ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ԽՈՍՏՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կառավարության նիստի ժամանակ անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի հիմնական նպատակը ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձման ժամկետի կրճատման արդյունքում հարկ վճարողների շրջանառու միջոցների ապահովումն է եւ ԱԱՀ վերադարձի մեխանիզմի կատարելագործումը։ Օրինագծով առաջարկվում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձը կատարել յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով: ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի համար նախատեսվում է կիրառել մեկ միասնական մոտեցում (ամսական վերադարձի եւ ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափի համար):

 

Նախագծով առաջարկվում է ԱԱՀ վճարող համարվելու ժամանակաշրջանին վերաբերող ԱԱՀ-ի փոխհատուցման գումարները վերադարձնել հարկ վճարողներին` անկախ գումարների վերադարձի դիմումի ներկայացման պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից: Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների պարզեցված ընթացակարգով (առանց ուսումնասիրության) միասնական հաշվին մուտքագրված լինելու դեպքում հարկ վճարողը չի կարող տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացնել ԱԱՀ-ի ճշտված հաշվարկ:

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ սա լավ հնարավորություն է տնտեսվարողների համար ավելի արագ տնօրինել շրջանառվող միջոցները եւ ներարկել դեպի տնտեսություն։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությանը, ընդգծել է. «2018 թվականի դրությամբ այս համակարգը գործում էր վեսամսյա տրամաբանությամբ։ Իմաստն այն է, որ երբ ընկերություններն արտահանում են արտադրանք, մեր օրենսդրությամբ ԱԱՀ չափով գումարը վերադարձվում է տնտեսվարողին։ 2018 թվականի մայիսի դրությամբ այդ գործընթացով գումարը վերադարձվում էր 6 ամիսը մեկ։ Բայց 2018 թվականի մայիսի դրությամբ մենք ունեինք նախկինից կուտակված ԱԱՀ վերադարձի պարտք՝ մոտավորապես 100 մլրդ դրամի։ Նախ՝ մենք առաջին փուլով էականորեն մաշեցինք այդ գումարը: Հաջորդ փոփոխությունը, որն արեցինք, այս ցիկլը փոխեցինք եռամսյա ժամկետի։ Այն ժամանակ մենք հայտարարեցինք, որ գումարները պետք է վերադարձվեն ամենամսյա կտրվածքով, եւ հիմա մենք արդեն վերադառնում ենք ամենամսյա վերադարձի փուլին»։

Վարչապետն այդ համատեքսում կարեւորել է կառավարության նախկինում ստանձնած պարտավորության եւ խոստման կատարումը, որը կնպաստի տնտեսվարողների շրջանառու միջոցների ավելացմանը. «Ըստ էության, ավելացված արժեքի հետ կապված թեման, որը տասնամյակներով շարունակվել է, գոյություն է ունեցել. այսպիսով լուծում եւ ավարտում ենք այս պրոցեսը»:

Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ մինչեւ եռամսյակին անցնելը տնտեսավարողներին ԱԱՀ-ի գծով պարտավորությունը շատ ավելին է եղել՝ 2018 թվականի դրությամբ մոտ 260 միլիարդի սահմաններում: «Ընդհանուր 2019 թ. ընթացքում վերադարձված գումարների չափը կազմել է 175 միլիարդ, իսկ 2020թ. ընթացքում՝ 139 միլիարդ դրամ: Համեմատության համար կցանկանայի նաեւ նշել, որ 2020 թվականի առաջին երկու ամիսներին՝ հունվար-փետրվար, միայն ԱԱՀ-ի գծով վերադարձված գումարները կազմել են 18 միլիարդ 518 միլիոն դրամ, իսկ 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին՝ 21.7 միլիարդ դրամ», -ասել է ՊԵԿ նախագահը:

Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ այս գործընթացը հիմնականում վերաբերում է արտահանողներին, եւ այդ առումով լրացուցիչ դրամական միջոցների հետվերադարձը խթանում է նաեւ արտահանման աճին:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ կառավարության ծրագրում ընդգծվել է արտահանմանը միտված տնտեսություն ունենալու կարեւորությունը. «Հետեւաբար սա հենց այն քայլերից է, որը լրացուցիչ խթան պիտի տա տնտեսվարողներին եւ աջակցություն լինի տնտեսվարողներին, որպեսզի արտահանումն առավել հետաքրքրական ուղղություն դառնա»:

Էդվարդ Հովհաննիսյանը հայտնել է նաեւ, որ ՊԵԿ-ում քննարկվում է նաեւ սահմանին վճարվող ավելացված արժեքի հարկի վերացման առաջարկները։ «Դա ավելի լավ եւ խթանիչ պայմաններ կստեղծի տնտեսվարողների համար, այսինքն՝ ապրանքների մաքսազերծման գծով ԱԱՀ հարկ սահմանին չեն վճարի։ Սակայն հաշվի առնելով ներկայիս վարչարարական ռիսկերը եւ այն հնարավոր առաջացող խնդիրները, որոնց զսպման ուղղությամբ պետք է վարչարարությունը կատարելագործել՝ այս փուլում դեռեւս նպատակահարմարություն չենք գտնում։ Դա մի փոքր ավելի ուշ կլինի, երբ կհասնենք հարկային կարգապահության համապատասխան մակարդակի»,- ասել է ՊԵԿ նախագահը։

Վարչապետը նշել է, որ այդ նորամուծությունը, մեխանիզմն անպայման պետք է ներդրվի:

 

 

 

ՎԱՌԵԼԻՔԻ ԳՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հաշվի առնելով ՀՀ շուկայում արձանագրված բենզինի եւ դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունները, իրականացրել է ընթացիկ ուսումնասիրություն այդ ոլորտում: Առավել մանրամասն ուսումնասիրվել են 2020թ. դեկտեմբեր եւ 2021թ. հունվար ամիսների ընթացքում բենզինի եւ դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունների պատճառները։ Հանձնաժողովը 2020թ. դեկտեմբերի 1-ից մինչեւ 2021թ. հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում արձանագրել է վառելիքի տարբեր տեսակների իրացման գների թանկացումներ՝ մասնավորպես 10-ից մինչեւ 30 դրամի սահմաններում։

 

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բեզինի եւ դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունները պայմանավորված են մի քանի հիմնական գործոններով՝

l նավթի եւ նավթամթերքի համաշխարհային շուկաներում տեղի ունեցած գործընթացներով, մասնավորապես՝ շուկայական գործընթացների բնականոն ընթացքի վերականգնմամբ,

l ՀՀ դրամի փոխարժեքի արժեզրկմամբ,

l ձեռքբերման գների բարձրացմամբ։

Նավթի եւ նավթամթերքի համաշխարհային շուկայում տեղի ունեցած գործընթացներն իրենց արտացոլումը գտան նաեւ ՀՀ-ում, երբ 2020թ. փետրվարի 26-ից մինչեւ մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում բենզինի եւ դիզելային վառելիքի իրացման գները նվազեցին մինչև 26%-ով։

Համաշխարհային տնտեսական գործընթացների վերականգմանը զուգընթաց նաեւ սկսվեց կարգավորվել նավթի եւ նավթամթերքի շուկաներում պահանջարկը, ինչը նպաստեց նավթի գների բարձրացմանը, մասնավորապես՝ 2020 թվականի ապրիլ եւ 2021 թվականի փետրվար ամիսներին «Brent» տեսակի նավթի բորսայական միջին գինը բարձրացել է շուրջ 134%-ով։

Հանձնաժողովը իրացման գների բարձրացման պատճառները պարզելու նպատակով ուսումնասիրել է առավել խոշոր ներկրման ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտների կողմից վառելիքի ձեռքբերման գները։

