«ՄԱՐՏԻ 8-Ն ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿՐԿՆՎՈՂ ԵՎ ԾԵԾՎԱԾ ՏՈՆ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է. օր, երբ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, ավանդության համաձայն, տղամարդկանց կողմից ստանում են հատուկ ուշադրություն, ծաղիկներ եւ նվերներ: Այս առթիվ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգչուհի Հասմիկ Կարապետյանի հետ:

 

-Հասմի՛կ, Մարտի 8-ը սպասվա՞ծ տոն է Ձեզ համար:

-Մարտի 8-ն ինձ համար արդեն վաղուց կրկնվող եւ ծեծված տոն է: Մենք ունենք ապրիլի 7, որը որ շատ ավելի հետաքրքիր տոն է ինձ համար: Ինձ համար կարող է յուրաքանչյուր օր Մարտի 8 դառնալ, եթե ես ցանկանամ:

-Ի՞նչը կարող է կանանց երջանիկ դարձնել։

-Կնոջը երջանիկ դարձնել շատ բաներ կարող են: Կարծում եմ՝ դա կախված է կնոջ տեսակից: Կանայք կան, որ անձնական երջանկությունն այնպես է լցնում իրենց կյանքը, որ  արդեն լիարժեք են իրենք իրենց զգում, կանանց մի տեսակ էլ կա, որ շատ սիրում են իրենց աշխատանքը եւ  համատեղումը երջանկության անձնական եւ սիրված աշխատանքի հետ. դա կատարյալ է իրենց համար: Եվ կան կանայք, որ  երեխաներին, ընտանիքին այնքան նվիրված են, որ  եթե իրենց երեխաների հետ ամեն ինչ կարգին է, նրանք կարողանում են երեխաներին տալ այն ամենը, ինչ որ ցանկանում են իրենց ողջ կյանքում, ապա իրենց կատարյալ երջանիկ են զգում: Ես իմ նշած երեք կանոններից ոսկե միջինն եմ: Ինձ համար կատարյալ երջանկությունն այն է, որ ես ունեմ առողջ ընտանիք, հրաշք երեխաներ եւ զբաղվում եմ սիրելի աշխատանքով, իսկ  առանց  սիրած աշխատանքի, ես ինձ ոչ լիարժեք եւ թերի կզգամ:

-Ի՞նչ են ցանկանում կանայք: Կա՞ այդպիսի ձեւակերպում։

-Ես կարծում եմ, որ դարեր ի վեր փորձել են եւ փորձում են  պատասխանել շատ տղամարդիկ, հոգեբաններ, գիտնականներ, բայց միանշանակ  պատասխան դեռ չեն գտել ոչ մեկ, քանի որ կանայք շատ հետաքրքիր հոգու շերտեր ունեն եւ այնքան տարբեր, այնքան յուրատեսակ են, որ, կարծում եմ, դժվար է կնոջը հասկանալ: Ես ինքս, լինելով կին, ասում եմ, որ կնոջը դժվար է հասկանալը: Կարծում եմ՝ դա նրանից է գալիս, որ կինը պրիմիտիվ էակ չէ, թող ինձ ներեն տղամարդիկ, բայց պատահական չէ, որ Աստված հենց կնոջն է օժտել մայրանալու կարողությամբ:

-Հասմի՛կ, Ձեզ սիրված եւ գնահատված կին համարո՞ւմ եք:

-Այո, շատ առումներով ես ինձ իսկապես գնահատված եմ համարում եւ շնորհակալ եմ Աստծուց, որ այդպես է եւ ես այդպես եմ մտածում:

-Ո՞րն է եղել Ձեր ամուսնուց ստացած ամենահիշարժան նվերը։

-Նման նվերներ շատ են եղել: Իմ կյանքի ամենամեծ նվերն այն է, որ ամուսինս, թողնելով իր երկիրը, թողնելով ամեն ինչ հետեւում, եկավ հայրենիք, եկավ ինձ մոտ առանց երկար մտածելու: Դա ինձ համար շատ մեծ նվեր է, քանի որ ոչ բոլոր տղամարդիկ են ունակ գնալու նման քայլի: Հիմա այդ նվերը լրացնում  են նաեւ իմ երեխաները:

-Կանանց միամսյակ հարկավո՞ր է։

-Կանանց միամսյակ չէ հարկավոր, այլ «մեկ տարյակ»: Ստացվում է, որ կանանց մի ամբողջ տարի մոռանում են եւ մեկ օր են ընդամենը մի քիչ ուշադրություն դարձնում: Միամսյակն ինձ համար արհեստական բնույթ  է կրում: Տղամարդը պետք է ամեն վայրկյան սեր տա կնոջը: Թող ինձ ներեն տղամարդիկ, նույնիսկ ամենաեսասեր կնոջը չի կարելի համեմատել տղամարդու  ամենափոքր էգոիզմի հետ: Կինը բնությունից շատ անձնազոհ էակ է, եւ պետք է ողջ տարին սիրել եւ փայփայել:

-Մեզ կին պաշտոնյաներ պակասու՞մ են:

-Ես կցանկանայի պարզապես, որ ամեն մարդ իր գործով զբաղվի, կապ չունի՝ կին է, թե տղամարդ:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ 2021-Ի ԱՌԱՋԻՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ

