ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԽՈՒՃԱՊ ՉՏԱՐԱԾԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ՝ կապված Ազատամուտ գյուղը ադրբեջանցիներին հանձնելու լուրերի հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրառում էր կատարել. «Հենց այս պահին ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում՝ նախկին Բարխուդարլիի մերձակայքում։ Արդեն մոտեցել են մեր շատ հայրենակիցների եւ շատ «քաղաքավարի» ասել. «Ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ»»:

 

-Տեղեկատվություն է տարածվում, որ հիմա էլ Տավուշի մարզ են ադրբեջանական զինվորները ներխուժել, գծագրումներ են իրականացնում սահմանում, խոսվում է՝ Ազատամուտի մի հատվածը իրենց վերահսկողության տակ է անցել: Ի՞նչ իրավիճակ է այս պահին Տավուշի մարզում:

-Այդ տեղեկատվության վերաբերյալ եղել են պաշտոնական մեկնաբանություններ, այդ թվում՝ Տավուշի մարզպետարանի կողմից: Դրանք ամբողջությամբ իրականության հետ որեւէ աղերս չունեն: Իսկ Տավուշի մարզում ամեն ինչ հանգիստ է՝ չհաշված այդ խուճապային տրամադրությունները:   Իրավիճակն իրականում հանգիստ է, մարդիկ իրենց բնականոն աշխատանքին են:

-Այսինքն՝ այն հայտարարությունները, որ ադրբեջանական զինվորները Տավուշի մարզում են եւ այլն, լարվածությու՞ն է առաջացրել:

-Այո, բնականաբար բերել է անհանգստության: Առանց մտածելու չի կարելի նման վարքագիծ դրսեւորել, նմանատիպ ստահոդ հայտարարություններ անելը պատասխանատավություն է ենթադրում: Սա խաղ չէ, սա իրականություն է, եւ սա վերաբերում է մեր երկրի անվտանգությանը, եւ այդ գործողությունները պետք է խիստ պատասխան եւ պատիժ ունենան:

-Բայց Ազատամուտ համայնքի մասով էր տեղեկությունը տարածվում: Իրականությանը չի՞ համապատասխանում տեղեկությունը:   

-Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի մասին եղել է ե՛ւ Պաշտպանության նախարարության, ե՛ւ մարզպետարանի հայտարարությունը, որ այդպիսի բան բացարձակ չկա եւ չի համապատասխանում իրականությանը:

-Ազատամուտի հատվածում ադրբեջանցիներ եւ զինվորներ չկա՞ն: Որեւէ գծագրում չի՞ իրականացվում:

-Ես ասեցի արդեն:

-Այդ տեղեկությունը Հրանտ Բագրատյանն էր տրամադրել, ըստ որի՝ այդ պահին զինվորականներ են շրջել:

-Հրանտ Բագրատյանը եթե մտահոգ է, թող գնա Ազատամուտ եւ տեղում ոչ միայն կտեսնի, որ նման բան գոյություն չունի, այլ նաեւ կարժանանա ազատամուտցիների վրդովմունքին եւ հենց տեղում ներողություն կխնդրի ազատամուտցիներից:

-Իսկ, ըստ Ձեզ, նրան որտեղի՞ց նման տեղեկատվություն:

-Դա հարցրե՛ք իրենից:  Եվ ես խորհուրդ կտամ հետայսու իրենց ինքնահաստատման մոլուցքը չկապեն մեր ժողովրդի եւ մեր սահմանների անվտանգության հետ:  Տավուշում, ինչպես 10 օր առաջ,  այնպես էլայսօր արտառոց ոչինչ չկա:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

Ի՞ՆՉ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՄԱԿԱՐՅԱՆԻՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է որպես մեղադրյալ: Այդ մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել էին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

 

Մասնավորապես, հարցում ուղարկելով՝ խնդրել էինք տեղեկություն տրամադրել, թե կա արդյոք 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործ, կոնկրետ ինչ քրեական գործի մասին է խոսքը, ՀՀ քրեական օրենսգրքի ինչ հատկանիշներով է հարուցվել այն, արդյոք Անդրանիկ Մակարյանը հարցաքննվել է այդ գործի շրջանակներում եւ ինչ կարգավիճակով։ Այս հարցերին պատասխան է եկել միայն այն մասով, որ Մակարյանը ներգրավվել է գործով որպես մեղադրյալ: Դատախազությունը հրաժարվել է այլ տեղեկություն տրամադրել գործի մասին՝ դա համարելով նախաքննական գաղտնիք: Նկատենք, որ Անդրանիկ Մակարյանն այն չորս զինվորականներից մեկն է, որոնք չեն միացել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի եւ մյուս զինվորականների հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու: Փաստորեն, Մակարյանը մտահոգվելու առիթ ունի։

Չնայած նրան, որ դատախազությունը մանրամասներ չէր ներկայացրել, թե կոնկրետ ինչ է արել Մակարյանը, որ հայտնվել է մեղադրյալի աթոռին, «Ժողովուրդ» օրաթերթին կոնկրետ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Մակարյանը 60-ից ավել զորքին կոնկրետ առաջադրանք է տվել, որ կատարեն պատերազմի ժամանակ, ինչի արդյուքում 60-հոգանոց զորքի զգալի մասը անհետ կորել է, եւ մինչ օրս հայտնի չէ, թե ուր են, իսկ մի մասն էլ փախել է:  Ըստ էության, նախաքննական մարմինն էլ հենց 60-հոգանոց զորքի առեղծվածային անհետանալու մեջ տեսել է Մակարյանի մեղքի բաժինը: Միգուցե Մակարյանը գիտակցել է, որ 60-հոգանոց զորքին ուղարկելու է մահվան դուռը, բայց, անկախ այդ հանգամանքից, նրանց առաջ խնդիր է դրել, ինչն էլ ճակատագրական է դարձել շատերի համար:

ArmLur.am-ը գրել էր, որ Անդրանիկ Մակարյանի գործողությունների մասով կա հարուցված քրեական գործ, որն առնչվում է հենց 44-օրյա պատերազմին, եւ դեռ պետք է պարզվի, թե կոնկրետ նրա ղեկավարած բաժինը ինչ բացթողում է արել: Հենց այս քրգործն է պատճառը, որ Մակարյանը հրաժարվել է ստորագրել իր գործընկերների հայտարարությունը՝ վախենալով իր մասին բացահայտումներից եւ հնարավոր կալանքից:

Հետաքրքիր է, սակայն, որ Անդրանիկ Մակարյանը երեկ Եռաբլուր զինվորական պանթեոնում էր իշխանության ներկայացուցիչների, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Նա հույս ունի, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելուց հետո իրեն կնշանակեն ԳՇ պետ, եւ կկարճվի նաեւ իր մասով քրգործը:

 

 

ՍԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ

Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունների եւ դեսպանատան մակարդակով սատարվում են սադրանքները Ռուսաստանում հայերի դեմ, եւ հակահայկական քարոզչություն է տարվում: Այս մասին ասել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Հերման Անանյանցը: Նրա խոսքով` սա արդեն համակարգ է դարձել, Մոսկվայում դա դժվար է անել, քանի որ իրավապահ մարմինները զգոն են, սակայն մարզերում նման դեպքեր լինում են: Նա հավելել է, որ ադրբեջանցիները ցանկացած կռիվ կամ սպանություն անմիջապես փորձում են վերագրել հայերին եւ բացասական հասարակական կարծիք ստեղծել: Անանյանցը որպես օրինակ բերեց ընտանիքի սպանությունը Նիժնի Նովգորոդի գյուղերից մեկում, որը նույնպես վերագրեցին հայի: «Այդ մարդն ավելի ուշ հայտնվեց եւ չափազանց վիրավորված էր, որ այդ հանցագործությունն իրեն է վերագրվել: Նա երբեք չէր եղել այդ գյուղում եւ ոչ մի կապ չունի սպանության հետ: Նախապես ինչ-որ ազգանուններ են հորինվում եւ հանցագործությունները վերագրվում են հայերին, իսկ ենք հետո ստիպված ենք լինում պարզել եւ հերքել»,- շեշտել է ՌՀՄ-ի փոխնախագահը:

 

 

 

ԳՆԱՃ՝ ԱՐՑԱԽՈՒՄ

Արցախի սպառողական շուկայում 2021 թվականի փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 4,3 տոկոս գնաճ, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)՝ 7,2 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 2,8 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 1  տոկոս: Այս մասին ArmLur.am-ին փոխանցել է Արցախի ազգային վիճակագրական ծառայությունը: Տեղեկագրի համաձայն՝ նախորդ՝ հունվար ամսվա համեմատ՝ փետրվարին սպառողական գների աճը կազմել է 1,3 տոկոս: Նշված ժամանակահատվածում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գներն աճել են 2 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները` 1 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները` 0,4 տոկոսով:

Ըստ դիտարկվող քաղաքների՝ սպառողական գների աճը 2021 թվականի փետրվարին, նախորդ տարվա համեմատ, կազմել է Ստեփանակերտում 3,6 տոկոս, Ասկերանում` 3,7 տոկոս, Մարտակերտում` 3,1 տոկոս, Մարտունիում՝ 1,5 տոկոս:




Լրահոս