ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ՊԱՏՐԱՍՏ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Այն իր մեջ ներառում է նաեւ փոփոխություններ «Կուսակցությունների մասին», «ՏԻՄ-երի մասին» օրենքների նախագծերում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող խմբակցությունը օրենքների նախագծերի փաթեթի շուրջ վերջնական համաձայնության է եկել այս տարվա նոյեմբերի 4-ին եւ վերջին շտկումներից հետո պաշտոնապես այն դրել շրջանառության մեջ: Փորձենք ներկայացնել առավել կարեւոր փոփոխությունները, որոնք առաջարկվում են իշխող ուժի կողմից:

Նախ նշենք, որ նախագծով առաջարկվում է սահմանել պարզ համամասնական ընտրակարգ՝ նախապես ֆիքսված (փակ) կուսակցական ցուցակների հիման վրա՝ վերացնելով տարածքային ցուցակները, այսինքն` ռեյտինգային ընտրակարգը վերանալու է: Միեւնույն ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում ստեղծված հարթակի միջոցով կուսակցություններին հնարավորություն է տրվում իրականացնելու իրենց ընտրական ցուցակի նախաքվեարկություն։ Նշենք, որ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել էին վարկանիշային համակարգով:

Խորհրդարանական ընտրությունների համար նախատեսված ընտրական գրավի չափը կուսակցությունների համար նվազեցվել է՝ սահմանելով 7.5 մլն դրամ, իսկ կուսակցությունների դաշինքների համար նախատեսվում է կրկնապատկել ընտրական գրավի չափը՝ սահմանելով 15 մլն դրամ։ Կուսակցությունների համար ընտրական շեմը եւս իջեցվել է՝ սահմանելով 4 տոկոս (5 տոկոսի փոխարեն)։ Այլ մոտեցում է սահմանվել նաեւ կուսակցությունների դաշինքների դեպքում։ Մասնավորապես, երկու կուսակցություններից կազմված կուսակցությունների դաշինքի դեպքում ընտրական շեմը կազմում է 8 տոկոս, երեք կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 9 տոկոս, իսկ 4 եւ ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10 տոկոս։

Հավելենք, որ, գործող կանոնակարգումներով, բոլոր դեպքերում դաշինքների համար անցողիկ շեմը 8 տոկոսն էր: Փոխվել է նաեւ մեծամասնության լրացուցիչ մանդատների բաշխման հնարավորության հարցը, մասնավորապես՝ նախատեսվում է, որ եթե որեւէ կուսակցություն մանդատների բաշխման արդյունքում ստացել է բաշխված մանդատների ընդհանուր թվի 50 տոկոսը, ապա այդ կուսակցությունը ստանում է այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որ արդյունքում այդ կուսակցության մանդատների քանակը տոկոսային արտահայտությամբ լինի ոչ պակաս, քան 52 տոկոս: Նախագծով նաեւ վերացվել է կոալիցիաներ կազմելու կուսակցությունների թվի սահմանափակումը, ինչպես նաեւ էապես ավելացվել է կոալիցիա կազմելու համար նախատեսված ժամանակահատվածի տեւողությունը: Մի խոսքով, իշխանությունները ընտրությունների գնալու համար արդեն իրավաբանորեն պատրաստել են ցանկալի հարթակը:

 

 

 

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին եւ Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի 13-ին՝ ժ. 12:00-ին, հրավիրում է հանդիպման նախագահական նստավայրում առկա իրավիճակը քննարկելու եւ ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել հրավիրյալների տրամադրվածությունը, սակայն հիմնականում ուժերը նշում էին, թե կկարողանան այդ հարցին պատասխանել միայն քննարկումներից հետո: Օրինակ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Խորհրդում կքննարկենք հարցը, որից հետո որոշում կկայացնենք եւ այդ մասին կհայտարարենք»: Հայրենիքի փրկության շարժման մեջ ներգրավված ուժերի ներկայացուցիչները եւս կքննարկեն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը պարզել չհաջողվեց. նրա մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը տեւական ժամանակ է՝ չի պատասխանում մեր հեռախոսազանգերին: Հավելենք, որ, ամենայն հավանականությամբ, բոլոր ուժերն էլ կգնան, քանի որ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, Հայաստանի քաղաքական դաշտում առկա ուժերին Նիկոլ Փաշինյանն արդեն ուղարկել է իր մտադրույթունների մասին մեսիջներ, այն է` գարնան վերջ կամ ամառվա սկիզբ կկազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ու դա կլինի իր հրաժարականի գնով: Նախագահի մոտ քննարկվող հիմնական թեման ընտրությունների մանրամասներն են լինելու: Ի դեպ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նահանջն էլ է դրանով պայմանավորված. նա հասել է Փաշինյանի հրաժարականին, մնում է դա պաշտոնապես ազդարարվի:

