոր ալիքին»,- նշել է Արսեն Թորոսյանը:

Վարչապետ Փաշինյանը Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել է, թե ինչ նորություն կա պատվաստանյութերի հետ կապված: Ի պատասխան՝ նախարարը նշել է, որ պատվաստանյութերի ձեռքբերման աշխատանքներն ընթանում են, բանակցությունները շարունակվում են. «Որոշակի դանդաղում կա գործընթացների, բայց մեր գործընկերների, այլ երկրների հետ փորձում ենք այնպես անել, որպեսզի հասանելիությունը զարգացող երկրներին ապահովվի: Հույս ունենք, որ գարնան ընթացքում մենք պիտի արդեն առաջին խմբաքանակն ունենանք: Ռուսական կողմի հետ բանակցություններն ավարտված են առաջին խմբաքանակի հետ կապված, պայմանագիրը կքնման փուլում է: Ակնկալում ենք առաջին ամսվա մեջ նաեւ այս խմբաքանակի ներկրումը»:

Առողջապահության նախարարը, պատվաստանյութերի ներկրման եւ պատվաստման գործընթացին զուգընթաց, մեկ անգամ եւս կարեւորել է դիմակների կրումը եւ նշել. «Դա մեր որոշումը չէ, համընդհանուր մոտեցում է, որը նաեւ մենք պիտի պահպանենք: Մի այսպիսի թյուրըմբռնում էլ կա, որ եթե մարդիկ վարակվել եւ լավացել են, ապա ավելի դժկամությամբ ենք դիմակներ կրում: Բայց մենք ապացուցված որեւէ գիտական մոտեցում չունենք, որ այս շտամերով նրանց կողմից վարակումը բացառված է: Ուստի խնդրում եմ՝ անգամ եթե վարակվել եւ առողջացել են քաղաքացիները, պահպանեն այս կանոնները»:

 

 

 

 

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՌՄԲԱԿՈԾՈՒՄԸ

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս, ԵԺԿ) կողմից Եվրոպական հանձնաժողովին ուղղված հրատապ հարցադրմանն ի պատասխան՝ Բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ժոզեպ Բորելը եվրահանձնաժողովի անունից դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց մայր տաճարի ռմբակոծումը։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի պաշտոնական կայքը:

 

Եվրապատգամավոր Ֆուրլասի կողմից ուղղված հրատապ հարցման մեջ նշվում էր, որ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով պատերազմի միջազգային օրենքները, 2020 թվականի հոկտեմբերի 8-ին թիրախավորել եւ հարվածներ են հասցրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարին: Եվրապատգամավորը Եվրոպական հանձնաժողովից հարցնում է, թե արդյոք վերջինս նախատեսում է քայլեր ձեռնարկել Արցախի «քաղաքացիական բնակչությունը եւ կրոնական պաշտամունքային վայրերը պաշտպանելու ուղղությամբ»: Ի պատասխան եվրապատգամավորին՝ Եվրահանձնաժողովը հայտնում է, որ խիստ դատապարտում է Արցախի կրոնական եւ պատմական հուշարձանների ոչնչացումը եւ ընդգծում է մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման եւ վերականգնման կարեւորությունը: Իր պատասխանում Եվրահանձնաժողովի բարձր ներկայացուցիչը նաեւ հիշատակում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձեւը, որը սահմանում է կրոնական, ուսումնական եւ մշակութային կենտրոնների թիրախավորումը որպես ռազմական հանցագործություններ:

Եվրահանձնաժողովը ողջունում է նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնած առաքելությունը դեպի ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի շրջաններ: Այս առաքելությունն ուղղված է հայկական մշակութային ժառանգության նախնական փաստագրական գնահատմանը: Առաքելությունը նաեւ կաջակցի հայկական մշակութային վայրերի պահպանմանն ու վերականգնմանը:

Մեկնաբանելով գրավոր հարցման պատասխանը՝ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը նշեց. «Ադրբեջանը պետք է լիովին պատասխանատվություն կրի 2020 թվականի պատերազմի ընթացքում եւ դրանից հետո կատարած զարհուրելի ռազմական հանցագործությունների համար: Դրանց թվում են Արցախի քաղաքացիական բնակավայրերը եւ կրոնական ժառանգությունը, այդ թվում՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը թիրախավորելը: Միջազգային հանրությունը եւ պատկան կազմակերպությունները պետք է հետեւողականորեն հետամուտ լինեն Ադրբեջանի կողմից բռնազավթած հայկական կրոնական եւ մշակութային ժառանգության պահպանմանը: Մենք չենք կարող թույլ տալ, որ իրականացվի եւս մեկ մշակութային ցեղասպանություն, ինչպիսին 2006 թվականին ադրբեջանական իշխանությունների կողմից նախաձեռնած Նախիջեւանի հազարավոր հայկական միջնադարյան խաչքարների ոչնչացումն էր: Արցախում պատմական հայկական ներկայության աղավաղման ցանկացած փորձ պետք է կանխվի եւ խստորեն դատապարտվի»:

 

 

 

491 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում մարտ 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 491 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 173 307-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 3208 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Մարտի 4-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 820 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4028-ի:  Մեկ օրում առողջացածների թիվը 179 է, ընդհանուր առողջացածներինը՝ 16 4085, փաստացի բուժվողներինը՝ 5194 (մեկ օրում ավելացել է 308-ով): Մեկ օրում արվել է 2992 թեստ, ընդհանուր  առմամբ առ այսօր արվել է 742 038 թեստ:

 

 

 

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

«Ակբա» բանկը Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ մեկնարկել է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2021-2022թթ. դրամաշնորհային ծրագիրը: Հայտարարված մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները հնարավորություն կստանան բանկի եւ NABU-ի համատեղ ֆինանսական աջակցության միջոցով ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում եւ անհամեմատ մեծացնել արտադրանքի արտահանման հեռանկարները: «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի 2021-2022թթ. մրցույթին մասնակցելու համար հետաքրքրված տնտեսվարողները կարող են մինչեւ սույն թվականի մարտի 31-ը ներառյալ ներկայացնել դիմում-հայտ:

Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու եւ ոլորտի արտադրողներին օժանդակելու նպատակով 2015 թվականից մեկնարկել է «Ակբա» բանկի եւ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համատեղ «Օրգանական գյուղատնտեսական զարգացման» անվճար ծրագիրը:

 

 

 

ԱՐԴՅՈՒՆՔ ՉԿԱ

Երեկ Արցախի հարավում իրականացված որոնումները դարձյալ արդյունք չեն տվել, զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Որոնումներն 3 ջոկատով շարունակվել են Ջրականի (Ջեբրայիլ) եւ Հադրութի շրջանում, Քաշաթաղի շրջանի հարավային թեւում:

 

 




Լրահոս