Ձեռքբերման գների ուսումնասիրությունը նաեւ ցույց է տվել, որ մոտ ապագայում վառելիքի գները կարող են նորից բարձրանալ, քանի որ որոշ տնտեսվարող սուբյեկտների կողմից 2021 թվականին ձեռք բերված խբաքանակները դեռեւս չեն իրացվում, եւ առկա մնացորդների ավարտից հետո առավել թանկ գնով ձեռք բերված խմբաքանակների իրացումը կարող է հանգեցնել իրացման գների լրացուցիչ բարձրացման։

 

 

 

ԱՌԱՆՑ ՓՈՂԻ ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐ

Պայմանագրային զինծառայողները հայտնեցին, որ նոյեմբերի 9-ին փորձել են բանկային քարտի միջոցով իրենց աշխատավարձի գումարը ստանալ  «Ակբա կրեդիտ ագրիկոլ»  բանկի Նոյեմբերյանի մասնաճյուղի բանկոմատից, սակայն բամկոմատը մեկ անձին  40 հազար դրամից ավել գումար չի տրամադրել։ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանագոտին պաշտպանող պայմանագրային զինծառայողները հաջորդ օրը՝ նոյեմբերի 11-ին, փորձել են իրենց  աշխատավարձերի գումարները ստանալ Նոյեմբերյան քաղաքի «Ակբա կրեդիտ ագրիկոլ» եւ «Արդշինբանկ»-ի բանկոմատներից, սակայն այդ բանկոմատներում դրամ ընդհանրապես չի եղել։ Գումար  եղել է  «ՎՏԲ» բանկի Նոյեմբերյանի մասնաճյուղի բանկոմատում, սակայն այդ բանկի բանկոմատը գումարներ տրամադրելիս մեծ տոկոսով պահումներ է  կատարում։

 

 

 

ԳՈՒՄԱՐԸ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ

2020թ. աշնանը՝ Արցախում տեղի ունեցած պատերազմի ժամանակ, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղից ժամկետային 2 զնծառայողներ՝ Լեւոն Արկադիի Գրիգորյանը եւ Դավիթ Ժորայի Գեւորգյանը, վիրավորվել են։ Նրանք այժմ շարունակում են ծառայությունը  ՀՀ զինված ուժերում։ Ոսկեպարցի 2 զինծառայողները չեն ստացել Արցախում վիրավորվածներին տրվող 500-հազարական  դրամները։ Ոսկեպարցի զինծառայողների ծնողները չգիտեն, թե ինչ է պատճառը, որ նրանց վիրավորվելուց 6 ամիս հետո նրանք  դեռեւս չեն ստացել այդ գումարները։ Փորձեցի այդ հարցի պատասխանը ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից, սակայն  իմ հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

 

 

 

ՀԱՅՏՆԵԼ Է

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ պետք է  բազմապատկել մարզում իրականացվող ծրագրերի ծավալները եւ դրանց արդյունքները՝ նշելով, որ դա հնարավոր է: Նա  գրել է, որ այս տարի  կառավարություն է ներկայացվել Տավուշում  իրականացվելիք շուրջ 8 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որը  4 անգամ ավելի է, քան 2020թ. եւ 6 անգամ ավելի, քան 2019 թվականին։ Մարզպետը չի հայտնել, որ կառավարություն ներկայացված 8 միլիարդ դրամի ծրագրերից քանի  ծրագիր կֆինասավորվի, քանի միլիարդ դրամի չափով։ Մարզպետ Հայկ Չոբանյանը աչքի է ընկնում մեծ խոստումներով, որոնք իրականության հետ կապ չունեն։ 2019թ. մայիսի 17-ին Իջեւանի  տարածաշրջանի Ենոքավան գյուղում իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ ունեցած մամուլի ասուլիսի  ժամանակ նա հայտարարեց, որ  մեր հայրենակիցների հայրենադարձության ծրագիր են իրականացնելու եւ 5 տարում  արտերկրից  5000 ընտանիք են վերաբնակեցնելու Տավուշի մարզ։ Նույն այդ ասուլիսի ժամանակ Հ. Չոբանյանը հայտարարեց, որ  առաջիկա 2 տարվա, այսինքն՝ 2019-2021 թվականների  ընթացքում Տավուշի մարզում  չի լինի  չօգտագործվող հող։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս