Երեկ ամբողջ աշխարհում տոնվում էր կանանց միջազգային տոնը: Հայաստանում երեկվանից մեկնարել է կանանց միամսյակը: Մեկամսյա տոն, որն է՛լ ավելի է գեղեցկացնում եւ նոր երանգ հաղորդում գարնան զարթոնքին: Մարտի 8-ին, ավանդության համաձայն, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները տղամարդկանց կողմից ստանում են հատուկ ուշադրություն, ծաղիկներ եւ նվերներ:
Այսպիսով, ArmLur.am-ը ներկայացնում է, թե հայ հայտնիներից ով, ինչպես է շնորհավորել Մարտի 8-ը: Երգչուհի Արփին լուսանկար էր հրապարակել դստեր հետ եւ մեկնաբանություն գրել. «Կին, աղջիկ, դուստր, մայր… Հայ մայր… Շնորհավոր Մարտի 8»:
Իսկ երգչուհի Շպռոտը, ցուցադրելով իր մայրիկի հետ լուսանկարը, գրել է. «Իմ պահապա՛ն հրեշտակ, իմ թա՛նկ, իմ լավատե՛ս։ Մեռնեմ էն զրնգուն ձենիդ, մամանի՛կ ջան, շնորհավոր տոնդ»: Երգիչ Արաբոն, շնորհավորելով կանանց տոնը, գրել է. «Սիրելի՛ աղջիկներ, կանայք, մայրեր , քույրեր եւ տատիկներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ այս գարնանային գեղեցիկ տոնի առթիվ: Թող որ միշտ ձեր աչքերը ժպտան երջանկության փայլով… »:
Հաղորդավարուհի, մոդել Լուսինե Թովմասյանը, շնորհավորելով Մարտի 8-ը, գրել է. «Շնորհավորում եմ մեր աղջիկներին, մայրերին ու տատիկներին՝ մաղթելով խաղաղություն, քաջառողջություն։ Ժպտացե՛ք»:
Մոդել Գոհար Հարությունյանը, տեղադրելով դուստրերի հետ լուսանկար, գրել է. «Կանա՛յք եւ աղջիկնե՛ր, շնորհավո՛ր մեր տոնը»:
Կրտսեր Սոֆի Դեւոյանը, Սոֆի Դեւոյանը եւ Զարուհի Բաբայանը Մարտի 8-ի առթիվ հանդես են եկել գարնանային ֆոտոշարքով եւ շնորհավորել տոնի կապակցությամբ: «Այս գեղեցիկ օրվա բոլոր ջերմ խոսքերը եւ մտքերը ուզում եմ նվիրել իմ կյանքի ամենասիրելի եւ կարեւոր կանանց՝ մայրիկիս եւ տատիկիս, որոնք ինձ առաջին ուժ տվողներն են եւ, իհարկե, ձեզ, իմ սիրելի՛ հետեւորդներ եւ մարդիկ, որոնք իրենց ջերմ խոսքերով ոգեւորում են ինձ: Թող ձեր կյանքի բոլոր օրերը լցված լինեն այս վառ գույներով, էմոցիաներով եւ այն սիրով, որը դուք միշտ տարածում եք: Թող այս օրը չլինի եզակի ձեր կյանքում, որպեսզի ձեր աչքերը միշտ փայլեն: Սիրում եմ ձեզ»:
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն էլ խոնարհումն ու շնորհակալությունն է հայտնել մայրերին: «Ես չգիտեմ՝ ինչն եք շնորհավորում, ինչպես եք շնորհավորում, կամ ինչ պիտի պատասխանեմ ես… Գիտեմ միայն մի բառ, որն անընդհատ ուզում եմ կրկնել աղոթքի պես, ու գիտեմ միայն, որ ամեն բան անելու եմ՝ վառ պահելու նրանց հիշատակը: Մայրերին շնորհակալությո՛ւն, այն մայրերին, որոնք հայրենատեր որդի էին ծնել, որոնց կորուստը մեր պահպանության հանուն էր, որոնց ցավը՝ մեր ապրելու գինը, որոնց կյանքի դատարկությունը մեր կյանքի շարունակության համար էր.. Մի բառ միայն՝ երախտագիտությունս:
Հ.Գ. Երանի մի օր վերադառնան մեր աչքերի փայլը, կյանքի գույներն ու պաշտպանվածության զգացումը սեփական երկրում: Մայրե՛ր, երախտապարտ ենք…»,- գրել է նա:
ՀՀ վաստակավոր երգչուհի Ալլա Լեւոնյանն էլ ցանկացել է, որպեսզի գարունը մարդկանց վերադարձնի անհոգ ծիծաղն ու ժպիտը. «Գարո՛ւն, մաքրի՛ր վատ հետքերը, վերադարձրո՛ւ մեր ժպիտներն ու անհոգ ծիծաղը … Շնորհավո՛ր Մարտի 8»:
Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը երեկ տոնի առթիվ ներկայացրել է իր նոր երգի պրեմիերան. «Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, թող խաղաղությունն ու ժպիտը ուղեկից լինեն միշտ»:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԵՐԵՆ Է ԹԱՐԳՄԱՆՎԵԼ ՌԵՄԱՐԿԻ «ԼԻՍԱԲՈՆԻ ԳԻՇԵՐԸ» ԳԻՐՔԸ
Էրիխ Մարիա Ռեմարկի գրականության երկրպագուները այսուհետ կարող են հայերենով ընթերցել սիրված հեղինակի «Լիսաբոնի գիշերը» ստեղծագործությունը, որի գործողությունները ծավալվում են 1942 թվականին Ֆրանսիայում:
