ԿԼՈՒԾՎԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՀԱՐՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործադիրը հավանություն է տվել «ՋիԷմ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի ներկայացրած` Շինարարների փողոց հ.23/9 հասցեում գտնվող հողամասում նախատեսվող ներդրումային-սոցիալական ծրագրին, ինչպես նաեւ համաձայնություն է տրվել Երեւան համայնքի վարչական տարածքում գտնվող տվյալ հասցեում հողամասը ընկերությանը ուղղակի վաճառքի ձեւով օտարելուն բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու նպատակով:

 

Ընկերությունը հանդիսանում է Երեւանի Շինարարների փողոցի հ.23/1 հասցեում գտնվող հողամասի սեփականատերը, որտեղ նախատեսվում է իրականացնել 18 վերգետնյա եւ 2 ստորգետնյա հարկեր ունեցող ընդհանուր 11 556 քմ. մակերեսով բնակելի շենքի կառուցապատման աշխատանքներ: Շինարարների փողոցի հ.23/1 հասցեի հարեւանությամբ տեղակայված է մեծ մաշվածության աստիճան ունեցող 3-րդ կարգի վթարային աստիճան ունեցող Շինարարների փողոցի հ.23 հասցեում գտնվող շենքը, որն ունի 36 բնակարան՝ մոտ 2000 ք/մ մակերեսով: Բնակիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ վերջիններս մտավախություն են հայտնել՝ շենքի վիճակի ավելի վատթարանալու հետ կապված: Արդյունքում, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նոր կառուցվող շենքից բնակիչներին կտրամադրվեն բնակարաններ, եւ կլուծվի նրանց վերաբնակեցման խնդիրը: Ընկերությունը պարտավորվում է նաեւ Շինարարների փողոցի հ.23 եւ հ.23/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցումից հետո չկառուցապատվող 750 քմ մակերեսով հողամասը բարեկարգել եւ կանաչապատել:

Հիմնավորման համաձայն՝ Երեւանում առկա վթարային շենքերի զգալի մասը տեղակայված են Աջափնյակ վարչական շրջանում: Շենքը կառուցվել է 1960-ական թվականներին, ունի զգալի մաշվածության աստիճան, գտնվում է անմխիթար վիճակում: Շենքի հիմնապատերին առկա են խորը ճաքեր եւ դեֆորմացիաներ, եւ ենթակա է քանդման:

Վարչապետը կարեւորել է ընդունված որոշումը եւ նշել, որ ծրագիրը բավականին երկարատեւ քննարկումների արդյունք է: «Գաղափարը հետեւյալն էր. շինարարական ներդրումային հետաքրքրություն ունեցող տարածքներում գտնվող վթարային շենքերի տարածքները հատկացնել ներդրողին կառուցապատման համար՝ այն պայմանով, որ վերջինս կապահովի տվյալ շենքում ապրող քաղաքացիների տեղափոխումն այլ բնակելի տարածք եւ նոր շենքը կառուցելուց հետո այդ ընտանիքներին կհատկացնի նոր բնակարաններ», – ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ գործարկվել է մեխանիզմ, որով առնվազն առաջին փուլով Երեւանի վթարային շենքերի խնդիրը կլուծվի, եւ հույս է հայտնել, որ հետագայում այն կիրականացվի նաեւ մարզերում:

Սուրեն Պապիկյանը հայտնել է նաեւ, որ քննարկումների արդյունքում որոշվել է՝ կառուցապատող ընկերությունն ու վթարայինի բնակիչները իրավահարաբերություններն իրար հետ են որոշում, բնակիչը կարող է կառուցապատողից ստանալ ինչպես նոր բնակարանը, այնպես էլ դրա գումարը եւ այլ տեղ բնակարան գնել։  Վթարային շենքերը հիմնականում Երեւանում, Շիրակի ու Լոռու մարզերում են։

 

 

 

 




Լրահոս