Օրգանիզմի վրա ազդեցության տեսակետից կոճապղպեղը համարվում է ամենաօգտակար համեմունքը: Իր հայրենիքում` Հյուսիսային Հնդկաստանում, այս բույսը կոչվում է «տաք համեմունք»: Այն վաճառվում է չոր փոշու տեսքով:
Նրա օգտակար հատկությունները Եվրոպայում հայտնի էին դեռևս 16-րդ դարում: Այդ ժամանակ նրան վերագրում էին նույնիսկ ժանտախտ բուժելու հատկություն: Այդ պատճառով էլ վերջինիս գինը բավականին բարձր էր. 450 գրամ կոճապղպեղի գինը հավասար էր մեկ ոչխարի գնին:
Հնդիկները կարծում են, որ այս բույսն ազդում է օրգանիզմի բոլոր հյուսվածքների վրա: Ավելի ակտիվ է նրա ազդեցությունը շնչառական օրգանների ու աղեստամոքսային համակարգի վրա: Կոճապղպեղն ունի նաև ցավազրկող հատկություններ: Նրա միջոցով բուժում են մրսածություն, ստամոքսի հիվանդություններ, թութք, հոդերի, սրտի հիվանդություններ և այլն:
Այն շատ լավ է ազդում նաև լյարդի աշխատանքի վրա: Մաքրում է մարսողական օրգանները լորձից, որը ժամանակի ընթացքում պատում է ստամոքսի ու աղիքների ներսի պատերը: Արդի բժշկությունն էլ է դա հաստատում:
Բժիշկները համոզված են, որ այն արյունն ավելի նոսր է դարձնում, ինչի հետևանքով էլ վերջինս հարստանում է թթվածնով: Խորհուրդ է տրվում կարևոր հանդիպումից կամ քննությունից առաջ օգտագործել կոճապղպեղ, քանի որ վերջինս լավացնում է հիշողությունը և ամրապնդում է նյարդերը: