ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ՊԱՏՐԱՍՏ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Այն իր մեջ ներառում է նաեւ փոփոխություններ «Կուսակցությունների մասին», «ՏԻՄ-երի մասին» օրենքների նախագծերում: Նախ՝ նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող խմբակցությունը օրենքների նախագծերի փաթեթի շուրջ վերջնական համաձայնության է եկել այս տարվա նոյեմբերի 4-ին եւ վերջին շտկումներից հետո պաշտոնապես այն դրել շրջանառության մեջ:

 

Ինչպես հայտնի է, յոթերորդ գումարման Ազգային ժողովի գործունեության մեկնարկից հետո Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ ստեղծվեց ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբ, որի կազմում են բոլոր երեք խմբակցությունների ներկայացուցիչները, եւ այն համակարգվում է Համազասպ Դանիելյանի կողմից։

2020 թվականի ամռանը Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ տեղի են ունեցել 5 առցանց հանրային քննարկումներ։ Նախագծի մշակման ընթացքում դիտարկվել են Վենետիկի հաձնաժողովի 2016թ. ներկայացրած դիտարկումները, ինչպես նաեւ 2018թ. փոփոխությունների նախաձեռնման ընթացքում ներկայացված առաջարկություններն ու մոտեցումները։ Սահմանադրությամբ արտակարգ եւ ռազմական դրության պայմաններում արգելվում է Ազգային ժողովի ընտրությունների անցկացումը։ Ընտրական օրենսգիրքն այդ արգելքը տարածում է նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վրա։ Կովիդ-19 համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում, Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, 2020 թվականին հետաձգվեցին բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, սակայն ակնհայտ է, որ համավարակի պայմաններում առանձին համայնքներում ընտրությունները կարող էին իրականացվել՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ։ Ըստ այդմ, 7-րդ հոդվածում կավելացվի այսպիսի կետ. «Ռազմական դրության ժամանակ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն նշանակվում եւ չեն անցկացվում։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն նշանակվում եւ չեն անցկացվում։ Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասում արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ նշանակվում եւ անցկացվում են միայն այն համայնքներում, որոնց տարածքում արտակարգ դրություն հայտարարված չէ։ Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո՝ ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո անցկացվում են ռազմական կամ արտակարգ դրության պատճառով տեղի չունեցած տեղական ինքնակառավարման մարմինների հերթական կամ արտահերթ ընտրություններ»:

Գործող Ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, ինչպես նաեւ քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ: ՀՀ քրեական օրենսգրքով այս գործողությունների արգելքը սահմանվում է ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ ընտրությունների արդյունքների ամփոփումը: Հայաստանում առավել տարածված է, երբ քաղաքական գործիչները կամ նրանց մերձավորներն են ներգրավված ասոցացվող կազմակերպություններում, ինչը նախընտրական ժամանակահատվածում անխուսափելիորեն կարող է ձեւավորել ընկալումներ, որ բարեգործությունն արվում է առնչվող թեկնածուների, կուսակցությունների կամ դաշինքների քարոզչության շրջանակում։ ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է պատժամիջոցներ ինչպես ընտրակաշառք տալու, այնպես էլ ստանալու համար: Միաժամանակ, դժվար բացահայտելի հանցագործության բացահայտումը խթանելու համար օրենսգրքով սահմանված է խրախուսող մեխանիզմ, որով կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ անձը մինչեւ իրավապահ մարմիններին կատարված հանցանքի մասին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, կաշառք ստանալու մասին կամավոր հայտնում է իրավապահ մարմիններին եւ աջակցում է հանցագործությունը բացահայտելուն։ Գործնականում, սակայն, տվյալ իրավակարգավորումն առանձնապես չի զսպել ո՛չ ընտրակաշառք տվողներին եւ ո՛չ էլ վերցնողներին: Չնայած դա կարելի է բացատրել մինչհեղափոխական իշխանությունների կողմից արդար ընտրություններ անցկացնելու իրական քաղաքական կամքի բացակությամբ եւ համատարած անպատժելիությամբ, այդուհանդերձ, հարկ է արձանագրել, որ եղած իրավակարգավորումները թերի են, իսկ նախատեսված պատասխանատվության միջոցները՝ շատ մեղմ, ուստիեւ չեն կարող ծառայել որպես արդյունավետ զսպող մեխանիզմ։ Ընտրողների կամքի վրա ընտրակաշառքի միջոցով ազդելու հնարավորությունը կանխելու կամ բացառելու նպատակով անհրաժեշտ է վերանայել իրավական հետեւանքներ առաջացնող իրավակարգավորումները:

Ն.Հ.