«Ռեմարկը կորուսյալ սերնդի ներկայացուցիչներից է: Նա գրել է Առաջին, Երկրորդ համաշխարհային պատերազմների եւ մարդու՝ պատերազմից ձեռք բերած փորձառության մասին: Ռեմարկն անձամբ մասնակցել է երկու պատերազմին էլ, ուստի նրա ներկայացրած պատկերները, տեսարաններն ապրված են, զգացմունքային, ինչը մեծացնում է հեղինակի յուրաքանչյուր գրքի կշիռը, արժեքը»,-նշել է գրքի թարգմանչուհի Վանուհի Բաղմանյանը:
Նրա խոսքով՝ Ռեմարկը, ի տարբերություն իր սերնդի այլ ներկայացուցիչների, տարբերվող ձեռագիր ունի: Բաղմանյանը Ռեմարկի յուրահատկությունն իրատեսությունն է համարում: «Նրա գրքերում չկա չափազանցություն կամ հակառակը: Ամեն բան բնական է. երբեւէ ընթերցողն անհարմար իրավիճակում չի հայտնվում, քանի որ գործ ունի անկեղծ հեղինակի հետ: Հույս ունեմ, որ մարդիկ թարգմանությունը կարդալիս կզգան այն, ինչ ես եմ զգում բնագիրն ընթերցելիս»,-շեշտել է թարգմանչուհին ու հավելել, որ «Լիսաբոնի գիշերը» Ռեմարկի վեցերորդ գործն է, որն ինքը թարգմանում է, ուստի աշխատանքը բավականին դյուրին է եղել:
1942 թվական: Լիսաբոնի Կաի նավահանգստում մի տղամարդ սեւեռուն նայում էր նավին: Նա գերմանացի էմիգրանտ էր: Նրան է մոտենում մի տղամարդ եւ նավի երկու տոմս նվիրում՝ փոխարենը խնդրելով այդ գիշեր իրեն մենակ չթողնել եւ լսել իր պատմությունը, որն սկսվում էր 1933-ին՝ Օսնաբրյուքում եւ ավարտվում ադ գիշեր Լիսաբոնի Կաի նավահանգստում՝ Եվրոպայի փախստականների վերջին թաքստոցում:
Ռեմարկի վեպը, որ լույս է տեսել 1963-ին, ճշմարտապատում նկարագրությունն է էմիգրանտների դժխեմ ճակատագրի, իսկ սերն ու մահը գոյության պարտադիր ուղեկիցներն են:
ՄԱՀԱՑԱԾ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
Իսպանական «Վիլյառեալի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանկո Ակոստային մահացած են հայտնաբերել մարտի 8-ին: Իսպանական մամուլի համաձայն՝ 25-ամյա ուրուգվայցին իր ծննդյան տարեդարձի օրը փորձել է լողալով անցնել գետի մի ափից մյուսը, սակայն խեղդվել է: Նրա դին հայտնաբերել են ծովի միջից: Ֆրանկո Ակոստան «Վիլյառեալի» համակարգում եղել է 2015-2020-ը, ինչից հետո տեղափոխվել էր Ուրուգվայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ատենաս» ակումբ: Նա հանդես է եկել նաեւ Ուրուգվայի Մ-17 եւ Մ-20 հավաքականներում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
Բոսնիա-Հերցեգովինայի եւ Ռումինիայի հավաքականների միջեւ ֆուտզալի 2022թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրի հանդիպումը սպասարկող մրցավարների թվում կլինի Հայաստանի ներկայացուցիչ: Խոսքը ՀՖՖ մրցավար Արման Ալաբերքյանի մասին է: Հանդիպումը տեղի կունենա մարտի 10-ին Բոսնիա եւ Հերցեգովինայի Զենիցա քաղաքում: Հիշեցնենք, որ մարտի 10-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը չորրորդ հանդիպումը կանցկացնի Եվրո-2022-ի ընտրական մրցաշարում՝ հյուրընկալելով վրացիներին: Նախորդ 3 խաղերում Հայաստանի հավաքականը պարտվել է աշխարհի փոխչեմպիոն Ռուսաստանին (0:6) ու Վրաստանին (0:5) եւ ոչ-ոքի խաղացել Ֆրանսիայի հավաքականի հետ (4:4), որին Երեւանում տեղի ունեցած խաղի ընթացքում հաղթում էր 3:0 հաշվով:
ԿՀԵՌԱՆԱ ՊԱՇՏՈՆԻՑ
Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը 2021թ. հունիսի 11-ից հուլիսի 11-ը կայանալիք Եվրոպայի առաջնությունից հետո կհեռանա զբաղեցրած պաշտոնից: 61-ամյա գերմանացի մասնագետը 2006թ.-ից է գլխավորում Գերմանիայի հավաքականը, որի հետ դարձել է 2014թ. աշխարհի չեմպիոն ու 2017թ. Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության հաղթող: Եվրո-2008-ում գերմանացիները դարձել են արծաթե մեդալակիր, իսկ ԱԱ-2010-ում ու Եվրո-2012-ում՝ բրոնզե: Յոահիմ Լյովի գլխավորությամբ Գերմանիայի հավաքականն անցկացրել է 188 հանդիպում, տարել 120 հաղթանակ, կրել 31 պարտություն ու գրանցել 37 ոչ-ոքի: