Հայաստանում մեկ տարվա ընթացքում բավականին ավելացել է մահացածների թիվը․ այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ մահացածների թիվն ավելացել է 728-ով։ Պաշտոնապես, այս տարվա հունվարին մեր հանրապետությունում մահացել է 3295 մարդ։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ հիմնականում մահանում են սրտանոթային հիվանդություններից, քաղցկեղից: Ամենամտահոգողն այն է, որ գրանցված մահացության դեպքերի կեսից ավելիի պատճառն եղել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց մի մասը սրտամկանի սուր կաթվածն է, իսկ մի մասն էլ` հիպերտոնիկ հիվանդությունները:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանում այս տարվա հունվարին սրտանոթային հիվանդություններից մահացել է 1638 մարդ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 1461: Անցած տարվա համեմատ աճ կա, այդ պատճառով սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ մահվան դեպքերի պատճառների ցանկի առաջատար դիրքերում: Հայտնի է, որ մեր երկրում սրտանոթային հիվանդությունների տարածվածությունը լուրջ խնդիր է, որի պատճառով երիտասարդ շատ մարդիկ են մահանում: Մասնագտների համոզմամբ, գլխավոր «մեղավորները» զարկերակային բարձր ճնշումն է, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը, ֆիզիկապես ոչ ակտիվ կյանքն ու անառողջ` հիմնականում ճարպերի վրա հիմնված սնունդը: Մասնագետները նաեւ պնդում են, որ այս հիվանդությունների կանխարգելումն ավելի էժան եւ արդյունավետ է, քան դրանց բուժումը: Չէ որ մեր երկրում սրտի միայն մեկ անոթը ստենտավորելու համար մոտ մեկ մլն դրամ եւ ավելի է անհրաժեշտ, իսկ վճարովի հիվանդասենյակի, անհրաժեշտ դեղորայքի, որը եւս թանկ է, հետազոտությունների մասին լռում ենք: Եւ բազմաթիվ են այն մարդիկ, որոնք մահանում են երիտասարդ տարիքում հենց այդ հիվանդությունների պատճառով, քանի որ գումար չունեն սրտի ստենտավորման համար:
Մահվան ամենատարածված պատճառներից հաջորդը նորագոյացություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները: Պաշտոնապես Հայաստանում այս տարվա հունվարին քաղցկեղից մահացել է 420 մարդ, իսկ նախորդ տարի այս հիվանդությունից մահացածների թիվը կազմել է 516: Թեեւ մեկ տարվա ընթացքում քաղցկեղից մահացածների քանակը 96-ով պակասել է, բայց այնուամենայնիվ այս ցուցանիշները շարունակում են մտահոգել մասնագետներին, որոնց մասին նրան մշտապես ահազանգում են։ Մասնագետների ներկայացմամբ, եւ սթրեսը, եւ շրջակա միջավայրը, եւ սննդակարգը համատեղ ազդեցություն են ունենում նշված երկու հիվանդությունների աճի վրա: Իսկ դրանց կանխարգելումը որոշակիորեն կապված է մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման հետ: Ի դեպ, ՀՀ վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել նաեւ Covid-19-ից մահացածների վերաբերյալ, ըստ որի՝ մեր հանրապետությունում նշված վարակից այս տարվա հունվարին մահացել է 390 մարդ։ Մյուս կողմից դժբախտ պատահարներից, թունավորումների եւ վնասվածքներից մահացածների քանակն է զգալի ավելացել։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա հունվարին դժբախտ պատահարներից, թունավորումներից եւ վնասվածքներից մահացել է 306 մարդ, իսկ նախորդ տարում 79։
Սյունէ Համբարձումյան