 

 

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի զինված ուժերը մարտի 15-ից զորատեսակների ներգրավմամբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացնեն. հայտնում է minval.az-ը՝ հղում տալով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը: «Զորավարժություններին, որոնք անցկացվելու են պաշտպանության նախարարի ղեկավարությամբ, ներգրավված կլինեն մինչեւ 10 հազար զինծառայող, շուրջ 100 միավոր տանկ եւ այլ զրահատեխնիկա, մինչեւ 200 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ականանետեր, մինչեւ 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաեւ տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր», – ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

 

 

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ

Ռուսաստանի ԱԳ նախարարի առաջին տեղեկալ Վլադիմիր Տիտովը չորեքշաբթի քննարկում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի` Անդրկովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անիկա Սյոդերի հետ: Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: «Կողմերը կարծիքներ են փոխանակել Անդրկովկասում տիրող տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը. տեղեկացնում է ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունը: Ողջունելով դեսպանին՝ ԿԳՄՍ նախարարը խոսել է հայ-ֆրանսիական բազմաշերտ համագործակցության մասին՝ փաստելով, որ կան բոլոր նախադրյալները համատեղ ծրագրերը շարունակելու եւ ընդլայնելու համար: «Անցյալ տարին շատ բարդ էր Հայաստանի համար, բայց մենք մշտապես զգացել ենք Ֆրանսիայի աջակցությունը: Այժմ գործնական քայլեր ենք կատարում պատերազմի եւ կորոնավիրուսի համավարակի հարուցած դժվարությունները հաղթահարելու համար եւ այս տեսանկյունից կարեւորում ենք համատեղ ծրագրերի իրականացումը հատկապես կրթության ոլորտում, քանի որ իրական անվտանգությունն սկսվում է կրթությունից: Հաշվի առնելով հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը եւ համագործակցության հարուստ փորձը՝ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման համար հնարավորությունները լայն են»,- ասել է Վահրամ Դումանյանը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 10-ին ընդունել է ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, քննարկվել են Արցախի կրթության ոլորտի զարգացմանը, ինչպես նաեւ արցախյան բուհերի հավատարմագրմանը եւ այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին առնչվող հարցեր: Այդ համատեքստում նախագահը կարեւորել է Որակի ապահովման ազգային կենտրոնի հետ համագործակցությունը՝ նշելով, որ կրթության բարձր մակարդակը պետք է դառնա Արցախի զարգացման կարեւոր նախադրյալներից մեկը, եւ հանրապետության իշխանությունները կանեն հնարավորը հանրապետությունում կրթության որակի բարձրացման համար:

 

 

 

ՀՈՒՇԱԳԻՐ ՉԵՆ ԿՆՔԻ

«Այս փուլում գնդակը Սահմանադրական դատարանի դաշտում է, եւ Սահմանադրական դատարանը հենց հիմա կարող է որոշել, որ Օնիկ Գասպարյանը շարունակի պաշտոնավորել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա նշեց, որ ՀՀ նախագահը հնարավորություն է ստեղծել, որ եթե Սահմանադրական դատարանը քայլ ունի, այդ քայլը անի։ «Իշխանության հետ այլեւս հուշագիր չենք կնքի, քանի որ այս փուլում այն առաջարկությունը, որը ներկայացրել են, այլեւս ուժի մեջ չէ, բայց արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգը մեր օրակարգում է, քանի որ երկիրը այս ճգնաժամից հանելու միակ ճանապարհը արտահերթ ընտրություններն են։ Ոչ մի բարիերներ չունենք քաղաքական որեւէ ուժի կամ որեւէ ուժի լիդերի հետ քննարկումները շարունակելու, որպեսզի Հայաստանը այս վիճակից դուրս գա»,- ասաց նա եւ նշեց, որ իրենց հետ ուզում էին նախապայմաններով խոսել, ինչի հետ չեն համաձայնել։

 

 

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը հայտարարություն է տարածել՝ կրկնելով, որ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ «Անիմաստ եմ համարում հայտարարության մեջ շատ ընդլայնվել, սակայն միայն այն փաստը, որ երեք տարիների ընթացքում Ն. Փաշինյանի նախաձեռնությամբ  ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել եւ ազատվել են թվով չորս բարձրագույն զինվորական կոչում ունեցող պաշտոնատար անձինք, դա հաստատում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Փաշինյանի ոչ ադեկվատ եւ անպատասխանատու լինելը: Յուրաքանչյուր օր, ժամ, Ն. Փաշինյանի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելով, քայքայվում է ՀՀ անվտանգությունը եւ կասկածի տակ դրվում մեր հայրենիքի ապագան:  Ուստի կրկին անգամ վերահաստատելով  ՀՀ ԶՈՒ գլխավոր  շտաբի 2021թ. փետրվարի 25-ի հայտարարությունը՝ կրկին պահանջում եմ Ն. Փաշինյանի անհապաղ հրաժարականը»:

 

 

 

ԹՈՒՐՔԻԱՆ ԿԸՆԴՈՒՆԻ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կարծիքով՝ Թուրքիան Ռուսաստանի կարեւոր եւ ռազմավարական գործընկերն է։ Պեսկովը հույս է հայտնել, որ թուրք գործընկերները վաղ թե ուշ կհասկանան, որ Ղրիմի հարցում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը ճիշտ է եւ հիմնավոր։ Լրագրողների հետ զրույցում Պեսկովը հայտարարել է, որ ներկայում լիակատար փոխըմբռնում կա Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ բոլոր տարածաշրջանային հարցերում, այդ թվում՝ Ադրբեջանի, Սիրիայի վերաբերյալ։ «Չնայած բարդ պահեր եղել են, բայց նախագահներին հաջողվել է փոխհամաձայնության գալ։ Մենք բարձր ենք գնահատում քաղաքական կամքը փոխհամաձայնության փնտրտուքներում»,- հավելել է Պեսկովը։ Նա նաեւ պատասխանել է այն հարցին, թե ինչու Թուրքիան Ռուսաստանի հետ չի համաձայնում Ղրիմի հարցում։

 




Լրահոս