«ԵՍ, ԼԻՆԵԼՈՎ ԿԻՆ, ԵՐԲԵՔ ՉԵՄ ՁԳՏԵԼ ՊԱՇՏՈՆԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կինը յուրահատուկ էակ է: Դեռեւս շատ հին ժամանակներից կինը համարվել է տան, օջախի պահպանողը, արժանի ուսուցիչ՝ աճող սերնդի համար, եւ հավատարիմ ընկեր՝ իր ամուսնու համար: Կնոջ առեղծվածային էության մասին կարող ենք խոսել անսպառ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը կանանց միամսայկի առթիվ սկսել է շարք, որով կփորձի բացահայտել հայտնի կանանց: Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Քրիստինե Պեպելյանն է:

 

-Քրիստինե՛, ի՞նչը կարող է կանանց երջանիկ դարձնել։

-Իմ կարծիքով՝ կանայք տարբեր են իրենց պատկերացումների, ցանկությունների եւ երազանքների մեջ, այնպես որ, միանշանակ ոչինչ աշխարհում չկա կանանց համար: Կարծում եմ, որ երջանկության մասին  պատկերացումներն իհարկե տարբեր են. որոշ կանանց կարող է երջանիկ դարձնել նույնիսկ ամենափոքր շոկոլադը, որոշներին կարող է երջանկացնել մի փունջ ծաղիկը, որոշներին  լավ խոսքը, այնպես որ, կարեւոր է, թե ով է այդ կինը եւ ինչ է սպասում կյանքից:

-ի՞նչ են ցանկանում կանայք: Կա՞ այդպիսի ձեւակերպում։

-Երեւի թե կանայք ցանկանում են խաղաղություն եւ այն ցանկանում են ոչ միայն երկրի, այլ նաեւ իրենց ընտանիքների համար: Կարծում եմ, որ, անկախ տեսակից, խառնվածքից, բնավորությունից, խաղաղությունը միակ բանն է, որ բոլոր կանայք ցանկանում են:

-Քրիստինե՛, ի՞նչ եք կարծում, կանանց միամսյակ հարկավո՞ր է։

-Կարծում եմ՝ այդ հարցը պետք է տղամարդկանց տալ: Իմ կարծիքով՝ կանանց միամսյակ հարկավոր չէ: Այն  ամեն ինչը, որը կրում է ձեւական բնույթ, ինձ համար ընդունելի չէ: Առհասարակ, կնոջը պետք է սիրել ամբողջ կյանքում, այլ ոչ միայն միամսյակի շրջանակներում. դա ավելի ճիշտ եւ ազնիվ կլինի:

-Ո՞րն է եղել Ձեր ամուսնուց ստացած ամենահիշարժան նվերը։

-Կարծում եմ, որ ամենահիշարժան նվերները դեռեւս առջեւում են:

-Քրիստինե՛, ի՞նչ եք կարծում, մեզ կին պաշտոնյաներ պակասո՞ւմ են:

-Անկեղծ ասած, պաշտոնյաների կին կամ տղամարդ լինելուն այդպես էական դեր  ու կարեւորություն չեմ տալիս: Ով ինչ ունի տալու հասարակությանն ու ժողովրդին, թե այդ մարդն ինչքան է պիտանի կլինի, դա է կարեւորը: Սովորաբար կանայք ավելի հոգատար են լինում, սովորաբար կանայք ավելի մայրաբար են վերաբերվում աշխատանքին, աշխատակիցներին, ավելի սրտացավ են մոտենում, իսկ տղամարդիկ էլ միգուցե ավելի մեծ պատասխանատվության զգացողություն ունեն, ավելի պունկտուալ են, քիչ տեղ են տալիս էմոցիաներին: Ես, լինելով կին, երբեք չեմ ձգտել պաշտոնի: Այդ հարցին ավելի լավ կպատասխանեն այն մարդիկ, ովքեր սիրում են պաշտոններ:

-Գտնվում եք օվկիանոսից այն կողմ, հետեւո՞ւմ եք արդյոք հայրենի երկրում տիրող իրավիճակին:

-Բնականաբար, Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի հետ կապված բոլոր հարցերին ամբողջ հայությունը մասնակցնում է՝ անկախ դժվարություններից, անկախ տարածքից, եւ ամենեւին էլ  կապ չունի, որ հայրենիքից հեռու ենք գտնվում: Բնականաբար, մասնակցում ենք, մեր բոլոր հնարավոր ռեսուրսները ներ ենք դնում՝ ի օգուտ մեր ժողովրդի՝ փորձելով հնարավորինս օգտակար լինել: Իհարկե, հետեւում եմ երկրում տիրող իրավիճակին, ինչպե՞ս կարող եմ չհետեւել: Դժվար է գնահատականներ տալը, հատկապես որ քաղաքական բնույթ են կրում: Ես շատ դեպքերում ցավ եմ ապրում:

-Քրիստինե՛,  ինչպե՞ս հաղթահարեցիք պատերազմի թողած դժվարությունները:

-Ես չեմ կարծում, որ հաղթահարել ենք պատերազմը: Այնպիսի կորուստներ ունեցանք, որ չեմ կարծում՝ հնարավոր կլինի ինչ-որ մեկի համար այս պատերազմի թողած հետեւանքները հաղթահարել: Մենք կորցրեցինք մի ամբողջ ոսկե սերունդ, այսքան գերիներ, հայրենիքի մի մասի կորուստ, կորցրեցինք շատ թանկ բաներ՝  եկեղեցիներ, տներ, գերեզմաններ, այնպիսի կորուստներ, որ միայն մարդկային ռեսուրսի կորուստը բավական է չմոռանալու այս ցավը: Անկեղծ ասած, դժվար է խոսելը:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ԿՏՈՆԻ ԳՐՈՂԻ 124-ԱՄՅԱԿԸ

Հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 124-ամյակի առթիվ հեղինակի տուն-թանգարանը մարտի 13-ին նախաձեռնել է մի շարք միջոցառումներ։

 

Չարենցի ծննդյան օրը տուն-թանգարանում տեղի կունենա «Չարենց-Նամե» գրքի շնորհանդեսը, նախատեսվում է Ռեգինա Ղազարյանի «Չարենցի վերջին ճանապարհը՝ հավերժություն» կտավի՝ Arloopa հավելվածի միջոցով վերակենդանացող ցուցադրությունը (առաջին անգամ տուն-թանգարանի մշտական ցուցադրությունը կհամալրվի նորագույն տեխնոլոգիայով): Միջոցառումն իր երգերով կզարդարի «Նաիրյան» վոկալ անսամբլը:

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, Երեւանի պատվավոր քաղաքացի Ռեգինա Ղազարյանը Եղիշե Չարենցի մտերմուհին էր, որին գրողը վստահել է ստեղծագործական վերջին շրջանի անտիպ ստեղծագործությունների պահպանությունը: Բանտում շապիկի թիկունքին քիմիական մատիտով գրած գրության համաձայն՝ Չարենցի կինը՝ Իզաբելլան, գրողի անտիպ ձեռագրերի մի մասը հանձնում է քսաներկուամյա Ռեգինային։ Նա զմռսում է միջին չափի մի տակառ, ձեռագրերի թղթապանակները փաթաթում մոմլաթի տարբեր կտորների մեջ եւ դասավորելով տակառում՝ պահում է հողի տակ՝ ազգականներից մեկի տան ներքնահարկում։ Տակառը բացվում է Ստալինի մահից հետո՝ 1954 թվականին, երբ արդեն «ձնհալ» էր, իսկ մեկ տարի անց Եղիշե Չարենցը ետմահու արդարացվում է:

Arloopa հավելվածի միջոցով տակառից դուրս են հորդելու Չարենցի ձեռագրերը թանգարանի ցուցասրահով, եւ այցելուն հպվելով կարող է ծանոթանալ այդ ձեռագրերի բովանդակությանը։

 

 




Լրահոս