ԱՆՀԱՆԳԻՍՏ ԵՆ՝ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քովիդի թվերի աճին զուգահեռ հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչները մտահոգված են, որ եթե նոր խստացումներ մտցվեն, ապա մի կերպ գոյատեւող բիզնեսները կփակվեն։ Առողջապահության նախարարությունն ամեն օր հայտարարում է, որ Քովիդի թվերն աճում են, հիվանդանոցներում ազատ մահճակալներ գրեթե չկան, պետք է առնվազն վերադառնալ դիմակի կրման խիստ պահանջին։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն էլ տնտեսվարողներին զգուշացնում է, որ անցնելու են տուգանքների. դրանք 100-300 հազար դրամի սահմաններում են տատանվում։

 

Սրճարանների ու ռեստորանների ներկայացուցիչները պնդում են, թե վարակի տարածման օջախներն իրենց մոտ չեն, այլ հանրային տրանսպորտում ու հանրահավաքներում։

Մի քանի ռեստորանների եւ նրանց շուրջ 35 հազար աշխատողների շահերը ներկայացնող Ռեստորանների հայկական միության տնօրեն Վահե Գեւորգյանի խոսքով՝ Քովիդի պայմաններում թեեւ քիչ, բայց գալիս են զբոսաշրջիկներ։ Ըստ նրա՝ պետական աջակցություն է հարկավոր, որ նրանց առաջիկա 1-2 տարիների համար ռեստորաններից, հանրային սննդի կետերից օգտվելու զեղչային փաթեթներ առաջարկվեն, Հայաստանի վերաբերյալ ճիշտ ինֆորմացիա տրամադրվի։

Գեւորգյանի կարծիքով՝ այս հարցում պիտի կառավարությունն աջակցի. «Մարկետինգային մեծ արշավները որ արվում են թիրախային շուկաներում, տուրիզմի կոմիտեն ունի էդպիսի հնարավորություններ եւ միջոցներ։ Կան թվային մարկետինգի գործիքներ, որոնցով հնարավոր է պետության վերաբերյալ ինֆորմացիան բարելավել, այսինքն՝ ոչ թե կեղծ իմաստով, էն, ինչ որ կա իրականում՝ որ Երեւանում վիճակը նորմալ է, որ Ծաղկաձոր եթե մարդիկ գնում են, իրենք խնդիրներ չեն ունենա եւ այլն»։

Մինչ բիզնեսի ներկայացուցիչները մտահոգված են, որ կշարունակեն վնասներ կրել, մասնագետներն ահազանգում են՝ համավարակը երկրում կրկին մեծ թափ է հավաքում։ Հորդորում են դիմակ դնել, սոցիալական հեռավորություն պահպանել, կուտակումներից խուսափել ու ձեռքերը պարբերաբար ախտահանել։

Սակայն համավարակի թվերի աճով պայմանավորված՝ հանրակրթական դպրոցներում նոր սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ քննարկումներ չեն ընթանում: Դասերը շարունակվելու են առկա ձեւաչափով` համավարակի կանոնների պահպանմամբ:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` համավարակով պայմանավորված՝ դպրոցներն արդեն իսկ գործում են սահմանափակումներով` հիմք ընդունելով առողջապահության նախարարի հրամանով հաստատված համավարակի կանոնները:

«Կառավարությունում ունեցել ենք քննարկումներ Առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ, եւ դպրոցների ամբողջությամբ հեռավար անցնելու հարց չի քննարկվել, այդպիսի որոշում չկա։ Շարունակում է գործել առողջապահության նախարարի այն հրամանը, որով կարգավորվում է դպրոցներում այս պայմաններում ուսուցման պրոցեսի կազմակերպումը։ Մենք հիմա կարիք ունենք եւս մեկ անգամ խստորեն հետեւելու այն պարզ կանոններին, որ կան՝ դիմակի կրում, ձեռքերի հաճախակի ախտահանում»,- նշում է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով` գործող կարգավորումները սահմանում են, թե որ դեպքերում դպրոցը կարող է անցնել հեռավար ուսուցման։ Ըստ այդմ` հնարավոր է իրավիճակային լուծումներ տալ: Այսինքն` եթե կան դպրոցներ, որտեղ համավարակի դեպքերը որոշակի տոկոսի են հասնում, ապա այդ հաստատությունները ժամանակավոր անցնում են հեռավար կրթության, մինչեւ իրավիճակը փոխվի, եւ նորից անցում կատարվի առկա ուսուցման։

Անդրեասյանի գնահատմամբ` այս մոտեցումը ներկա պայմաններում ամենաարդյունավետ լուծումն է, այսինքն` սահմանափակումների կամ նոր խստացումների, այն է՝ հեռավար կրթության անցնելու որոշում ողջ համակարգի համար չի կայացվում: Նմանօրինակ որոշում, ըստ անհրաժեշտության, կարող է կայացվել առանձին դպրոցների համար:

Ն.Պ.

 

 

 

ԽՍՏԱՑՎՈՒՄ Է ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի աճով պայմանավորված՝ տեսչական մարմինները խստացնում են համաճարակային կանոնների պահպանման գործընթացը:

 

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանի խոսքով՝ Առողջապահական տեսչական մարմնի եւ Ճանապարհային ոստիկանության հետ սկսել են վերահսկողական աշխատանքները: «Սկսել ենք Երեւանի կենտրոնից, որովհետեւ մայրաքաղաքի երթուղիների ճնշող մեծամասնությունն անցնում է Կենտրոն վարչական շրջանով: Վերահսկողական աշխատանքները հաջորդող օրերին ավելի ինտենսիվ են լինելու: Պահանջելու ենք ուղեսրահներում ուղեւորների կողմից դիմակների պարտադիր կրումը, ախտահանիչ նյութերի առկայությունը եւ գերբեռնվածության բացառումը»,- ասել է Արտյուշ Գրիգորյանը:

Բոլոր նշված պահանջները չկատարելու դեպքում կազմվելու են համապատասխան արձանագրություններ տեսչական մարմինների ու Ճանապարհային ոստիկանության կողմից: Տեսչական մարմինների կողմից երկու, երեք օրը մեկ պարբերականությամբ իրականացվելու են շրջայցեր երթուղիների հավաքակայաններում, ավտոկայարաններում՝ հսկողություն իրականացնելու տրանսպորտային միջոցներն ախտահանելու գործընթացի նկատմամբ:

«Այսօր հիմնականում իրազեկման բնույթի գործողություններ ենք իրականացել, վարչական արձանագրություններ չեն կազմվել: Խտացվելու է վերահսկողությունը, անհրաժեշտության դեպքում կլինեն արձանագրություններ»,-ասել է նա:

Հսկողության արդյունքում արձանագրել են բազմաթիվ դեպքեր, երբ ուղեւորները, վարորդներն առանց դիմակի են, արձանագրվել են տրանսպորտային միջոցներ, որտեղ չկան ախտահանիչներ եւ այլն: Խախտումների դեպքում կլինեն պատասխանատվության միջոցներ՝ տուգանքների տեսքով: Դիմակ չկրելու համար տուգանելու է Առողջապահական տեսչական մարմինը, գերբեռնվածության վերաբերյալ ճանապարհային ոստիկանությունը կիրառելու է վարչական պատասխանատվություն: Առանց դիմակի ուղեւորներն իջեցվելու են տրանսպորտից: Գերբեռնվածության դեպքում տրանսպորտը կարող է տարվել տուգանային հրապարակ:




Լրահոս