 

 

 

 

Չնայած փետրվարի 25-ից Հայաստանը փոթորկվեց գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանի եւ 40 բարձրաստիճան զինվորականների հայտարարությունից, որով նրանք պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն դրանից 13 օր անց Փաշինյանին հաջողվեց խորհրդակցություն անցկացնել բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ եւ հենց այդ ժամանակ էլ ներկայացնել շտաբի պետի նոր թեկնածուին: Փաշինյանը չսպասեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արտակ Դավթյանին գլխավոր շտաբի պետ նշանակեր կամ մերժեր այդ միջնորդությունը եռօրյա ժամկետում. նա ներկայացրեց ԳՇ պետի իր թեկնածուին, բայց առայժմ՝ մինչ նախագահի կողմից նրան նշանակելը կամ մերժելը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, քանի որ առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն ազատված է պաշտոնից, թեեւ դատարանում վիճարկում է հրամանագիրը: Նկատենք, որ Ստեփան Գալստյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի այն 40 զինվորականներից մեկն է, ովքեր ստորագրել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի տակ, բայց սա չի խանգարել, որ հենց նա երեկ դիմավորեր վարչապետին եւ զեկուցեր, որ անձնակազմը պատրաստ է խորհրդակցության: Իսկ ո՞վ է բանակից գնացած, նորից հետ եկած Արտակ Դավթյանը. մարդ, որին պրոֆեսիոնալ զինվորականները բազմիցս հրապարակավ համարել են ամենաանպատրաստ գեներալը, ապաշնորհ ռազմական գործիչ: Բայց քանի որ Արտակ Դավթյանը «Մարտի 1»-ի գործով ցանկալի ցուցմունքներ է տվել  ՀՔԾ-ում, դրա համար պարգեւ է ստանում` երկրորդ անգամ ԳՇ պետի պաշտոնը ստանձնելով: Առաջին անգամ ազատվեց աշխատանքից, քանի որ կորոնավիրուսի բռնկուն շրջանում թաքուն որդու հարսանիքն էր արել:

 

 

 

 

Հայաստան ավտոմեքենաների ներկրումը զգալի կրճատվել է: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ 2019 թվականին Հայաստան ներկրվել է 208 հազար 51 ավտոմեքենա, իսկ նախորդ տարի՝ 14 հազար 10 հատ՝ 194 հազար 41-ով պակաս: Տեղեկացնենք, որ նախորդ տարվա հունվարի 1-ից գործում է ԵԱՏՄ անդամ երկրներում գործող նույն կարգը, այսինքն՝ նախորդ տարվա հունվարի 1-ից լրացել է այն ժամկետը, որը Հայաստանը որպես բացառություն խնդրել էր ԵԱՏՄ-ից: Այս կարգը պատճառ է դարձել ավտոներկրողների թվի կտրուկ կրճատման: Նրանց գերակշիռ մասը հրաժարվել է կատարել այս աշխատանքը՝ համարելով ոչ եկամտաբեր: Ի դեպ, տեղեկացնենք, որ 2019 թվականին, 2018-ի համեմատ, Հայաստան թվով ավելի շատ ավտոմեքենա է բերվել: Այս ամենի արդյունքում պետական բյուջե մուտք էր գործել շուրջ 51 մլրդ դրամ` 2018 թվականից մոտ 30 մլրդ-ով ավելի: Իսկ, ահա, նախորդ տարի՝ ԵԱՏՄ կանոնակարգերի՝ ուժի մեջ մտնելուց հետո, բյուջեի եկամուտները միայն այս ոլորտից նվազել են 50-52 մլրդ դրամով:

 

 




Լրահոս