Շուրջ մեկ տարվա դադարից հետո «Քեյս» ներկայացմամբ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը բացեց դռները հանդիսականի առաջ: «Երբ 1988-ի երկրաշարժից անմիջապես հետո Երվանդ  Ղազանչյանը բեմադրություն է անում, շատերն են մտածում, թե արդյոք գյումրեցին կգա թատրոն:

Եվ, այո՛, եկել է գյումրեցին թատրոն, նա վշտի մեջ էլ գիտի գնահատել արվեստն ու արվեստագետին: Սրա համար եմ առանձնահատուկ շնորհակալ»,-մինչ ներկայացման մեկնարկը թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը շնորհակալություն է հայտնում արվեստասերներից՝  անկախ ամեն ինչից թատրոնի կողքին լինելու համար: Պիեսի հեղինակը Բաբկեն Զաքարյանն է, բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանի: Առաջնախաղն առանձնահատուկ է նրանով, որ նոր պիես է գրվել հատուկ թատրոնի համար, եւ հեղինակը գյումրեցի երիտասարդ դրամատուրգ Բաբկեն Զաքարյանն է։

Ցավ պատճառել դիմացինին եւ ստանալ շատ փող, հարստանալ ու դրան զուգահեռ կորցնել մարդկային դիմագիծը, հեռանալ սկզբունքներից, ագահանալ ու չբավարարվել ունեցածով. այնքան էլ իրականությունից հեռու պատկեր չէ: Եվ եթե կյանքում քչերին է հաջողվում այդ վիճակից ելք գտնել ու փրկվել, փրկել սեփական «ես»-ն ու ընտանիքը, ապա պիեսում դա հնարավոր եղավ:

 

 

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահի ընտրություններում հաղթել է Ժոան Լապորտան: 58-ամյա իսպանացին ստացել է 54.28 տոկոս ձայն: Մյուս թեկնածուներից Վիկտոր Ֆոնտը հավաքել է 29,99 տոկոս ձայն, իսկ Անտոնի Ֆրեյշան՝ 8,58 տոկոս. hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ֆոնտը եւ Ֆրեյշան նորընտիր նախագահին արդեն շնորհավորել են հաղթանակի կապակցությամբ: Ժոան Լապորտան «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը զբաղեցրել է նաեւ 2003-2010 թվականներին: Նրա օրոք կատալոնական ակումբը դարձել է Իսպանիայի քառակի չեմպիոն, հաղթել երկրի գավաթի խաղարկությունում, 3 անգամ նվաճել Սուպերգավաթը, 2 անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում ու դարձել ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր եւ աշխարհի ակումբային չեմպիոն: «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը թափուր էր դարձել Խոսեպ Մարիա Բարտոմեուն հրաժարականից հետո: Բարտոմեուն կատալոնական ակումբը ղեկավարում էր 2014 թվականից:

 

 

 

ՀԱՄԱՐԱԿԱԼԵԼ Է ԱՂՅՈՒՍԱԿԸ

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է վարկանիշային թարմացված աղյուսակը: Առաջին ռակետի կոչումը պահպանել է սերբ Նովակ Ջոկովիչը, որը սահմանել է ռեկորդ: 33-ամյա թենիսիստը 311-րդ շաբաթն է անցկացնում ATP-ի դասակարգման աղյուսակի առաջին տեղում: Նախորդ ռեկորդը պատկանում էր շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին: Իսպանացի Ռաֆայել Նադալը պահպանել է երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է ռուս Դանիիլ Մեդվեդեւը: 39-ամյա Ֆեդերերը նահանջել է 6-րդ տեղ: Ռուսաստանցի Կարեն Խաչանովը շարունակում է զբաղեցնել 21-րդ տեղը:

 

 

ՀԱՂԹԵԼ Է ԹԻՄԻՆ

Ատլանտայում անցկացվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Բոլոր աստղերի հանդիպումը», որտեղ «Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսի թիմը 170:150 (40:39, 60:41, 46:45, 24:25) հաշվով հաղթել է «Բրուքլինի» խաղացող Կեւին Դյուրանտի թիմին: Խաղն ավարտվել է Դամյեն Լիլարդի՝ խաղահրապարակի կենտրոնից տպավորիչ նետումով: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Միլուոկիի» առաջատար Յանիս Ադետոկումբոն, որը Լեբրոնի թիմի կազմում վաստակել է 35 միավոր: Նա նաեւ արժանացել է հանդիպման ամենաարժեքավոր խաղացողի մրցանակին: Դյուրանտի թիմում ամենաարդյունավետն էր Բրեդլի Բիլը՝ 26 միավոր: 1-3-րդ քառորդները սկսվել են 0:0 հաշվից, իսկ չորրորդում կատարվել է ոչ սովորական հաշվարկ: 36-ամյա Լեբրոն Ջեյմսը թարմացրեց իր ռեկորդը եւ 17-րդ անգամ մասնակցեց «Բոլոր աստղերի հանդիպմանը» (17-րդ անգամ անընդմեջ): Կեւին Դյուրանտը վնասվածքի պատճառով հանդես չեկավ:

 




Լրահոս